Ծանր է ծննդավայրի կորուստը: Նրա մասին հիշողությունը անցնում է սերնդե¬սերունդ, դառնում ազգի հերոսական պատմություն: Պատմություն, ուր հերոսանում է նաև հայ կնոջ կերպարը: Այդ կանանցից մեկն է Աննման Հակոբքյոխվյանը:Ի՞նչ էլ անում եմ, մտքով իմ Գետաշենում եմ


Ծանր է ծննդավայրի կորուստը: Նրա մասին հիշողությունը անցնում է սերնդե¬սերունդ, դառնում ազգի հերոսական պատմություն: Պատմություն, ուր հերոսանում է նաև հայ կնոջ կերպարը: Այդ կանանցից մեկն է Աննման Հակոբքյոխվյանը:Ի՞նչ էլ անում եմ, մտքով իմ Գետաշենում եմ Ծնվել է 1937 թ. Գետաշենում: Ավարտել է Երևանի Հիդրոմելորատիվ տեխնիկումը: Հակոբ պապն իր տոհմի տանուտեր լինելը պահպանելու համար այն դարձրել է ազգանուն` Հակոբքյոխվյան: Աննմանը շատ էր տարբերվում իր տարեկից աղջիկներից: Մայրը հաճախ էր սաստում նրան. «Ընհենց էս քելում, վեր հողը վետիտ տակվին տյոտոտ ա կյամ: Ա˜ ծամդ կտրած, աղջիկ ես, չոբան Սաքին չես: Աղջի˜ տյուն պիտի տղա ծնված ըլնեիր, ա˜ անունդ չկտրի»: Անունը չի կտրվել: Ճանաչվել, տարածվել է գյուղից¬գյուղ: Հայրենի գյուղում զբաղվել է ժողովրդական բժշկությամբ (սնղչի)` բուսաբուժությամբ, լավ բուժքույր է եղել: 1989 թ. Գետաշենը շրջափակման մեջ էր: Շփումը միայն օդային ճանապարհն էր: Ուրիշ է հայ կնոջ կերպարն` օրհասի պահին: Նրանք միշտ էլ սատարել են իրենց այրերին ու որդիներին, իրենց հերոսական պահվածքով ամուր թիկունք եղել ու գոտեպնդել նրանց: Գետաշենի կանայք զենքը ուսին հող են մշակել, կրակոցների տակ բերք են հավաքել ու պահել են ժողովրդին: Քանի անգամ գիշերը սողալով, թաքնվելով` Աննմանը հասել է մինչև գոմեր, կերակրել անասուններին և վերադարձել: Անգամ դպրոցը չեն թողել փակվի: Թաթուլ Կրպեյանը դաս է տվել այդ դպրոցում: Հայերի միասնականությունն ավելի էր կատաղեցնում ազերիներին: 1990 թ. Ազատ և Կամո գյուղերը բռնի տեղահանում են: Ռուսական զորքը մասնակցում էր հայկական գյուղերի ջարդերին: Կանայք Աննմանի ղեկավարությամբ ստեղծում են կանանց ջոկատ` ուժեղացնելով ինքնապաշտպանական ջոկատների շարքերը: Պատմում է Գետաշենի գլխավոր բժիշկ Սարգիս Հակոբքյոխվյանը. - Աննմանն իմ քույրն է: Ինձ համար շատ դժվար էր տեսնել նրան կռվի թեժ գծում: Կանանց ջոկատը Տիզատեղի դիրքերում էր: Թաքուշը, Անգինը, Հայկուշը, Աննմանը հերթով կանգնում էին դիրքերում: Զինամթերք, ուտելիք էին հասցնում ֆիդայիներին: Գիշերն Անգինը զենքը ձեռքին հսկում էր հիվանդանոցի տարածքը: Հիվանդանոցից քիչ հեռու, արհեստանոցում փակված գերիներին հսկում էր Աննմանը: Մի գիշեր նա տարածքում շարժում է զգում և կրակում է` սպանելով թուրք հետախույզին: Թուրքի դիակը քարշ տալով ասում է. «Շունը սատկացնողն է քարշ տալիս, էս Անգինի բաժինն ա»: Անգինի տղային սպանել ու այնպես էին այլանդակել, որ հարազատ մայրը չէր ճանաչել: Ռուսական բանակի գնդապետ Կալիբերդենկոն գրավոր հրաման էր տվել հայերին` հանձնել բոլոր զենքերը, տեղական գրանցում չունեցողներին տեղափոխել Հայաստան: Կանանց ջոկատը Աննմանի գլխավորությամբ հանդիպում է գնդապետի հետ. «Ասում եք, զենքը հանձնե՞նք, այսինքն հանձնվե՞նք, որ մեր րեխանցն ու ժողովրդին մորթոտե՞ք: Գետաշենն էլ Չայքենդ դարձնե՞ք:» Աննմանի զինվորական համազգեստը, ազդու հայացքն ու հատու խոսքը ազդեցիկ տպավորություն էր թողել Կալիբերդենկոյի վրա: Արիացնող է հոգեկան ուժը, որ ծնունդ է առնում մոր սրտից: Ուժ, որն այնքան անհրաժեշտ ու էական է կռվի դաշտում: Կանայք բացատրական, քարոզչական մեծ աշխատանք են ծավալում գյուղերում` կանխելով զենքի հանձնումն ու երկպառակտումը ժողովրդի մեջ: 1991 թ. ապրիլի 29¬ի գիշերը, լույս 30¬ի առավոտ ազերի օմօնականները ռուսական 4¬րդ բանակի հետ գրոհեցին ու գրավեցին Գետաշենը: - Բժիշկ, ի՞նչ ելք էիք տեսնում այդ վիճակից: - Դժոխային խառնաշփոթ էին ստեղծել: Ռմբակոծում էին վերևից: Այլևս ոչինչ հնարավոր չէր անել: Բարձրախոսներով անընդհատ կրկնում էին. «Հանձնվեք, ասեք ֆիդայիների տեղը, հանձնվեք»: Մեզ միայն մնում էր հանձնվել: Մարտունաշենցիների դուրս բերումը գյուղից կազմակերպել էր Սիմոն Աչիգյոզյանը (Դեդ): Կանայք մեզ հետ էին: Աննկարագրելի էր նրանց ցասումն ու վրեժի ծարավը: Աննմանն օգնում էր ժողովրդին` ճեղքել շրջափակումն ու հեռանալ: Տեսնելով, որ թուրքերը մոտենում են, նա նռնակը նետեց: Մազապուրծ փախցրեց մարդկանց: Վիրավորներին շալակած, գրկած բերում էր դիրքերից: Տղային` Մելսիկին (Արամ) կիսամեռ գտել էր ճանապարհին: Մենակ տարել էր մի ապահով տեղ, վերքերը մշակել ու թաքցրել: - Աննման, հիմա ինչ¬որ չափով փարատվել է կորստիդ ցավը: - Ինձ համար հիմա էլ մղձավանջ է: Չգիտեմ որտե՞ղ եմ` Գետաշենում, թե՞ Արզնիում: Ո՞րն է իրականը, ո՞րը երազ: Գետաշենից խաղողի շիվեր ու մի քանի ծառատեսակներ ենք բերել: Արդեն բերք են տալիս: Այգի մտնելիս` ինձ թվում է Գետաշենի այգին է: Էն ծաղիկների, ծաղկած ծառերի գարնան անուշ հոտը դեռ հիշողությանս մեջ է: Ծառերին նայում եմ` նույնն է, բայց հողն ուրիշ է, համն էլ ուրիշ: Ի՞նչ էլ անում եմ, մտքով իմ Գետաշենում եմ: Մեր տունը, մեր կարմիր ձին, որի մեջքին անտառից ցախ էինք բերում: Անտառի էն թռչունին եմ հիշում, որ կանչում էր, արահե˜յ, արահե˜յ: Հիմա ես եմ ձեռս ծնկիս խփում ու կանչում` արահե˜յ, արահե˜յ:

Ալլա ԹՈՐՈՍՅԱՆ