«Գիշերն է իջնում Երզնկայի վրա» ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՆՈՐ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ


Մանհեթենի «Լարք պլեյ» զարգացման կենտրոնում ներկայացվել է հայկական-դոմինիկյան-բասկյան արմատներով նորաթուխ դրամատուրգ Ադրիանա Սևան Նիկոլզի «Գիշերն է իջնում Երզնկայի վրա» պիեսը: «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի աշխատակիցներից Արամ Արքունի փոխանցմամբ` դա «Մերձավորարևելյան Ամերիկա. ազգային նոր բեմադրությունների նախաձեռնության» շրջանակներում ստեղծված առաջին պիեսն է, որ մեծ բեմ է բարձրանում: Ծրագիրը ստեղծվել է 2008-ին` նպատակ ունենալով խրախուսել մերձավորարևելյան ծագում ունեցող ամերիկացի դրամատուրգներին, նրանց տրամադրելով 10 հազար դոլարի կոմիսիոն վարձատրություն: «Գիշերն է իջնում Երզնկայի վրա» պիեսը ոչ միայն միջէթնիկական է, այլև միաժամանակ միջսերնդական. երեք, իսկ երբեմն նաև չորս սերունդներ հայտնվում են բեմի վրա: Արտավազդ Խաչիկի Օղիդանյանը, Երզնկայում թուրքական հետապնդումներից փախչելով, 1915-ի ցեղասպանությունից առաջ մի կերպ հասնում է Ամերիկա և աշխատասիրության շնորհիվ կարողանում է հետզհետե բարելավել իր վիճակը նոր երկրում: Ամուսնանում է Շապին Գարահիսարից ճողոպրած Ալիս Հաճյանի հետ և հայր է դառնում: Ալիսը մղձավանջային իրավիճակում է, չի կարողանում մոռանալ 8-ամյա քրոջ բռնաբարումն ու սպանությունը և ընտանիքի մյուս անդամների կոտորածը թուրք զինվորների կողմից: Ամուսնու` Արտավազդի ջանքերն անօգուտ են` նրան փրկելու այդ հոգեբանական ծանր բեռից: Ի վերջո հայտնվում է հոգեբուժարանում, իսկ դուստրը` Աղիկը, մոտ 6 տարի ստիպված է լինում ապրելու այլ ընտանիքների հետ կամ որբանոցներում: Ավելի ուշ հրաժարվում է իր հայկական ինքնությունից և «վերամարմնավորվում» որպես ամերիկացի Ավա` ֆրանսիական արմատներով: Հակառակ հոր կամքին` դառնում է պարուհի և որոշում ամուսնանալ Դոմինիկյան Հանրապետությունում հալածանքներից փախուստ տված ու Մ. Նահանգներում ապաստան գտած Բիենվենիդայի կամ ամերիկյան տարբերակով` Բեննի Ռեյի հետ: Անունը փոխած Բեննին, սակայն, չի հրաժարվում իր անցյալից և ազգային պատկանելությունից: Բնավորության նրա այդ գիծը նպաստում է, որ Ավան վերամիավորվի հոր հետ: Սակայն ամեն ինչ չէ, որ կարգավորվում է, որովհետև Բեննին հավատարիմ չէ կնոջը` Ավային. նորածին դստեր հետ նրան մենակ թողնելով` հեռանում է տնից: Այստեղ է, որ Ավայի խնդրանքին ընդառաջելով, հայրը բացահայտում է արհավիրքների բովով անցած իրենց կյանքի ողջ ճշմարտությունը: Անցյալի հիշողություններն օգնում են, որ ընտանիքի անդամներն առավել մերձենան և գոտեպնդվեն: Պիեսի հեղինակ Նիկոլզը «Միրոր սփեքթեյթըրի» թղթակցին բացատրել է, որ «Գիշերն իջնում է Երզնկայի վրա» ստեղծագործությունն իր ինքնության որոնման պատմությունն է: Ինքը հայկական, դոմինիկյան և բասկյան արմատներ ունի, սակայն պապի` Արտավազդի մահից հետո, երբ դեռ 8 տարեկան էր, կորցրել է կապը հայկական արմատների հետ: Մեծացել է Նյու-Յորքում, երբեմն (Ս. Զատիկի առթիվ) հաճախել է Ս. Վարդան հայկական եկեղեցին, բայց հիմնականում շրջապատված է եղել դոմինիկյան համայնքի անդամներով: Մայրը սիրել է պարել, իսկ հայրը` երգել: 2004-ին տեղափոխվել է Լոս Անջելես և Գլենդեյլում ապրելով` ձեռք բերել բազմաթիվ հայ բարեկամներ, որոնց թվում նաև եղել են բեմական արվեստի մասնագետներ: 2007-ին հրավիրվել է մասնակցելու Հայ կանանց միջազգային ասոցիացիայի կոնֆերանսին, որտեղ էլ բազմաթիվ անգամներ դրանից առաջ հնչած հարցերին, թե ե՞րբ է Հայոց ցեղասպանության մասին պիես գրելու, հանպատրաստից պատասխանել է, թե «մի օր անպայման իր պապի` Արտավազդ Օղիդանյանի հիշատակը հավերժացնելու է»: - Շապին Գարահիսարի շուրջը գտնվող տարածքն այնքան բիբլիական է և խորհրդավոր, որ քար ես կտրում, խոսքեր չես գտնում արտահայտվելու: Բնությունն այնտեղ այնքան զորավոր ազդեցություն է գործում, որ քեզանից պահանջում է համակ ուշադրություն: Հպարտ եմ այդ փորձությունը զգալու, ըմբոշխնելու և գիտակցելու, որ այդ վայրերից է եկել իմ ընտանիքի անդամների մի մասը,- ասել է Նիկոլզն այդ առթիվ: Լոս Անջելեսում նա սկսել է սովորել հայերեն: Հետո զգացել է, որ ընտանիքի մյուս անդամների թույլտվությունը պետք է վերցնի Ցեղասպանության թեմայով պիես գրելու և այն բեմականացնելու համար: - Իմ նպատակը մի ընտանիքի պատմությունը գրելն է, որի տարբեր ազգությունների պատկանող անդամների ոդիսականն առավել գրավիչ ու համամարդկային կդարձներ պիեսը,- խոստովանում է Ադրիանան:

Լ. Մ.