Թե ինչպես Սատանան անապատի վերածեց Սիրո պարտեզը


Ամենակարո՞ղ է սերը: Կասկած չկա` կպատասխանեն բոլոր ժամանակների սիրահարները: Կասկած չի կարող լինել` մտածում ես Էդուարդ Օլբիի «Սեր, փող, սատանա» («Բոլորը պարտեզում են») պիեսի բեմադրության (հեղինակ` Հրաչյա Ղազարյան) ներկայացման առաջին տեսարաններում Ջեննիի (Ալլա Վարդանյան) ու Ռիչարդի (Սամվել Փիլոյան) մեկուկես տասնամյա համատեղ կյանքի ընթացքում ամենևին չխաթարված փոխադարձ զգացմունքի սիրառատ ու խենթավուն հավաստիացումներից սրտապնդված: Մայր թատրոնի բեմում ձևավորված (բեմանկարիչ` Գարեգին Եվանգուլյան) համեստ պարտեզը մտովի լրացնում ես եդեմականի գույներով: Եթե սիրում ես ու սիրված ես, առանց շարժիչով փոխհարիչի ու ծաղկաջերմոցի էլ երջանիկ կլինես, և ամենասովորական սայլակը քեզ համար արքայական կառքի կվերափոխվի: Սիրո հովվերգությունը, ավաղ, օճառի պղպջակի նման հօդս է ցնդում, երբ հասարակաց տան տիրուհի միսսիս Տուզի (ՀՀ ժող. արտիստուհի Ժենյա Ավետիսյան, Հասմիկ Ալեքսանյան) կերպարանքով Սիրո պարտեզ է սողոսկում Սատանան: Պարզվում է, քաղքենիական նկրտումները երբեք էլ խորթ չեն եղել Ջեննիին. չլինեին «Պրոգրես» ակումբի անդամ, կկարողանային կանոնավոր սնվել... Պաշտելով Ջեննիին` Ռիչարդը տքնաջան աշխատանքով ջանացել է որոշ բավարարություն ապահովել սիրած էակի այդ նկրտումների, որպես կանացի քմահաճույքների, համար` բացառելով հանուն փողի որևէ մեկի առաջ նրա մեջք ծռելու անհրաժեշտությունը: Ճիշտ ժամանակին հայտնվելով` միսսիս Տուզը փորձառու կավատի հնարամտությամբ շլացնում է թղթադրամների անսպասելի տեղատարափով գայթակղված, շփոթահար Ջեննիին: Վարդանյանի հերոսուհին կարճատև ներքին խռովքից ու վեհերոտ ընդդիմությունից հետո դյուրությամբ ներքաշվում է քողարկված մարմնավաճառության ու կեղծիքի ճահիճը` անաղարտ սիրո վայելքները ստորադասելով հարստանալու մոլուցքին: Խայթվում է Փիլոյանի Ռիչարդը ծաղիկների մեջ օձերի նման բույն դրած փողի ծրարներից, ծնկաչոք ու արտասվախառն հերքում-փրկություն խնդրում Ջեննիից: Անդրդվելի է անճանաչելիորեն նենգափոխված Վարդանյանի Ջեննին: Գեղեցիկ արտաքինն ավելի է սրում այլանդակվող ներքինի նկատմամբ աճող արգահատանքդ: Չես ներում այս Ջեննիին իր ունեցած ամենաթանկարժեք գանձը` Ռիչարդի սերը մամոնայի բագինին զոհաբերելու համար: Ի՞նչ իմանար որդու` Ռոջերի համար գնված ծաղրածուի զգեստներով Ջեննիին զվարճացնող Ռիչարդը, որ շուտով սեփական տանը շրջելու է որպես հանգուցյալ, արժանապատվությունից զուրկ մի խեղկատակ` մատուցարանի փոխված «արքայական կառքով» ուտեստ ու խմիչք մատուցելով մարմնավաճառությամբ բարեկեցիկ կյանք վարող Ջեննիի ընկերուհիներին` Բերիլին (Մարիաննա Մխիթարյան) ու Լուիզային (Անի Միքայելյան) և նրանց ինֆանտիլ, ամոթի և արժանապատվության զգացումները իրենց կանանց մարմինների հետ վաճառած ամուսիններին` Հիլբերտին (Ռազմիկ Խոսրոև) ու Չաքին (Ալեքսանդր Թադևոսյան): Լավ կլիներ, որ բեմադրական հնարքներով ընդհանրացվեր բարոյալքված հասարակության այս թատրոնական պատմությունը մերօրյա ինչ-ինչ աղերսներով, հատկապես մեր ավանդապահ ազգային նկարագիրն անդառնալիորեն աղճատող հոգևոր ու ֆիզիկական մարմնավաճառության մերկացմամբ, ավելի համարձակ դուրս գար Օլբիի պիեսի ընդգրկման նեղ-անձնական սահմանափակ շրջանակից` խորացնելով ամենաանմեղ զոհի` Ռիչարդի և այլասերված միջավայրի հակադրությունը: «Սեր, փող, սատանա»-ն բեմական դեպքերի ծավալմանը զուգընթաց հիմնականում գրավում է հանդիսատեսի ուշադրությունը ներկայացվող հերոսների, հատկապես Ջեննիի, Ռիչարդի ու Ջեկի, կենսաթրթիռ դերակատարումներով` ձևավորելով սիրային ավանդական եռանկյունու մի նոր պատկեր: Միագիծ սյուժետային գծի թատերայնացմանը կենսական աշխուժություն է հաղորդում Կարեն Ջանգիրովի` տրագիկոմիկական անբռնազբոսիկ լուծումներով կերպավորած Ջեկը` առաջին հայացքից թղթախաղով տարված ցինիկ մի հարբեցող: Մինչդեռ այս չկայացած նկարիչը ընդունակ է սիրելու և մարդկանց անողոք ճշմարտությամբ ձաղկելու, պարզապես գերադասում է անհոգ զվարճասերի դիմակը: Գաղտնի անառակատներ աշխատեցնելով հարստացած, ոստիկանական հետապնդումներից խորամանկությամբ սպրդող միսսիս Տուզի առերեսման հանգուցային դրվագում ազդվում ես այս «անլուրջ» մարդու դրամատիկ ապրումներից: Զգացական ընկալումդ սրվում է, երբ նրա սիրո անուրջների դիցուհու պատվանդանից անբարոյականության անդունդը գլորված Ջեննիի ու բազկաթոռում, որպես փրկօղակում, ներամփոփ, կենսական իմպուլսներից անգթաբար զրկված Ռիչարդի` իր երբեմնի բարեկամների հանցավոր թողտվությամբ, նրանց իսկ պարտեզի ջրավազանում Հիլբերտն ու Չաքը խեղդամահ են անում խնամքով թաքցվող այլանդակության քողը պատռած Ջեկին: Կարիճները շուտափույթ ճողոպրում են` ապահովագրելով իրենց ստորաքարշ գոյությունը հնարավոր վտանգից: Սատանայի կամակատարները անապատի են վերածում Սիրո պարտեզը` զգայացունց դողէրոցքի մեջ թողնելով նրա ամենաջանասեր սպասավորը դարձած Վարդանյանի Ջեննիին` իրեն անկեղծորեն սիրած տղամարդկանց ֆիզիկական ու հոգևոր դահճին: Չսթափվելով կեղտոտ փողերի բուրմունքի հիպնոսից` այս Ջեննին ոչ այնքան ցավ ու ամոթ է զգում Ջեկի պիջակի գրպանից գտնված կտակը կարդալիս, որքան իր նոր որդեգրած ապրելակերպի պահպանման հույս. «Մենք դեռ կապրենք, Ռիչարդ»: «Ռո¯-ջե¯ր»,- լինում է կնոջ մարմնավաճառության փաստի բացահայտումից դեպրեսիվ հոգեվիճակում անկիրք ռոբոտի վերածված Ռիչարդ-Փիլոյանի հեռավոր արձագանքի պես տարածվող պատասխանը: Ոչ մի կերպ չես համակերպվում ազնիվ ու բարեհոգի այս Ռիչարդի թուլակամ հարմարվողականության հետ, բայց Սամվել Փիլոյանի հոգեբանական զուսպ խաղի վարակիչ անկեղծության անմիջական տպավորությամբ խղճահարվում ես նրա հերոսի խորտակված կյանքի նկատմամբ: «Ռի¯-չա¯րդ,- ուզում ես ձայնել դահլիճից ավարտական տեսարանի հարուցած հուզախառն տրամադրությամբ,- արիացի°ր, չէ՞ որ դու սիրե°լ գիտես»: Ձայնդ խեղդվում է կոկորդումդ: Ցավով նկատում ես, որ այս Ռիչարդին այլևս ոչի°նչ չի փրկի` նա ընդամենը մի կենդանի դիակ է:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ