Մարդիկ ճնշված են


 

Ընտրակաշառքների թեման անսպառ է: Կարծես սա հենց այն խնդիրն է, որի շուրջ իրենց տեսակետներն ավելի մեծ պատրաստակամությամբ են հայտնում մեր զրուցակիցները:

Կա կարծիք, թե ընտրողներից շատերը կաշկանդված են կամ կվախենան ձայն տալ դիցուք` ոչ թե ընտրակաշառք բաժանողին, այլ իր նախընտրած թեկնածուին (քաղուժին): Կա՞ արդյոք այդպիսի ճնշվածություն կամ վախի մթնոլորտ:

Մարդիկ ճնշված են

4 ապրիլի, 2012, Երևան, Գրիգոր Լուսավորչի փողոց

Գագիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ագրոնոմ, 50 տ.

- Խոսակցություններ շատ եմ լսել ընտրակաշառքների մասին, բայց անձամբ ինձ դեռ չեն առաջարկել: Եվ կարծում եմ` բոլորն են լսել: Մենք գիտակցում ենք, թե ինչ ժամանակներում ենք ապրում, և դա բնական է: Մեր շրջապատում թույլ մարդիկ շատ կան: Իսկ թույլը միշտ ճնշված է` անկախ ընտրություններից: Ճնշվածություն ու վախ իսկապես կա: Պատկերը խտանում է հատկապես ընտրությունների ժամանակ: Ընտրակաշառք ընդունողն այդ քայլով արդեն իսկ կաշկանդում է ինքն իրեն:

Վարդգես ԲԱԼԱԲԵԿՅԱՆ. տնտեսագետ, 63 տ.

- Իհարկե լսել եմ, որ ընտրակաշառք են բաժանում: Իսկ կա՞ որևէ մեկը, ով չի լսել: Ես միանշանակ դեմ եմ դրան, եթե առաջարկեն` չեմ ընդունի: Վախի մթնոլորտ իսկապես կա: Բոլորիս ծանոթ իրավիճակ է, ես ինքս իմ շրջապատում տեսնում եմ այդպիսի մարդկանց: Բայց պետք է ասեմ, որ սա բնորոշ է հայերիս: Եվ բոլորովին նորություն չէ. բոլոր ընտրութ յուններից առաջ ճնշվածություն նկատելի է:

Նարինե ԾԵՐՈՒՆՅԱՆ. մանկավարժ, 50 տ.

- Անկեղծ ասած` չեմ լսել նման դեպքերի մասին: Ինչ վերաբերում է ճնշվածությանը` պիտի ասեմ, որ համակարծիք չեմ: Համենայնդեպս իմ շրջապատում դրա ականատեսը չեմ եղել:

Եփրեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.

էլեկտրամասնագետ, 62 տ.

- Իհարկե, ամեն օր ենք լսում ընտրակաշառքների մասին: Եվ անկեղծ ասած` սպասելի էր: Ես ինքս դեմ եմ այդ երևույթին և քննադատաբար եմ մոտենում: Վախ նկատել եմ: Սակայն այդ ճնշվածությունը միշտ կա` նաև մեր ապրելակերպի մեջ` անկախ ընտրություններից: Մարդկանց հոգեբանությունը շատ տարբեր է: Կան մարդիկ, ովքեր կարող են այդ պահին փորը կուշտ լինելու համար 5000 դրամ վերցնել, ապա խնդիրների առաջ են կանգնում:

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ. ֆինանսիստ, 51տ.

- Ես դեռ ականատես չեմ եղել նման դեպքերի, բայց որ որոշ քաղաքական ուժեր ընտրակաշառք են բաժանում` դրանում համոզված եմ: Անձամբ ես ճնշվածություն զգալ չեմ կարող, քանի որ էությամբ ենթարկվող մարդ չեմ: Եվ, բնականաբար, կընտրեմ նրան, ում ինքս եմ ցանկանում` հեռու մնալով ամեն տեսակ ընտրակաշառքներից: Բայց շրջապատում զգացել եմ, որ մարդիկ վախենում են: Շատ են ընտրակաշառք ընդունողները, դա մեր դժբախտությունն է: Ինքնուրույնություն չկա: Շատ դեպքերում այդ փոքր կաշառքի դիմաց վաճառում են իրենց ձայնը: Չեն գիտակցում, քաղաքականապես տգետ են, չեն հասկանում, որ դա իսկապես մեծ բան է որոշում: Ես համամիտ չեմ այն մտքի հետ, որ հաճախ ասում են, թե միևնույն է, մեր ձայնը ոչինչ չի որոշում: Իհարկե մեր ձայնը որոշիչ է, եթե միահամուռ ու միասնական լինենք: Մենք ենք ամենամեծ մեղավորը, քանի որ մեր կամքով գործիք ենք դառնում: Արդեն ոչնչի չենք հավատում, փրկվելը դժվար է: Բայց այսպես թողնել և համակերպվել էլ չի կարելի:

Անահիտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. 55 տ.

- Ընտրակաշառքների մասին անշուշտ լսել եմ: Գիտեմ, որ շրջում են բնակարաններով և գումար են բաժանում: Բայց ինձ դեռ չեն առաջարկել: Ներկա պահին մենք լավ պայմաններում չենք ապրում: Մեր երկրի քաղաքական, սոցիալական իրավիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Բայց, համենայնդեպս, հիմա որ կուսակցությունն էլ գա` ժողովրդի համար բացարձակ ոչինչ չի փոխվի: Ճնշվածության ականատեսն ենք ամեն օր: Մեկը մյուսին ճնշում է: Կարծես մրցում են, թե ով կարող է ավելի մեծ գումար առաջարկել, որ իր կողմը գրավի ավելի մեծ թվով մարդկանց: Չի կարելի: Պարտավոր են մարդկանց ազատ ընտրության հնարավորություն տալ, ոչ թե ընտրեն այնպիսի մարդկանց, ովքեր իսկապես գումարի կարիք ունեն և ստիպված ընդունում են: Բայց ժողովուրդը չի գիտակցում, որ առաջին հերթին հենց ինքն իրեն է վնաս տալիս: Մարդիկ իրենց ձայնը տալիս են այն քաղուժերին, որոնք ոչինչ չեն անելու:

Եվա ՂԱԶԱՐՅԱՆ. թարգմանչուհի, 37 տ.

- Շատ եմ լսել, բայց իմ կարծիքով այդ խոսակցությունները որոշ չափով չափազանցված են: Այդպիսի երևույթ կա և ոչ միայն մեր երկրում: Պարզապես մեզանում մի փոքր շատ է, քանի որ ժողովուրդը հիասթափված է: Չեմ կարծում, որ վախի մթնոլորտ կա: Մեր ժողովուրդն ավելի խոհեմ է: Կարծում եմ` թեկուզ պատասխանատվության զգացումից կընտրեն նրան, ումից գումար են վերցրել, և ճնշվածություն էլ բնականաբար չի լինի:

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ.

- Միշտ լսում եմ, որ դրամ են բաժանում ժողովրդին, կաշառում են: Մարդիկ կան` ասում են` թող բերեն ինձ գումար տան, ոչ կմասնակցեմ, ոչ էլ ձայն կտամ, միևնույն է` իմ ձայն տալով նա չի ընտրվի: Ով ինչ ուզում` անում է: Որոշ մարդիկ էլ ընտրակաշառքն ընդունելուց հետո վախենում են ձայն տալ մեկ ուրիշի օգտին: Ընդհանրապես տարբեր են մարդիկ: Այսօր սոցիալական պայմաններից ելնելով` շատերը երազում են, որ իրենց գումար տան, բայց չեն մտածում, որ վաճառվում են: 5000 դրամ վերցնելու համար չի կարելի հոգին վաճառել:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ