Միասնականության ձախողված փորձ


 

Երեկ հինգ քաղաքական ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, «Հանրապետական», ՀՅԴ և «Ժառանգություն») ներկայացուցիչները հերթական անգամ հավաքվել էին` խորհրդարանական առաջիկա ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու մտահոգությամբ: Լրագրողների ներկայությամբ երկարատև ու դժվար բանակցությունների արդյունքում ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը ստորագրեցին ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հայտարարություն: Այդ փաստաթղթում մասնավորապես ասվում է. «Կարևորելով ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ, եվրոպական չափանիշներին հարիր անցկացնելու նշանակությունը, հանրության և քաղաքական կուսակցությունների ջանքերը միաբերելու անհրաժեշտութ յունը, համաձայնվում ենք ձևավորել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբ»:Կուսակցությունների ներկայացուցիչներից միայն Գալուստ Սահակյանը հրաժարվեց միանալ հայտարարությանը` նկատելով, որ այդպիսի նախաձեռնությամբ արդեն հանդես է եկել ԱԺ նախագահը: «Ավանգարդի» թղթակիցը խորհրդակցության ավարտից հետո զրուցեց Գալուստ Սահակյանի և Արմեն Ռուստամյանի հետ:

Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ. - Ցանկացած կառույց երբ ստեղծվում է, նախ և առաջ պատասխանատվության մասին պետք է խոսվի: Իսկ այստեղ խոսում են միայն իրավունքների մասին, վարկաբեկելու մասին: Այսինքն, խնդիրը, նպատակը հստակ պետք է լինի` լավ ընտրություններ անցկացնել: Այս որոշումը ոչ միայն ընդունելի է մեզ համար, այլև կարծում եմ` լավ ընտրություններ անցկացնելու շուրջ միավորվելու գաղափարն ինքներս ենք առաջարկել: ԱԺ քաղաքական ուժերը դեռևս 15-20 օր առաջ համախմբվել և համաձայնություն են տվել, դրանից հետո եղել է համապատասխան հռչակագիր, որը նաև քննարկվել է միջազգային կառույցների հետ: Դրա արդյունքում ԱԺ նախագահը ներկայացրել է փաստաթուղթը, որի տակ «բանավոր ստորագրել» են խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը: Իսկ այսօր նոր գործընթաց է սկսվել: Այս մարդիկ չեն կարողանում պատկերացնել, որ չի կարելի ինչ-որ մի շտաբ ստեղծել և դրան վերագել բոլոր լիազոր մարմինների իրավունքներն ու չասել, թե ստեղծվող շտաբի պատասխանատվությունը ո՞րն է, ո՞վ պետք է պատասխան տա: Առավել ևս, ԱԺ-ում ավելի շատ ընդդիմադիր ուժերի դրսևորում կլինի, քան իշխանական: Բոլոր առաջարկները քննարկելու են բոլորը միասին: Եվ աշխատանքային պայմանները թույլ են տալիս օպերատիվ ձևով իրագործել որոշումները: Ոչ թե ԱԺ իշխանական կուսակցությունները փորձում են ավանգարդային դերում լինել, այլ փորձում են ընդամենն օգտագործել խորհրդարանի հնարավորությունները:

- Բայց ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ չի վստահում իշխանությանը:

Գ. Ս.- Իսկ ո՞վ ասաց, թե ես վստահում եմ իրենց: Քաղաքական վերնախավն իր հայտարարություններում պետք է չափավոր լինի, որովհետև նրանց հայտարարությունը տարածվում է ժողովրդի շրջանում և անտագոնիզմ է ստեղծում միմյանց հանդեպ: Եվ այնքան հրամայական տոնով են ասում, որ եթե ստորագրեն քաղաքական ուժերի նախագահները` ընտրությունները լավ կանցնեն` կարծես թե որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ ուզում է, որ քվեարկությունը վատ անցնի: Ընտրությունները զանգվածային գործառույթներ ունեն, իսկ դրանք անկանխատեսելի խնդիրներ կարող են առաջացնել: Հարցն այստեղ վերաբերում է ոչ թե նրան, որ գնանք-տեսնենք` ով հանցագործություն կատարեց, բռնենք: Այլ` միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ հանցագործությունը տեղի չունենա:

- Խորհրդարանական խմբակցություններն այսօր այստեղ են և մասնակցում են միասնական նիստին: Ինչո՞ւ չընդունել այն գաղափարը, որն ըստ էության չի հակասում ԱԺ-ում առաջարկվածին:

Գ. Ս.- Ես առաջարկեցի գաղափարը միացնենք, համատեղենք և օգտվենք ԱԺ-ի հնարավորություններից:

Արմեն Ռուստամյանն այլ կարծիք և մեկնաբանություն ուներ` հայտարարությանը Հանրապետականի չմիանալու առնչությամբ:

- Այն, որ Հանրապետականը չստորագրեց հայտարարությունը, արդյո՞ք չի ստվերում այս գործընթացը:

Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. -Ո´չ: Կհամախմբվեն նրանք, ովքեր իրականում համախմբվելու ցանկություն ունեն և հասկանում են դրա նշանակությունը: Միշտ պետք է կոնկրետ փաստերով խոսել: Հանրապետականներն առաջին անգամ չի, որ ցույց են տալիս իրենց գործի ու խոսքի չհամապատասխանելը: Մի բան է, երբ խոսում են արդար, ազնիվ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունների ձևով, բայց երբ առաջարկություն ես կատարում, որպեսզի ազատն ու արդարը տեղի ունենա` պարզվում է, որ իրենք այդպիսի նպատակ իրականում չունեն:

- Բայց Գալուստ Սահակյանն ասում էր` ԱԺ-ում այդպիսի կառույց արդեն կազմավորվել է: ՀՅԴ-ն խորհրդարանում խմբակցություն ունի. ինչպե՞ս է, որ չեք իմացել:

Ա. Ռ.- Չի կազմավորվել: Այդպիսի գաղափար է արծարծել ԱԺ նախագահը, և մենք էլ նույնն ասել ենք նաև այն ժամանակ: Ասել ենք, որ կարևոր է, թե ինչ խնդիրներ պետք է իրականացնի համատեղ շտաբը. նախևառաջ արձանագրել ընտրախախտումները: Դա չափազանց կարևոր է: Մեր համար միևնույն է, թե որտեղ դա կստեղծվի: Այդ խնդրին մենք կարևորություն չենք տալիս, կարևոր է, որ սա գործի: Եվ մենք այսօր ցույց տվեցինք, որ գործնական ենք մոտենում հարցին:

Ա.Դ.

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Կարծիքների ու մոտեցումների տարբերություններն, ինչ խոսք, օրինաչափ է: Բայց արդյո՞ք այս պահին միմյանց հակադրվելը նույնպես սոսկ նախընտրական կեցվածք չէ: Առավել ևս, եթե մասնակիցներից մեկը չի միանում հայտարարությանը, դա դեռ չի նշանակում, թե ճիշտն այսպես կոչված պարզ մեծամասնությունն է: Ավելին, ԿԸՀ-ում գրանցված 9 քաղուժերից այս քննարկմանը մասնակցում էին 5-ը միայն: Իսկ մյուսնե՞րը: Ըստ մեր ունեցած տեղեկատվության` նրանք տեղյակ էլ չէին: