ԴԱՐՁՅԱԼ ԱՆՃԻՇՏ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի վիճվարչության գների և միջազգային համադրումների բաժնի հրապարակած տվյալների համաձայն` 2011 թ. հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, գնաճը կազմել է 9,4 տոկոս: Սննդամթերքի գները նվազել են 5,9 տոկոսով, իսկ հունիս ամսին միջին աշխատավարձը կազմել է 114 հազար դրամ. աճը մեկ ամսվա հաշվարկով կազմել է 4,9 տոկոս: Ներկայացված թվերը բնավ էլ չեն արտահայտում օբյեկտիվ վիճակը, որովհետև բանջարեղենի գների նվազմամբ հաշվարկելով սննդամթերքի շուկայում դրական տեղաշարժը` վիճակագիրները, ըստ էության, «մոռացության են տվել» մի շարք սննդամթերքների աճը, ինչը չի կարող մեղմացնել բնակչության սոցիալական վիճակը: Այսպես, մսի գինը աճել է 32 տոկոսով, կաթնամթերքինը` 14-16 տոկոսով: Դատելով վաճառվող հացի քաշով, կարելի է ասել, որ հացի շուկայում ևս գների անօրինակ աճ է` մինչև 30 տոկոս: Դեռ տարեսկզբին կառավարությունը վստահեցնում էր, որ ողջ տարվա ընթացքում գնաճը չի գերազանցի 5-6 տոկոսը, մինչդեռ արդեն ունենք 9,4 տոկոսի աճ, որը մինչև տարեվերջ կհասնի 15 %-ի: Տնտեսագետներն այս իրավիճակը մեկնաբանում են որպես սխալ հաշվարկի հետևանք, իսկ ահա տնտեսվարողներն ամեն ինչ պայմանավորում են միջազգային շուկայում տեղի ունեցող վայրիվերումներով: Կարելի էր համաձայնել տնտեսվարողների հետ, եթե թանկացումները վերաբերեին միայն ներկրվող ապրանքներին: Սակայն հիմնականում թանկացել են այն սննդամթերքները, որոնց հումքն ապահովում է մեր երկիրը: Ավելին, դեռ մեկ տարի առաջ Հայաստան ներկրված ալյուրի պաշարները չեն սպառվել, ներկրումներին գումարվել է նաև սեփական արտադրությամբ ստացվածը: Ուրեմն, ի՞նչ տրամաբանությամբ է արձանագրվում գնաճը, երբ հարևան Վրաստանում նույն սննդամթերքների գները նվազել են 12-14 տոկոսով: Ներկայացված թվաբանության մեջ առավել տարօրինակը միջին աշխատավարձի աճն է: Նախ, ինչպե՞ս կարող է միջին աշխատավարձը կազմել 114 հազար դրամ, երբ պետական բյուջեից վարձատրվողների միջին աշխատավարձը կազմում է 65-70 հազար դրամ, երբ կրթության, առողջապահության, մշակույթի ոլորտներում տակավին պահպանվում են 45-50 հազար դրամ կազմող աշխատավարձերը: Թե ո՞ւմ վարձավճարներն են հաշվարկել վիճվարչությունում և ներկայացրել նման թվեր` անհասկանալի է: Անհասկանալի է նաև, թե ինչպես է գործադիրը վերաբերվում նման ուռճացումներին և վիճվարչության տվյալները համարում օբյեկտիվ, երբ հենց կառավարությունն է սահմանում մեր երկրում աշխատավարձերի չափերը: Ցանկացած երկրում աշխատավարձերի միջինի սահմանման ցուցանիշ է համարվում պետական բյուջեից արվող հաշվարկների ամբողջությունը, այսպես կոչված` բազային աշխատավարձը, որը մեր երկրում, միջին թվաբանականով, չի անցնում 45 հազար դրամը: Վերջերս տեղեկացանք, որ բյուջեի հավաքագրման ասպարեզում կան խնդիրներ. պակաս է հավաքագրվել մոտ 9 միլիարդ դրամ: Հենց այս ցուցանիշը հուշում է, որ անկում է ապրել բնակչության գնողունակությունը, որոշ դեպքերում դրամաշրջանառությունը հապաղել է: Աշխատավարձերի ներկայացվող չափերի պայմաններում պետք է աճեր գնողունակությունը, բյուջետային հավաքագրումները պետք է առավել բարձր ցուցանիշներ արձանագրեին: Մինչդեռ մենք միանգամայն այլ իրականության հետ ենք բախվում: Ուրեմն, ցանկացած թիվ ներկայացնելուց առաջ դրա հեղինակները պետք է մտածեն, թե որքանո՞վ են օբյեկտիվ իրենց տվյալները և ի՞նչ արձագանք կունենան դրանք այն մարդկանց շրջանում, ովքեր ստանալով 45-50 հազար դրամ աշխատավարձ` զարմանում են, տեղեկանալով, թե մեր երկրում միջին աշխատավարձը կազմել է 114 հազար…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ