Ձեռքերը կարճ են


Անցյալ շաբաթ, կոնկրետ` ապրիլի 27-ին, Ստրասբուրգում, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը տարածեց մի հայտարարություն (որի տակ, ի դեպ, իրենց ստորագրությունն էին դրել ոչ միայն Ադրբեջանի 4 պատվիրակները, այլև նրանց միացած ևս 16 հոգի), ուր կոչ էր արվում… «կանխել մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները»: Ինչո՞ւ: Որովհետև, իբր, այդ ընտրությունները, որոնք Հուսեյնովի հայտարարության մեջ «նախաձեռնություն» բառով էին գնահատված, «չեն բխում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շահերից և ապակառուցողական քայլ են»: Ասենք թե` Վեհաժողովը Ռաֆայել Հուսեյնովի և նրան իրենց ստորագրություններով սատարողների այս հայտարարության ոգով նման կարգի մի անհեթեթ բանաձև էլ ընդուներ: Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նշանակված խորհրդարանական ընտրությունները կխափանվեի՞ն: Իհարկե, ոչ: Իր անկախությունը հռչակելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բազմաթիվ ընտրություններ են կայացել: Ոչ միայն խորհրդարանական, այլև` նախագահական: Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը նախորդ ընտրություններից ոչ մեկի արդյունքները չի ճանաչել, դրանց մասնակցելու համար պաշտոնապես իր ներկայացուցիչներին Ստեփանակերտ չի գործուղել: Այս մայիսի 23-ին էլ, անկասկած, նման տխմար մոտեցում կորդեգրվի: Տխմար, քանզի ինքն իրեն միջազգային ժողովրդավարության պաշտպան ու արմատավորող հռչակած եվրոպական այդ կառույցը ուղղակի հիմարություն է անում, երբ ընդդիմանում է այս կամ այնտեղ սեփական ինքնակառավարման, տվյալ դեպքում` օրենսդիր մարմնի այնպիսի ժողովրդավարական ձևավորմանը, ինչպիսին…ընտրություն ներն են: ԵԽԽՎ-ի համար պարզապես ամոթ է, որ տուրք է տալիս Ադրբեջանի պատվիրակների անհեթեթ պահանջներին, դրանց բանի տեղ է դնում, ընդգրկում է օրակարգ, բանաձևեր է ընդունում, Արցախյան ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ անիմաստ հայտարարություններ է անում… Բացի սեփական միջազգային հեղինակությանը հարվածելուց` դրանք Վեհաժողովին ոչինչ չեն տալիս: ԼՂՀ քարավանն իր ընթացքը շարունակում է` առանց հաշվի առնելու ԵԽԽՎ-ում կամ այլուր հնչող ադրբեջանական հաչոցները: Եթե այդ հաչոցներին միացող եվրոպական այլ պատվիրակներ էլ կան, ապա` իրենց գործն է: Թող սրտներն ուզածի չափ ադրբեջանցիների հետ միասին` կլանչեն… Ռաֆայել Հուսեյնովի հերթական սադրանքին ի պատասխան` հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում անդրադարձավ 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանցիների կողմից հրի ու սրի մատնված Լեռնային Ղարաբաղի հայկական Մարաղա գյուղի ողբերգությանը. «Մի քանի ժամում,-նշեց նա,- ամենադաժան ձևերով` սղոցելով, այրելով, անդամահատելով սպանվել է 100 մարդ, որոնցից 30-ը` կին… Այդ գազանությունը իր աչքերով տեսել և «մեր օրերի Գողգոթա» է անվանել Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ բարոնուհի Քերոլայն Քոկսը, մինչդեռ ոճրագործության կազմակերպիչ Շահին Թալիբօղլի Թաղիևը արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման…»: -Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ Ադրբեջանի հայտարարություններին,- ամբիոնից Վեհաժողովի բոլոր անդամներին դիմեց Նաիրա Զոհրաբյանը, - թե իբր այդ երկիրը «երաշխավորո¯ւմ» է Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգությունը… Տիկին Զոհրաբյանը միջազգային հանրությունից պահանջեց «համարժեք գնահատական տալ Մարաղայի, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայության ջարդերին»: Նա նաև առաջարկեց Վեհաժողովի նախագահ, ազգությամբ թուրք Մևլութ Չավուշօլուին, «եթե իր համար իսկապես անընդունելի են երկակի ստանդարտները և նա իրոք ցանկություն ունի զբաղվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրով, մայիսի 23-ին, որպես Վեհաժողովի նախագահ, ներկա գտնվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին»: - Վստահ եմ, դրանից հետո դուք նույնպես կհամոզվեք,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը,- որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն անշրջելի իրողություն է… Չավուշօղլուն կամ ուրիշ որևէ մեկը դրան, իհարկե, չի կասկածում: Հենց դրա համար էլ Չավուշօղլուն մայիսի 23-ին Ստեփանակերտ չի գա: Նախ, որպեսզի իր մասնակցությամբ լեգիտիմություն չհաղորդի և չկատաղեցնի Ադրբեջանին, որը չի ճանաչում սեփական ճակատագիրը իր հայեցողությամբ տնօրինելու արցախահայության իրավունքը, հետևաբար նաև` սեփական օրենսդիր մարմինը ընտրություններով ձևավորելու միանգամայն ժողովրդավարական եղանակը: Երկրորդ, Չաուշօղլուն չի գա, որպեսզի ստիպված չլինի խոստովանել, թե ընտրությունները միանգամայն ժողովրդավարական էին, շատ ավելի ազատ, արդարացի և թափանցիկ, քան այդպիսիք տեղի են ունենում փաստացի սուլթանաթի վերածված Ադրբեջանում: Որքան էլ եվրոպացի` Չավուշօղլուն…թուրք է: Հնար ունենա` ձեռքից եկածը կանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կերպ դարձյալ Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկեցնելու համար: Փառք Աստծո, ձեռքերը կարճ են…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ