Ո՞ՒՄ ԿԱՐԾԻՔՆ Է ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ


 

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանի պետական համալսարանում ունեցած իր ելույթով բառացիորեն զարմացրեց ոչ միայն ուսանողներին ու դասախոսներին, այլև համալսարանի պատերից դուրս գտնվողներին, անգամ որոշ օտարերկրյա դեսպաններին: Նա հայտարարեց, թե Ղարաբաղի տարածքից զորքերի դուրս բերումից, «գրավյալ շրջանների» հանձնումից և «միջանցք ստեղծելուց» հետո միայն հնարավոր կլինի հասնել նրան, որ Ղարաբաղն ինքը որոշի իր ճակատագիրը: Հասկանալի է, որ Բաքու մեկնելուց առաջ ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը կամեցել է «դուր գալ» Բաքվի իշխանություններին: Սակայն այդպիսով նա խախտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմանավորվածությունները և, ըստ էության, հանդես եկել միակողմանի հայտարարությամբ, որում ներկայացված «գործիքների» դեմ վաղուց քննադատական կեցվածք է ընդունել հայկական կողմը: Լավրովը կրկնել է այն մոտեցումը, որը մոտ մեկ տարի առաջ որդեգրել էր Դմիտրի Մեդվեդևը: Բայց հետագայում հրաժարվել էր` տեսնելով, որ դա ոչ միայն անընդունելի է, այլև վտանգ է սպառնում Ղարաբաղի ժողովրդի կեցությանը:

Ուրեմն, հիմա ո՞ւմ կարծիքն է արտահայտել Լավրովը, ո՞վ է նրան պատվիրակել` Երևանում նման հայտարարություն անել: Կարծում ենք, որ ո´չ Պուտինը, քանի որ Պուտինի դիրքորոշումը բոլորիս հայտնի է: Մնում է ենթադրել, որ Լավրովը հայտնել է ադրբեջանական կողմի կարծիքը` ստուգելու, թե Հայաստանում ինչպիսի արձագանք կլինի: Իսկ արձագանքը, բնականաբար, ժխտողական է:

Վերլուծաբանները գրում են.

- Ռուսաստանը խիստ անհանգստացած է Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող գործընթացներով, ավելի ճշգրիտ` ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի հետ նրա հարաբերություններով: Կասպից ծովում ռուսական շահերին իրական սպառնալիք կա, և Ռուսաստանը կրկին փորձում է պարզել Ադրբեջանի նկատմամբ իր քաղաքականության ապարդյունությունը, որը վաղուց գտնվում է ամերիկյան «ծածկի» տակ: Ո՞վ պետք է դառնա ռուսական քաղաքականության սլաքավարը կամ էլ հանդես գա «տիկնիկի» դերում այս էժանագին ներկայաց ման մեջ: Կասկած չկա, որ Լավրովի այցը Բաքու կձախողվի ու լիակատար անարդյունավետ կլինի, եթե հաշվի առնենք Ռուսաստանի շահերը: Այսպես թե այնպես, կպարզվի, որ Ռուսաստանը ստիպված է լինելու անցնել Ադրբեջանի արտաքին քաղաքականության և պետական կառուցվածքի քանդմանը: 

Հայաստանում արված հայտարարությունը ստուգողական կարելի է համարել, որով Լավրովը կամեցել է ստուգել Բաքվի տրամադրվածությունը և հաճոյանալ նրան: Սակայն Ղարաբաղի շահերը գերակա են բոլոր առումներով: Հետևաբար երբեք չի կարող արդեն իսկ ինքնորոշված Արցախը վերածվել «մանրադրամի», իսկ Հայաստանն էլ` «քավության նոխազի»: