Մենք չենք ասում


- Փոխնախագահ Գյուրջյանի հայտարարությունն ու ոգևորությունը, ճիշտն ասած, ես չհասկացա: Ինքը չպետք է ոգևորվեր, որ վերջիվերջո եկեղեցին վերածվել է թանգարանի ու շնորհակալություն հայտներ դրա համար: Իր գոհունակության խոսքը պետք է ուղղեր Թուրքիայի մշակույթի նախարարությանը հրավերքի և ջերմ ընդունելության համար,- այսպես է որակել թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Վանա կղզում ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ պետական այրին ոչ վայել, անհարկի ուրախության դրսևորումը: Հավանաբար այնտեղ ամեն ինչն է ջերմ եղել` կլիման, Վանա տառեխի խորովածը, մատուցվող գինին: Ու այդ «ջերմությունն» էլ թուրքական կողմի ամեն քայլի արդարացման քարոզի տեսքով հնչեց Հայաստանում: Տարօրինակ է (մեղմ ասած), որ փոխնախարարը շողոմության հասնող հորդորով է խոսում խաչազրկված եկեղեցու կողքին թուրքական կրկնակի դրոշների գոյությունը` չնկատելով Հայկանի բացակայությունը... Այսպիսի բաներ, տիարք պաշտոնյայք: Ուրացությունն ուրիշ ինչպե՞ս է լինում: Թեյը` թեյնիկո՞վ, թե՞ բաժակով եք ուզում - Դեռևս դեկտեմբերին, երբ Թուրքիայի ազգային մեծ ժողովում քննարկվում էր արտգործնախարարության բյուջեն, Աբդուլլա Գյուլը իր ելույթում ասաց. «Թուրքիայի առաջնահերթ խնդիրը առաջիկա տասը տարիներում լինելու է Հայոց ցեղասպանության հայկական պնդումների դեմ պայքարը: Մենք բոլոր միջոցներով պետք է կասեցնենք այդ գործընթացը, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը խանգարում է երրորդ երկրների հետ մեր հարաբերություններին: Հետևաբար չպետք է զարմանալ, որ նրանք Վանա կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացումը պետք է քաղաքականացնեին և այն օգտագործեին իրենց քարոզչական նպատակների համար: Բայց միանշանակ ասել, որ եկեղեցու վերանորոգումը բացասական փաստ էր, ես չեմ կարող»: Սա Թուրքիայի պատմության մեջ առաջին դեպքն է, որ պետական միջոցներով եկեղեցի է վերակառուցվում: Մինչ այդ միշտ քանդվել է: Եվ զարմանալի է, որ հեռուստաալիքներով ու մամուլով այլ կարծիքներ են տարածվում,- ասում է թուրքագետ Երվանդ ՉԱՔՐՅԱՆԸ: Իհարկե, ներկայիս թուրքերն էլ հեռու չեն մշակույթներ ոչնչացնող իրենց նախնիներից, ինչի մասին վկայում է այն փաստը, որ. - Վաթսունական թվականներին պետք է զինվորականների կողմից քանդվեր նաև Աղթամար եկեղեցին: Միջամտել է հայտնի քուրդ գրող Յաշար Քեմալը: Այդ օրերին պատահմամբ Վանում է եղել մշակույթի նախարարը, և գրողը նրան է դիմել: Նախարարը զանգահարել է Անկարա և կանխել եկեղեցու պայթեցումը,- պատմում է Ե. Չաքրյանը: Թուրքագետը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե թուրքական կողմը չի նշել, որ վերանորոգվածը հայկական մշակույթի կոթող է: Նախ նա նկարագրում է, թե ինչ վիճակում է եղել Սուրբ Խաչը վերականգնումից առաջ, իսկ հետո հավաստում, որ թուրքերը, այնուամենայնիվ, ասել են, որ այն հայկական հուշարձան է. - Մինչև եկեղեցու վերանորոգումը ես մի քանի անգամ եղել եմ այնտեղ. դուռ չկար, հատակը քարուքանդ էր, խորանը ջարդուփշուր էր արված: Քանդում էին ոսկի որոնողները` ենթադրելով, թե այնտեղ կարող է թաքցված հարստություն լինել: Պատերի շուրջ բոլորը քանդակներ են` Նոր Կտակարանի պատկերներով: Ովքեր եղել են այնտեղ, նկատած կլինեն քանդակների վրայի փամփուշտների հետքերը: Ոմանք եկեղեցում կրակել են սովորել: Թանգարան դառնալով` այն փրկվեց: Սխալ է այն պնդումը, թե նրանք թաքցրել են եկեղեցու ծագումը: Բոլոր թուրքական թերթերը գրել են, որ Հայկական եկեղեցին վերաբացվեց որպես թանգարան: Ի միջի այլոց, ինչ վերաբերում է խաչի տեղադրմանը, բանախոսը պնդում է, թե Հայաստանից մասնագետներ են գնացել-եկել, տեսել են` ինչ է կատարվում: Ավելի քան մեկ տարի նրանցից ոչ մեկի մտքով չի անցել բարձրացնել խաչի հարցը: - Հենց բացումը մոտեցել է, արդեն մեր մշակույթի նախարարը հրավերք է ստացել մասնակցելու արարողությանը: Հանկարծ սկսում են խոսել այդ մասին: Բա ո՞ւր էին մինչև հիմա, ինչո՞ւ չէին խոսում,- հարցնում է Չաքրյանը: Այսպես էլ է պատահում. լինում են դեպքեր, երբ ասենք երկրաբանը սկսում է իրեն պարտավորված զգալ ոչ թե իր մասնագիտության, այլ ապարի հանդեպ: Եվ նա սկսում է ապարը պաշտել: Գիտության համար սա նոր երևույթ չէ, ու հավանաբար այս նույն հոգեվիճակում է հայտնվել նաև մեր հարգելի թուքագետը: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել նրա խոսքերում տրամաբանության բացակայության փաստը: «Սրբատեղի վերանորոգել» արտահայտությունը աշխարհում ոչ մեկը չի հասկանում` պատերը վերականգնել, այն որպես կինոթատրոն կամ պահեստ օգտագործելու համար: Բոլորը հասկանում են, որ այն նորից պետք է դարձնել կրոնական ծիասկատարությունների օջախ, Աստծո տուն` անկապտելի իր բոլոր խորհրդանիշերով հանդերձ: Հետևաբար, առնվազն անհեթեթ է այս պնդումը, թե նորոգումից առաջ Սուրբ Խաչ եկեղեցի այցելած մասնագետները պետք է նախօրոք բարձրացնեին գմբեթին խաչ տեղադրելու հարցը: Այդ նույնն է, թե տունդ եկած հյուրին թեյը թեյնիկով տաս, որովհետև նա նախապես չի շեշտել, որ թեյը բաժակով է ուզում: Որպես թեմայի շարունակություն ասենք, որ այս հարցով հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը: Որքան մեզ է հայտնի` ՀԴԿ-ն կուսակցություներից միակն է, որ նախընտրական թոհուբոհում կարողացել է ժամանակ «գտնել» և անդրադառնալ այնպիսի մի «մանր» խնդրի, ինչպիսին Սուրբ Խաչ եկեղեցու, իսկ ավելի ստույգ ազգային պատմամշակութային խոշոր արժեքի բացման արարողությունն է: Մեջբերենք մի հատված հայտարարությունից. «Կատարվածի վնասի չափը դժվար է գնահատել: Թուրքիան ծրագրել էր շահել եկեղեցու «նորոգումից» և շահեց` յուրացնելով, թրքացնելով և աղավաղելով մեր մշակույթի ևս մի կոթող` հատակի խաչքարերը բետոնապատելով, խաչը եկեղեցու գլխից հանելով, եկեղեցին Աթաթուրքի նկարով և թրքական դրոշներով զարդարելով և հայ հոգևորականի թրքալեզու բերանով հայկական եկեղեցին Անատոլիական մշակույթի թանգարան կոչելով: Ավելին, Հայաստանի պետության ներկայացուցիչներին այդ ամենին մասնակից դարձնելով, թուրքական հիմնը լսել տալով, նրանք կարողացան աշխարհին ներկայանալ որպես ժողովուրդների բարեկամության ջատագով և մշակութային արժեքների պաշտպան: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, եթե չկանխենք, տեղի է ունենալու նաև վաղը` Ախթամարին հաջորդելու է Անին և այդպես շարունակաբար»:

Գ. ԱԲԳԱՐՅԱՆ