Դարձյալ ստացվեց... «ինչպես միշտ»


Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունները ոգևորության ու դրական սպասումների հետ միասին, ցավոք, նաև մտավախություններ ու հուսախաբություն են առաջացնում: Պաշտոնավարման ընթացքում գործադիր իշխանության ղեկավարն արդեն մի քանի դիպուկ նկատառումներ է հայտնել, որոնք սակայն, իրագործելու անհրաժեշտությանը հակառակ, բացարձակապես մերժվել ու մոռացության են մատնվել: Եվ այս պրակտիկան տխուր ավանդույթ դառնալու հստակ հեռանկար ունի: Թերևս, միայն մեկ բացառություն կարելի է մատնանշել: Վարչապետի նախաձեռնությամբ ու հետևողական ջանքերի շնորհիվ գրեթե բոլորը հիմա կապում են մեքենայի ամրագոտիները, ինչը, սակայն սոցիալական ոչ մի հիմնախնդիր չի լուծում: Իհարկե, կարելի է, ցանկության դեպքում գովաբանել, որ իշխանական ցանկացած որոշման համընդհանուր կատարումը հասարակական համերաշխության դրսևորում է: Միաժամանակ չի կարելի աչքաթող անել, որ իշխանավորների ցուցադրական ու անպարագիծ շվայտությունները, ինչը վարչապետն անկարող եղավ զսպել, սոցիալական ճչացող բևեռվածության հաստատումն են ու հասարակական ցասում են առաջացնում: Կառավարության վերջին նիստի օրակարգին անցնելուց առաջ էլ, ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը նախարարներին հիշեցրել, նաև հույս է հայտնել, որ առաջիկայում կավարտվի նախարարությունների գործառույթները հստակեցնելու աշխատանքը, ապա կհաստատվեն բոլոր գերատեսչությունների նոր կանոնադրություն ները և բիզնես-ծրագրերի նկարագրությունները: Պարզվում է, որ այս աշխատանքներն արդեն ինչ-որ օգուտ տվել են, քանի որ վարչապետը խիստ անակնկալ հայտնաբերել է, որ նախարարություններն ունեն ուռճացված գործառույթներ ու աշխատակազմ: Դարձյալ առկա նախադրյալներից ճիշտ տրամաբանական հետևություն է արվել: Հանրապետության բարձրագույն չինովնիկն ինքն է հնարավոր համարել, որ կարելի է որոշ պաշտոններ կրճատել, ապա նաև ենթադրել է, որ այդ դեպքում գերատեսչությունները կարող են արդյունավետ աշխատել: Հասկանալի է, որ հնարված պաշտոնների համար բյուջետային գումարներ չեն վատնվի, իսկ խնայված ֆինանսական միջոցները, վարչապետի հավաստմամբ, կմնան նախարարությունների տրամադրության տակ ու կօգտագործվեն լավ չինովնիկներին պարգևատրելու նպատակով: Իսկ առողջ, նաև արժանապատիվ աշխատավարձ ստացող բյուրոկրատական ապարատ ունենալու և լավագույն մասնագետներին պետական համակարգում պահելու համար էլ, ինչը պետություն ունենալու գլխավոր գրավականներից է, կառավարության ղեկավարը կարողացել է Համաշխարհային բանկի հետ քաղաքական պայմանավորվածության գալ, և ՀԲ արտաքին ֆինանսավոր մամբ մեր երկրում նրանց իսկ ծրագրերն իրականացնող գրասենյակները` ԾԻԳ-երը, դարձնել նախարարությունների բաղկացուցիչ: Նախանշված այս ողջ աշխատանքը, նախարարների վերահսկողության ներքո պետք է կատարվի առաջիկա ամիսներին. այնպես որ` արդեն աշնան հենց սկզբին ամեն ինչ ավարտված, հստակեցված ու համաձայնեցված կլինի: Կարծես, ամեն ինչ պարզ ու իրատեսական է, սակայն` նույնքան էլ մտահոգիչ ու, դարձյալ, վստահություն չներշնչող: Խնդիրն այն է, որ այս լավատեսական ծրագիրը նախ բախվելու է քաղաքացիական ծառայության ինստիտուտի անկատարությանը, ապա ի հայտ են գալու տարատեսակ իրավապաշտպաններ` այս անգամ արհմիութենական հակվածություններով: Այս ամենը պարարտ հող է դառնալու յուրային-օտար բաժանումը արհեստավար ժորեն կատարելու համար, ինչի հետևանքով դժվար թե կրճատվեն հենց անպիտաններն ու դիլետանտ կարիերիստները: Եթե նաև հաշվի առնենք, որ վարչապետի մտահղացումը ճշգրիտ կատարելու համար կօգտագործվի միայն մայիսը, իսկ ամռան ամիսներին կիրագործվեն յուրայիններին պահելու և օտարներին ազատելու հնարավոր բոլոր հնարքները, ապա շատ հավանական է, որ աշնանը դարձյալ պարզվի` ուզում էինք, որպեսզի լավ լինի, բայց ստացվեց` ինչպես միշտ:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ