ՀԺԿ-ն զրկեց ԱԺԿ-ին ընտրական հանձնաժողովներում 36 տեղերից


Համաձայն 2003թ. ձեռք բերված և «Արդարություն» դաշինքի ինը կուսակցությունների կնիքներով հաստատված քաղաքական համաձայնության` թիվ 3 ընտրատարած քային ընտրական հանձնաժողովի անդամ էր նշանակված ԱԺԿ ներկայացուցիչ Աշոտ Ավետիսյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշոտ Ավետիսյանը ընդգրկված է ԱԺԿ համամասնական ցուցակում` նա իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ֆելիքս Խաչատրյանին` միաժամանակ առաջարկելով պահպանել քաղաքական պայմանավորվածությունը և հանձնաժողովի անդամ նշանակել ԱԺԿ այլ ներկայացուցչի: Սակայն ԿԸՀ անդամը նշանակել է ՀԺԿ ներկայացուցչին, դրանով իսկ կանխորոշելով 35 տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեկական անդամների նշանակում ՀԺԿ կողմից: Ազգային ժողովրդավարական կուսակցության համար չկա այլ նպատակ, քան ընտրությունների ընթացքում կուսակցությունը ներկայացնող անդամների անկողմնակալ աշխատանքը և արդարության վերահսկողությունը: Մինչ այսօր թիվ 3 ընտրատարածքում այդ խնդիրը լուծված էր: ԱԺԿ-ն ուշի ուշով հետևելու է և կոչ է անում արդար ընտրությունների անցկացումով շահագրգիռ բոլոր կազմակերպություններին և անհատներին ևս հետևել, թե ինչպիսին է լինելու ՀԺԿ կողմից նշանակված թիվ 3 ընտրատարածքի հանձնաժողովների անդամների պահվածքը: Ազգային ժողովրդավարական կուսակցության մամլո ծառայություն