Զինվորական համազգեստը հայրենասիրության խորհրդանիշ է


ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, գնդապետ Ժաննա Առաքելյանը զինվորական համազգեստի մեջ էլ կանացի է, մեղմ ու բարեհամբույր: Նրա ներաշխարհում ներդաշնակորեն համատեղվում են հոգատար մայրն ու բարձրաստիճան զինվորականը, հմուտ տնտեսուհին ու գործնական կինը: - Զինվորականների մեծ մասը մանկուց է երազել համազգեստ կրել, ծառայել բանակում: Ո՞րն է եղել Ձեր մանկության երազանքը: - Ես ծնվել եմ Գյումրիում: Հայրս դպրոցի տնօրեն էր, մայրս` ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի: Ես ընտանիքի միակ երեխան էի: Ծնողներս բնավորությամբ տարբեր էին: Հայրս խիստ, արդարամիտ, կարգապահ ու պատասխանատու մարդ էր, իր վարքով ու էությամբ` օրինակելի, սիրում էր լավագույնը լինել, գործունյա էր, բազմազբաղ: Նա մեծ հեղինակություն ուներ քաղաքում, ճանաչված էր: Մայրս մեղմ, բարի, զգացմունքային կին էր, շատ հեշտ էր շփվում մարդկանց հետ, շուտ էր մտերմանում: Նա մի տեսակ վստահություն էր ներշնչում, նրան սիրում էին: Նրանից լույս էր ճառագում, շատ զարգացած էր, հարուստ բառապաշար ուներ և շատ գեղեցիկ էր խոսում: Աշակերտները պաշտում էին մորս, մինչև կյանքի վերջ սաները այցելում էին նրան: Ես մեծացել եմ սիրո, համերաշխության, ջերմության մթնոլորտում, շուրջս տեսել եմ նրբանկատություն, գեղեցկություն, կարեկցանք, շփվել եմ արվեստի հետ: Երաժշտական կրթություն եմ ստացել: Ու պատահական չէր, որ մանկության տարիներից երազում էի բժշկուհի դառնալ. այդ մասնագիտության ամենաբնորոշ հատկանիշը կարեկցանքն է, կողքինի ցավը մեղմելու, օգնելու պատրաստակամությունը: - Դուք բնավորությամբ Ձեր մո՞րն եք նման: - Ոչ, հայրիկիս: Հորս գեներն ավելի արտահայտված են իմ մեջ: Ես հորս պես կազմակերպված եմ, կարգապահ, սկզբունքային, գործունյա, նպատակասլաց: Կայուն բնավորություն ունեմ, ազդեցության չեմ ենթարկվում: Ես հաջողություններ ունեի երաժշտական դպրոցում, ուսուցիչներս ասում էին, որ ինձ մեծ ապագա է սպասվում, կարող եմ հռչակավոր դաշնակահարուհի դառնալ, և համոզում էին ինձ ուսումս շարունակել երաժշտության ասպարեզում: Նրանք նույնիսկ կանչեցին ծնողներիս, որպեսզի նրանց միջոցով համոզեն ինձ: Սակայն ես անդրդվելի էի ու, ինչպես որոշել էի, դիմեցի բժշկական ինստիտուտ: - Ի՞նչ մարդկային որակներ են պետք լավ բժիշկ դառնալու համար: - Ինտերնատուրայում սովորելու ժամանակ ես մասնագիտանում էի Նորքի զանգվածի հիվանդանոցում: Ու հենց սկզբից պարզվեց, որ շատ հեշտ եմ շփվում, արագ եմ մտերմանում հիվանդների հետ: Իմ ներկայությունը նրանց խաղաղեցնում էր, վստահություն էր ներշնչում: Թերապիայի բաժնի պետը ինձ հանձնարարում էր զրուցել ընկճված կամ դժգոհ հիվանդների հետ, հանգստացնել նրանց, ոգևորել: Անշուշտ, բժշկի համար մասնագիտական ունակությունները շատ կարևոր են, սակայն նույնքան կարևոր է մարդուն սիրելու, նրա ցավը խորապես զգալու կարողությունը, որը բնատուր է, որը հնարավոր չէ խաղալ: Հիվանդը շատ զգայուն է դառնում, մաշկով, արյամբ, սրտով է զգում բժշկի նվիրումը, կարեկցանքը, իրեն օգնելու պատրաստակամությունը: Հավատն ու վստահությունը բժշկի հանդեպ, բժշկի կողքին ապահովության զգացումը, բժշկի ջերմությունն ու հոգատարությունը շատ են օգնում հիվանդին: - Ինչպե՞ս եկաք բանակ: - Ես աշխատանքային գործունեությունս սկսել եմ 8-րդ հիվանդանոցում որպես թերապևտ: Երբ սկսվեց պատերազմը, ես աշխատում էի 2-րդ բուժսանմասում: Մեր հիվանդանոցն անցավ նորակազմ բանակի ռազմաբժշկական վարչության ենթակայության տակ և վերակազմավորվեց զինվորական կայազորային հոսպիտալի: Հենց այդ ժամանակ էլ ես զորակոչվեցի և սկսեցի ծառայել որպես ախտորոշման բաժնի պետ: Պատերազմի տարիներին սոսկալի դժվարություններ հաղթահարեցինք, ճակատից վիրավորների հոսքը օր օրի մեծանում էր, աշխատում էինք առավոտից իրիկուն, ինքնամոռաց: Հոգնություն չէինք զգում: Սեփական գործի կարևորությունը, հայրենիքի ազատության համար ոչինչ չխնայելու պատրաստակամությունը, վիրավոր զինվորին ճակատ վերադարձնելու ձգտումը մեզ գերմարդկային ուժ էին տալիս: Կենտրոնական հոսպիտալը կազմավոր վեց ավելի ուշ, այդ ընթացքում կայազորային հոսպիտալը միակն էր, և արդեն պարզ է, թե ինչ ծանրաբեռնվածությամբ էր աշխատում: - Ի՞նչ փոխեցին Ձեր բնավորության մեջ, վարքում զինվորական ծառայության 15 տարիները: - Իմ բնավորության մեջ սկզբից էլ կային գծեր, որոնք շատ բնորոշ են զինվորականին` կարգապահություն, պատասխանատվություն, սկզբունքայնություն, եռանդ, և անցումը քաղաքացիական բժշկությունից ռազմականի դժվար չեղավ: Կարծում եմ` զինվորական ծառայությունը խորացրեց այդ գծերը, ավելի շեշտված դարձրեց: - Ինչպիսի՞ն է, Ձեր պատկերացմամբ, զինվորական հայ կնոջ կերպարը: - Զինվորական համազգեստն ու ուսադիրները չպետք է փոխեն հայ կնոջ ավանդական նկարագիրը: Հայ կինը պետք է լինի հոգատար մայր, լավ տնտեսուհի, նվիրված կին: Պետք է լինի մեղմ, կանացի, բարեկիրթ: Միևնույն ժամանակ կարող է զբաղվել սիրած աշխատանքով, բարձր պաշտոն գրավել, օրինակ, ծառայել զինված ուժերում: Խելացի, գործունյա լինելը չի խանգարում կանացիությանը, բարությանն ու մեղմությանը: - Ի՞նչ է տալիս կնոջ ներկայությունը բանակում: - Ես համոզված եմ, որ հայ կնոջ ներկայությունը Ազգային բանակում շատ կարևոր է, քանի որ ավելի մեղմ, ջերմ ու բարի է դարձնում մթնոլորտը: Կինը մոր, քրոջ բնազդ ունի, յուրաքանչյուր զինվորի, սպայի հանդեպ ի պաշտոնե պարտքը, պարտականությունը կատարելուց զատ կինը նրանց վերաբերվում է իբրև մայր, քույր: Ինքս անձամբ մայրական մղում եմ զգում յուրաքանչյուր հիվանդ զինվորի հանդեպ, եթե անհրաժեշտ է` օգնում եմ այնպիսի բաներով, որոնք չեն մտնում բժշկի իմ պարտականությունների մեջ: - Ինչպե՞ս եք Ձեզ զգում զինվորականների միջավայրում, ինչպիսի՞ ընկեր են զինվորականները: - Ես կարծում եմ, որ զինվորականները պետք է լինեն մեր հասարակության ամենազարգացած, ամենաառաքինի, ամենակիրթ շերտը: Բանակաշինության 15 տարիների ընթացքում զինվորական խավը մեծ զարգացում է ապրել, կատարելագործվել է: Մտավոր մակարդակի ու բարոյական նկարագրի բևեռացումը փոքրացրել է, ձևավորվել է ընդհանրական նկարագիր, բարձրացել են չափանիշները, ինքնամաքրման գործընթացը արդյունավետ է եղել: Այսօր մեծ թիվ են կազմում բարձր չափանիշների հավակնող զինվորականները, ովքեր բազմակողմանի զարգացած են, բարոյական են, բարեկիրթ են, և մեծապես նվազել են ներկայիս բանակի պահանջներին անհարիր թերի կրթությամբ ու ցածր մտավոր ունակություններով սպաների թիվը: Ես այսօր ավելի մեծ հպարտությամբ եմ կրում զինվորական համազգեստս և զգում եմ այն հարգանքը, որ տածում է ժողովուրդը մեր համազգեստի հանդեպ: - Դուք ամբողջ զրույցի ընթացքում խոսեցիք տարբեր առաքինություններից, բարոյական որակներից, բայց երբեք չարտաբերեցիք հայրենասիրություն բառը: - Հայրենասիրությունը այնքան վեհ, սրտամոտ ու բարձր զգացում է, որ ցանկացած բառ, ձևակերպում կփոքրացնի նրա արժեքը: Մեր տանն էլ երբեք չեն արտաբերել հայրենասիրություն բառը: Իմ մանկավարժ ծնողները շատ բծախնդիր էին, երբ խոսքը վերաբերում էր մարդկային որակներին, նրանք անընդհատ խրատում էին ինձ, բայց երբեք չէին խոսում հայրենասիրության մասին: Պարզապես այնպես էին դաստիարակում, որ իրենց երեխայի ներաշխարհում ստեղծվի պարարտ հող, պատշաճ միջավայր հայրենասիրական թրթիռների համար: Զինվորական համազգեստը հայրենասիրության խորհրդանիշ է: Զինվորականը հայրենիքի պաշտպանն է, նրա մասնագիտական առաքելությունը կյանքի գնով հայրենիքն ու ժողովրդին պաշտպանելու պատրաստակամությունն է: Ուրեմն անիմաստ է խոսել զինվորականի հայրենասիրության ու քաջության մասին, քանի որ առանց այդ երկու որակների անհնար է պատկերացնել զինվորականի կերպարը: - Ես գիտեմ, որ Ձեր աղջիկը նույնպես զինվորական է: - Այո: Իրենը անգլերենի մասնագետ է, ծառայում է ավիացիոն ինստիտուտում, օտար լեզուների ցիկլի պետն է: - Ինչո՞վ եք զբաղվում ծառայությունից հետո, ի՞նչ նախասիրություններ ունեք: - Անկեղծ ասած, գրեթե ժամանակ չի մնում նախասիրություններով զբաղվելու: Ծառայությունն ու տնային հոգսերը խլում են ողջ ժամանակը: Ես շատ եմ սիրում ճանապարհորդել, շփվել օտար քաղաքակրթությունների հետ: - Ի՞նչ կմաղթեք Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: - Բոլոր կանանց առաջին հերթին առողջություն եմ մաղթում, որովհետև առանց առողջության ոչ ոք չի կարող լինել գեղեցիկ և երջանիկ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ