«Երկնքից տասը խնձոր ընկավ»


Թեև մարդն իր ապրած կյանքով է օրինակ իր զավակին, այնուամենայնիվ, յուրաքանչյուր առաքելական ընտանիք կցանկանա իր տանն ունենալ մի գիրք, որի միջոցով իր զավակն աննկատ (ամեն գիշեր քնից առաջ լսելով կամ կարդալով այդ հեքիաթները) կմեծանա որպես հայ քրիստոնյա` փոքրուց արդեն գիտակցելով, որ չի կարելի գողանալ, որ դավաճանությունը վատ բան է, որ ուրիշի ունեցածը քոնը չէ, սուտ չի կարելի խոսել, Աստծո անունը զուր տեղը չի կարելի բերանն առնել... այսինքն` այն, ինչ քարոզում են քրիստոնեական կրոնն ու մեր Առաքելական եկեղեցին: Եվ ահա «Նե» հրատարակչությունը վերջերս մանուկների համար հրատարակեց մանկագիր Սուրեն Մուրադյանի «Երկնքից տասը խնձոր ընկավ» գիրքը, որտեղ զետեղված 10 հեքիաթների համար հիմք են հանդիսացել աստվածաշնչյան 10 պատվիրանները: Անշուշտ, մանուկների գիտակցությանն անհասանելի են պատվիրանների խորհուրդ ները, սակայն «Նե» հրատարակչության տնօրեն Անահիտ Ամիրյանն ու մանկագիրը գտան ելքը. այն պատվիրանները հեքիաթների տեսքով մատուցելու լավագույն տարբերակն էր: - 20-ամյա որդիս` Վիգեն Հակոբյանը, որ այժմ ժամանակավորապես բնակվում է օվկիանոսից այն կողմ, մի առիթով ինձ հայտնեց փոքրիկներին առաքելական հավատի մարդ դաստիարակելու համար հիմնավոր գրականության բացակայության վերաբերյալ իր մտահոգությունը: Նա էլ առաջարկեց պատվիրանների թեմաներով հեքիաթների գիրք հրատարակելու գաղափարը, հեքիաթներ, որոնք մատչելի կլինեն 3-ից մինչև... հասուն տարիքի «երեխաների» համար: Մեկ տարի առաջ նախաձեռնեցինք գաղափարն իրականություն դարձնելու առաքելությունը,- ասում է Անահիտ Ամիրյանը: Չլիներ Անահիտ Ամիրյանի ոգևորությունը, հավանաբար Սուրեն Մուրադյանը դարձյալ կշարունակեր մանուկների համար հեքիաթներ գրել, բայց ոչ աստվածաշնչյան թեմաներով: - Յուրաքանչյուր հեքիաթի վրա երկար եմ մտորել, որովհետև սյուժեներում իրականն ու դիցաբանականը ներդաշնակորեն այնպես պետք է միահյուսվեին, որ երեխաները հավատային դրանց: Նախ հեքիաթները պետք է իրական կերպարներ ունենային, կարծում եմ` այն հաջողվել է: Հատկապես դժվար գրվեց «Մի շնանար» պատվիրանը, որովհետև այդտեղ փոքրիկների բարոյական հասկացությունը կար և պետք էր, որ այն պատշաճ մակարդակով ներկայացվեր, որ այդ իմաստով նրանց հոգիները չհիասթափվեին: Այդ պատվիրանը կոչեցի «Աքլորակռիվ»: Այսօր 10 հազար տպաքանակով հրատարակված այս գեղեցիկ գիրքը պատրաստ է թակելու յուրաքանչյուր երեխայի հոգու դուռը, և ինչպես Արարատյան Հայրապետական թեմի փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է ասում. - Երեխան այս հեքիաթները կարդալիս, անշուշտ, հայրենասեր կդառնա, հոգով ու սրտով կծառայի Աստծուն, հայրենիքին և ծնողներին, դրանով իսկ ամբողջացնելով իր բարոյական կերպարը: Հեքիաթներն առավել մատչելի են դարձնում շնորհալի նկարչուհի Սոնա Սագրադովայի նկարազարդումները: Գիրքն ունի նաև ձայներիզ, հեքիաթները կարդում է Անի Ամիրյանը, երաժշտական ձևավորումը իրականացրել է Լուսինե Դավթյանը: Ի դեպ, Անահիտ Ամիրյանը պարգևատրվեց Գերմանիայի Հանովեր քաղաքի գրական աշխատողների համար նախատեսված «Սուրբ Գևորգ Անհաղթ» շքանշանով:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ