ԱՆԱՆՑ ԱՐԺԵՔՆԵՐ ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է


Հայ թատրոնի և կինոյի ամենահմայիչ դերասանուհիներից մեկը` ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը 70 տարեկան է: Բարեկրթությունից դրդված` հաճախ կանանց տարիքի մասին չենք բարձրաձայնում, սակայն արվեստագետների տարիքը նրանց ստեղծագործական ընթացքի գրավականն է, յուրատեսակ հանրագու մարն` անցած ճանապարհի: Ուրեմն, Ժենյա Ավետիսյանի ապրած յոթանասուն տարիները սերտակցված են ազգային մշակույթին ու արվեստին, գեղարվեստի այն պատմությանը, որն ընդգրկում է 20-րդ դարն ու իր շառավիղները տարածում նաև 21-րդում: Ժենյա Ավետիսյանն իր դերասանական կենսագրությունը սկսել է 1960-ականների սկզբներին և մոտ կեսդարյա բեմական ճանապարհի մի ահռելի հատվածն անցել է իր վաղամեռիկ ամուսնու` տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի հետ: Առաջին իսկ դերից դերասանուհու համար առաջնայինը եղավ զգացմունքը, զգացմունքայինը, որն էլ ցանկացած դեր-կերպարի հոգեբանական ավարտունության երաշխիքն էր դառնում: - Ես զգացմունքային մարդ եմ, ինչպե՞ս կարող եմ ապրել ու խաղալ կանոններով: Չէ´, չեմ սիրում, ես իմպրովիզի դերասան եմ, բեմում սիրում եմ անակնկալներ: Էլ ի՞նչ դերասան, որ երևակայություն չունենա: Չեմ սիրում, երբ ռեժիսորը դերդ մանրակրկիտ մատուցում է քեզ. էլ ո՞ւր մնաց շնորհքդ, հոգուդ ու կամքիդ ազատությունը, քո՞նը ուր մնաց: Ես պետք է ազատ խաղամ: Սա քմահաճույք չէ, այլ ինքնադրսևորում: Աշխատել եմ Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ղափլանյանի, Խորեն Աբրահամյանի հետ: Ամեն մեկն իրենն է թելադրել: Ճիշտ է, նրանք մեծագույն ուսուցիչներս են եղել, սակայն դերասանը պետք է ունենա անհատականություն. պետք է վերցնի այն, ինչ տալիս է ռեժիսորը, բայց և ավելացնի իրենը: Թատրոնը դրանով է հետաքրքիր, որ խաղդ օր-օրի կարող ես հղկել, մշակել, դարձնել կատարյալ: Այսօր, երբ հետադարձ հայացք եմ գցում անցյալի վրա, զարմանում եմ, թե որքան բան եմ սովորել արվեստի մեծերից, որքան երջանիկ եմ, որ ապրել եմ նրանց կողքին: Գուլակյանն ասում էր. «Թատրոնը շատ խոչընդոտներ ունի, զգո´ն եղեք, ճի´շտ պահեք ձեզ թատրոնում»: Այդ խոսքերն առ այսօր հնչում են իմ ականջներում: Ե´վ նա, և´ Ղափլանյանը մեր մեջ տեսան ինչ-որ լավ ու կարևոր բան: Ես շատ անմիջական էի, դրա համար էլ շահեցի նրանց վստահությունը, սերն ու համակրանքը: Ապրում ես իսկապես այն ժամանակ, երբ վայելում ես ուրիշների համակրանքը: Տառապել, ապրել ու ապրեցնել. ահա դերասանի առաքելությունը, - գրել է դերասանուհին: Ազգային ակադեմիական թատրոնում դերասանուհի Ժենյա Ավետիսյանը ստեղծել է մոտ հիսուն դերատիպար, որոնցից առանձնացել են Բիանքան («Օթելլո»), Ինկեն Պետերսը (Գ. Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»), Սալոմեները (Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» և «Քանդած օջախ»), Էփեմիան(«Պեպո»), Նադինկան («Կտակ»), Լիդոչկան (Ա. Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ»), Վարդուհին (Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Որմիզդուխտը (Պ. Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը»), Վալյան (Ժ. Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից»), Ժենյա Կամիլկովան (Բ. Վասիլևի «Արշալույսներն այստեղ խաղաղ են») և ուրիշներ, որոնցից յուրաքանչյուրը դերասանուհու անհատականության դրոշմն ունի իր վրա: Այս կերպարները վկայում են դերասանուհու ստեղծագործական ընդգրկումների ազատության, գեղարվեստական-գեղագիտական տարբեր սկզբունքների ներհյուսումների մասին: Անվանի դերասանուհու ստեղծագործության մեջ առանձնակի տեղ են գրավում նրա ասմունքն ու կինոկրկնօրինակումները: Ժենյա Ավետիսյանը ասմունքի արվեստում ևս հոգևոր ուսուցիչ ընդունեց Մետաքսյա Սիմոնյանին, սակայն աստիճանաբար հեռանալով` ստեղծեց սեփական դպրոցը, երբ ցանկացած գրական ստեղծագործություն վերածվում է յուրատեսակ դրամատիկական մենախոսության` երբեմն խոսքին միահյուսելով երգը: Ազգային կինեմատոգրաֆում ևս ահռելի ներդրում ունի Ժենյա Ավետիսյանը, իսկ նրա ամենացայտուն կինոկերպարը Նատոն է Սերգեյ Իսրայելյանի «Գիքորը» ֆիլմում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ