Հայ-բելառուսական սուպերմարկետի գովազդը


Երեկ` օգոստոսի 4-ին, կայացավ ՀԱԿ-ի և իշխանությունների աշխատանքային խմբերի (կամ պատվիրակությունների) թվով չորրորդ հանդիպումը: Երկար ժամանակ քննարկման նյութ և այսօր վերջապես իրականություն դարձած երկխոսությունն ամենատարբեր գնահատականների ու բնութագրումների է արժանանում այլ քաղուժերի կողմից: Ի՞նչ կարծիք ունի այս երկխոսության և ընդհանրապես երկրում իրականում արդեն գոյություն ունեցող նախընտրական զարգացումների մասին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Մեր հյուրն է կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: -Լևոն Տեր-Պետրոսյանն օգոստոսի 2-ի հանրահավաքում իր ելույթում շատ լավ ասել է` գնում են ֆորմալ հանդիպումներ: Ես գտնում եմ, որ սա թղթե տնակ է, և երբեք ժողովուրդը չպետք է խաբվի. այսօր ՀԱԿ անվան տակ նույն ՀՀՇ-ն է հանդես գալիս, և դրա փայլուն ապացույցն այն պատվիրակությունն է, որը ՀԱԿ-ի անունից բանակցություններ է վարում իշխանությունների հետ: - Դուք թղթե տնակ ասելով նկատի ունեք ՀԱ՞Կ-ին, թե՞ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը: - Նկատի ունեմ այդ երկխոսությունը: Որովհետև երբ նայում եմ ՀԱԿ-ի պատմությանը` ինչից սկսեցին և ինչի վրա կանգ առան. ավազակապետություն, թաթար-մոնղոլական չգիտեմ ինչ… Ի˜նչ եկավ բերանները` ասացին իշխանությունների հասցեին: Առաջադրեցին 15 կետից բաղկացած պահանջներ, վերջում կանգնեցին արտահերթ ընտրության պահանջի վրա: Ես ուզում եմ մեր ժողովրդին զգուշացնել. ՀԱԿ-ը նույն ՀՀՇ-ն է, որի սարդոստայնում հայտնվել ենք դեռևս 90-ականներից, տեսել ենք կառավարման մեթոդները, մենք տեսել ենք երկրի վիճակը: Ինչ վատը կա այսօր` թալանի, կոռուպցիայի ու կաշառակերության, դրա հիմքերը դրվել են 90-ականներից… ինչ-որ վաուչերներ բստրելու, Խորհրդային Հայաստանի ժողովրդի 13 միլիարդը թալանելու… ո՞ր մեկը հիշատակես: Այս ամենը ծանրանում է այդ իշխանությունների վրա: Բայց սա չի նշանակում, որ այսօրվա իշխանությունները չքմեղ են ու անմեղ: Այսօրվա իշխանությունը շարունակեց այն, ինչի հիմքը դրվել էր 90-ական թվականներին: Եվ այսօր էլ կա արտագաղթ, փախուստ երկրից: Դուք չեք կարող ցույց տալ մի գործարան, որի փայատերերից մեկն այդ գործարանում 30 տարի աշխատած բանվոր լինի: Մեր երբեմնի խոշոր գործարաններն այսօր փակ են: Հետո էլ ասում են` գործազրկություն: Խորհրդային Հայաստանում օրական բեռնվում ու բեռնաթափվում էր 4 հազար վագոն ժողովրդատնտեսական բեռներ: - Ես գիտեմ Խորհրդային Հայաստանի պաշտոնական տվյալները. Խորհրդային Հայաստանում գործազրկությունը կազմում էր 20 տոկոս, այնուհետև մեքենաշինությունը զարգացնելու շնորհիվ այն իջավ, չեմ հիշում` 16, թե 14 տոկոսի: Այս տեղեկատվությունը ժամանակին Կարեն Դեմիրճյանն է հրապարակել: - Եթե մարդը գործազուրկ էր, ապա ոչ այն պատճառով, որ գործ չէր ճարում, այլ փնտրում էր այնտեղ, որտեղ ինքն էր ուզում աշխատել: Խորհրդային Հայաստանում խուլն էլ էր աշխատանք ստանում, համրն էլ, կույրն էլ, մարդը բանտարկությունից վերադառնալուց մեկ շաբաթ հետո դուռը ծեծում էին, թե պետք է աշխատես: - Այսօր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների: Այդ առումով Դուք ի՞նչ եք մտածում: - Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միշտ գտել է, ու հիմա էլ ուզում եմ մեկ անգամ ևս բարձրաձայնել, որ ընտրությունները պետք է ընթանան գաղափարական պայքարի դաշտում և ոչ թե` ով բարձր կգոռա, կամ ով ինչ ունեցվածք ունի, ով կեղծելու ինչ հնարավորություն ունի: Մեր գաղափարափոսությունը ստեղծված է շարքային մարդու համար: - Ե´վ ՀՅԴ¬ն, և´ Հայաստանի դեմոկրատական, և´ Հնչակյան կուսակցությունները (ու ոչ միայն նրանք), նույնպես պնդում են, որ ընտրություններում պետք է մրցակցություն ծավալվի գաղափարախոսությունների միջև: - Այն ուժը, որն իր հիմքում իսկապես կդնի սոցիալիստական գաղափարախոսությունը և ոչ թե ամեն պահի կթռնի աջից ձախ, ձախից աջ` շահի հետևից, այդ ուժի հետ մենք կարող ենք համագործակցել: Ե´վ դեմոկրատները, և´ հնչակները չեն ասում, թե իրենք համակարգը պետք է փոխեն (այսինքն` արտադրական ամբողջ միջոցները վերադարձնեն ժողովրդին), որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդը կարողանա իր աշխատավարձով իր հոգսերը հոգալ: Այն ուժերի հետ, որոնք մտադիր են թողնել, որ այս` ազատական համակարգը մնա, մենք համագործակցության չենք գնա: Համակարգը փոխել ասելով` Հայաստանի կոմկուսը նկատի ունի ժողովրդից խլվածը ժողովրդին վերադարձնելը, սոցիալական արդարության սկզբունքները վերականգնելը: - Իսկ Հայաստանի կոմկուսը չի՞ պատրաստվում, արդյոք, իր մասնատված թևերը միավորել: - Մեր 38-րդ համագումարում, որ տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին, այդ մասին մեզ նամակով դիմել էր Առաջադիմական կոմունիստական կուսակցության ղեկավարութ յունը, և մենք ստեղծել ենք այդ հարցով զբաղվելու հատուկ հանձնաժողով, մեկ անգամ էլ հանդիպել ենք: Հանձնաժողովն աշխատում է, և որոշ հարցեր պարզաբանելուց հետո մենք կհանգենք համապատասխան եզրակացության և միասին կորոշենք մեր հետագա անելիքները: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի 5 տոկոսանոց արգելքը հաղթահարենք: Չնայած` բարդությունները շատ են: Օրինակ, ընտրությունների գրավի չափը շատերի, այդ թվում նաև մեզ համար դժվարություններ է հարուցում. 8 միլիոն է, թե ինչ. որտեղի՞ց պետք է լինի, երբ մեր կուսակցությունը հազիվ գոյատևում է իր անդամավճարների հաշվին: Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին մեր առաջարկությունները մղվեցին հետին պլան: Առաջարկել էինք, որպեսզի մտցվի պատգամավորին հետ կանչելու մեխանիզմը, որ պետք է վերացվի պատգամավորի անձեռնամխելիությունը: Անցյալ` 2007թ. ընտրություններում միայն Արագածոտնի մարզում մեր ձայներից 200-ից ավելին գողացան: Կեղծիքը, մարդկանց ահաբեկելը, կաշառելը… այս ամենը դարձել են չակերտավոր գաղափարական հարցերի մի զգալի մաս, որն ավելի շատ ազդեցություն է թողնում ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա, քան լոկ գաղափարախոսությունը: -Իսկ մոտավոր հաշվարկ արե՞լ եք, արդյոք, թե ընտրողների ո՞ր տոկոսի քվեները կարող եք ստանալ ընտրություններում: - Մեկ տարի առաջ, երբ հանդես էի գալիս «Կենտրոն» հեռուստաընկերությունում, ուղիղ եթերում հարց դրվեց` «Արդյո՞ք համաձայն եք սոցիալիստական կարգերի վերադարձին»: 63 տոկոսը «Այո» քվեարկեց: Հիմա ավելի շատ կլինի: Եթե չլինեն այդ արատավոր, ստվերոտ կողմերը, հաստատ համոզված եմ, որ Հայաստանի ժողովրդի մեծ մասը ձայն կտա կոմունիստական կուսակցությանը: - Դուք արդյո՞ք հնարավոր համարում եք միայն մեկ` օրինակ` մեր հանրապետությունում, խորհրդային կարգերի վերականգնումը: - Բարդ կլինի: Բայց եթե ժողովուրդը կպնի, կստեղծի իր երկիրը, որը իրեն է պատկանում: 20 թվականին ժողովուրդը բահով, քլունգով հզոր Մյասնիկյանի գլխավորությամբ կառուցեց Խորհրդային Հայաստանը, որովհետև գիտեր, թե ինչի համար է ինքն աշխատում: Իսկ ի՞նչ ծրագրով ենք մենք աշխատում. 20 տարի է` ի՞նչ ենք կառուցում էս երկրում: 4 միլիարդ պարտքն արդեն կոկորդներս բռնել է: Հայ-բելառուսական մեծ սուպերմարկետ կա Չարբախում. ես հեռուստատեսությամբ դրա գովազդն եմ լսում. «Եվրոպական որակ, սովետական գներ»: Սա բնութագրում է այսօրվա էությունը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ