Ապօրինություն չէ՞


Հարգելի խմբագրություն. Ես` Լալազար Մինասյանս, 1968 թ. մինչև 2010 թ. փետրվարի 17 աշխատել եմ ներկայիս «ԵԱԶ» Բաց Բաժնետիրական ընկերությունում. կատարել եմ տարբեր աշխատանքներ: Վերջին 15 տարին ընկերությունում աշխատել եմ պահեստապետ: Ընկերության բաժնետեր եմ, ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ. ես և թոռս ունենք 50 հատ բաժնետոմս: Թոռս արցախյան պատերազմում զոհված սպա Համլետ Մինասյանի որդին է: Համլետը զոհվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին Շահումյանի Թոդանի պաշտպանության ժամանակ: «ԵԱԶ» ԲԲԸ տնօրեն Լ. Կարտոյանը, ով 2004 թ. փոխարինել է հորը` վերջինիս մահից հետո, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իմ անձի նկատմամբ: 2009 թ. օգոստոսին, պահեստ մտնելով անհավասարակշռված վիճակում, առանց որևէ առիթի վարկաբեկեց ինձ` հասցնելով ինֆարկտի շեմին...: 2010 թ. հունվարին նա ինձ հետ կնքեց աշխատանքային պայմանագիր` մեկ տարի ժամկետով: Սակայն փետրվարի 16-ին ինձանից վերցրեց պահեստի հաշվառման գիրքը, հանձնարարեց հաշվապահին ձևակերպել վերջնահաշվարկ, և առանց հանձնման ակտի, վերցնելով բանալիները, ասաց, որ վաղվանից ազատված եմ աշխատանքից, որովհետև ինքը չի ցանկանում ինձ հետ աշխատել: Ես մի քանի անգամ իրեն հիշեցրել եմ, որ Ձեր տված տեղեկանքի հիման վրա Հայկական Զարգացման Բանկից 3 տարով վերցրել եմ 2 500 000 դրամ` գրավ դնելով մեկ սենյականոց բնակարանս` 2007 դեկտեմբեր _ 2010 թ. նոյեմբեր, որի դիմաց ամսեկան վճարում եմ 97 000 դրամ: Ոչ հոր օրոք, ոչ էլ մինչև այսօր բաժնետերերին ոչ մի դրամ դիվիդենտ և ամեն տարեկան հաշվետվության ժամանակ առանց ամոթի հայտարարել են, թե տնտեսում չունենք, ձեր բաժնետոմսերը զուգարանի թղթի արժեք չունեն: Նա ինձ ազատեց, որովհետև ես քաջ տեղյակ էի նրա չարաշահումների մասին, էլ որտեղի՞ց կարող էր տնտեսում լինի...: Իրեն թվում էր, թե պահեստի գրանցման գիրքը վերցնելով կարող է չարաշահումների հետքերը կորցնել... 2009 թ. մեր ընդհարումից հետո ես ինձ մոտ գրանցել եմ, թե ինչ չարաշահումներ է արել` թե գների և թե քանակի մեջ... Նրա չարաշահումները կատարվել են գունավոր մետաղների թափոնների և գործիքների ձևակերպման մեջ... Վերջին երեք տարվա մեջ մինչև ազատումը եղել եմ տնօրենների խորհրդի անդամ, և այդ 3 տարվա ընթացքում ոչ մի անգամ չի գումարվել ոչ մի նիստ, բոլոր որոշումները մենակ է ընդունում: Եվ այսօր զոհված զինծառայողի 76 տարեկան հայրը ստիպված է քաղաքից դուրս բանվորական աշխատանք փնտրել, որպեսզի չկորցնի մեկ սենյականոց բնակարանը, մի՞թե սա է պատիվը զոհվածի հոր... Հարց է ծագում, թե ո՞վ է այդ տնօրենը, որտեղ է եղել արցախյան պատերազմի ժամանակ և ինչի համար է ազատվել ծառայությունից: Այսօր իմ որդու արյան գնով ստեղծված երկրում նրա նմաններն անմարդկային վերաբերմունք են ցույց տալիս մեր նկատմամբ: Լալազար և Մառլենա ՄԻՆԱՍՅԱՆՆԵՐ