Ինչպես միշտ` ջերմ ու սրտաբուխ


Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում վաղուց արդեն ավանդական են դարձել «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» գրական ստուդիայի անդամների հավաքները: Ամեն շաբաթ ուսանողները ներկայացնում և քննարկում են իրենց իսկ նոր ստեղծագործությունները:

Ստուդիային անդամակցում ու աշխատանքներին մասնակցում են ոչ միայն հանրապետության տարբեր բուհերի, այլև ստեղծագործողներ Երևանից, տարբեր շրջաններից ու արտասահմանից` առանց տարիքային սահմանափակման ուսանողներ:

Չնայած ամառային տապին, անցյալ շաբաթ նորից մարդաշատ էր գրադարանի ընդարձակ ընթերցասրահի դահլիճը: Այս անգամ գրականության սիրահարների հավաքի առիթը գրական ստուդիայի անդամ, Հունաստանի Սալոնիկ քաղաքում բնակվող Մարգարիտա Մնացականյանի «Ճերմակաշուշան անուրջներ» գրքի շնորհանդեսն էր: Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը հավաքվածներին ներկայացրեց Մարգարիտա Մնացականյանին, այնուհետև գրքի գրական-գեղարվեստական արժանիքների մասին խոսեցին գրքի խմբագիր Վարուժան Խաստուրը, սրբագրիչ Անահիտ Տարոնցին: Շնորհավորական խոսք ասացին ընթերցողներ, ընկերներ, հարազատներ: Միջոցառումն, ինչպես միշտ, ջերմ էր, հնչող խոսքերն ու գնահատանքը` անկեղծ, սրտաբուխ:

Խորհրդանշական էր, որ հատկապես այդ օրը Տիգրան Պետրոսյանցը Մարգո Մնացականյանին հանձնեց «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայական և նշեց, որ նա հաստատվել է գրական ակումբի ներկայացուցիչ Հունաստանում:

Ինքնաբուխ էր նաև բանաստեղծուհու խոսքը`

- Ես երջանիկ եմ, ես լցված եմ աշխարհիս բոլոր հայտնի հպարտություններով, որ այսօր այստեղ, ձեր մասնակցությամբ կյանք մտավ իմ գիրքը, շնորհակալ եմ իմ հրատարակչից, շնորհանդեսի կազմակերպչին, ձեզ բոլորիդ…

Անի ՅԱՆ