Օտար երկրում ապրելը չի օտարացրել նրան


Սերբիայում բնակվող նշանավոր հայերից է գրող Անուշ ԲԱԼԱՅԱՆԸ:

Անուշ Բալայանը ծնվել է 1965 թվականին Երևանում: Սովորել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի «Միջազգային հարաբերություններ» բաժնում: 1995-ին տեղափոխվել է Բելգրադ, որտեղ ապրում ու ստեղծագործում է`` հայ մշակույթը ներկայացնելով սերբ ժողովրդին, իսկ սերբական արվեստը`` հայերին: Այդ տարիներին բանաստեղծությունները տպագրվել են տարբեր օրաթերթերում: Մասնակցել է Գրողների միջազգային հանդիպմանը, այնուհետև` «Սիրո խոսք» պոեզիայի 3-րդ միջազգային փառատոնին` Դեսպոտովացում: «Սերբ գրողները հայրենիքում և սփյուռքում», ինչպես նաև «Պոետ» գրողների միության անդամ է: Նրա հետ կայացած հարցազրույցը սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողին:

- Տարիների հեռվից գնահատելով Ձեր անցած ճանապարհը` ինչպե՞ս կներկայացնեք այն:

- Հայտնվելով օտար երկրում, միանգամայն օտար միջավայրում, կարճ ժամանակում ընդգրկվել եմ սերբական գրական աշխարհ` ներկայացնելով իմ պոեզիայի սերբերեն թարգմանությունները: Պետք է ասեմ, որ մինչև այս գրքի լույս աշխարհ գալը` շատ դանդաղ է ընթացել իմ անցած ճանապարհը: Ես միայն հաճախում էի գրական երեկոներին, արտասանում իմ ստեղծագործությունները: Ավելիին հասնելու, այսինքն այս գրքի հրատարակման համար պետք էր բարի կամք ունեցող մարդկանց համագործակցումը: Դեռ երեք տարի առաջ էին սկսվել աշխատանքները` սրբագրություն, նկարազարդումներ, համակարգչային շարվածք: Ամենակարևորն էլ տպագրման ծախսերը հոգացող բարերարի աջակցությունն էր: 

Երևանյան շնորհանդեսը գրքի անցած ճանապարհի վերջնակետի հարցում ամենալուսավոր պահն  էր: Հեռանալ Երևանից և կրկին վերադառնալ` որոշակի հաջողութ յան հասած, առավել ևս` ջերմ ընդունելություն գտնել հայրենակիցներիս մոտ: Այսօր ես հենց այդ զգացումն ապրեցի` տեսա իմ հարազատների հպարտ հայացքները և անծանոթ մարդկանց դեմքերին կարդացի հիացմունք ու համակրանք: 

- Ապրելով հեռավոր Սերբիայում, ինչպիսի՞ հայապահպան գործունեություն եք ծավալում:

- Առաջին հերթին սկսում եմ իմ ընտանիքից, որտեղ ամուսինս ազգությամբ սերբ է, իսկ մեր դստրիկը` սերբահայ: Այն, որ իմ երեխան իր ծննդավայր Սերբիայում, երկու տարեկանից սկսած գործածում է հայերենը սերբերենին համահավասար, իմ ամենամեծ հաջողությունն է: Ես հայոց լեզուն չեմ լռեցրել: Ավելին, դստերս տասնհինգամյա ընկերներն ինձ հանդիպելիս, ասում են` «Բարև, սիրում եմ քեզ», «լավ եմ, դու ոնց ես» և շատ այլ արտահայտություններ են սովորել: Մի քանի դասավանդում եմ անցկացրել դստերս հանրակրթական դպրոցում, ուր հենց իր ընկերներն էին հաճախում: Պետք է ասեմ, որ շատ ընդունակ են և լավ են յուրացնում հայերենը: Կուզենայի այդ ուղղութ յամբ ավելին անել. իմ հայրենակիցների համար կիրակնօրյա դպրոց ստեղծել, ուր անգամ սերբերը կհաճախեն:

Հայապահպանության իմ փոքրիկ ավանդն եմ համարում սերբ երգիչներին հայերեն երգեր սովորեցնելը: Երբ օտարը տեսնում է, որ հարգում ես սեփական մշակույթդ, ինքն առավել հարգանքով է վերաբերվում: Օրինակ, երիտասարդ պարուսույց Վլադիմիր Ռադոնյիչն ընդունեց իմ առաջարկը և իր ազգագրական պարերի «Շաֆարիկ» համույթում ընդգրկեց «Քոչարի» պարը:

Հայկականն ընդունված է նաև իմ կենցաղում: Օրինակ` ընկույզի մուրաբա, ընկույզով սուջուխ, ապխտած միս եմ պատրաստում, թխում եմ փոքրիկ լավաշիկներ, գաթա: Այդ ամենը հրամցնելով` շեշտում եմ դրանց ազգային ծագումը:

Օտար երկրում հայապահպանության նպատակով Հայ-սերբական ընկերության ստեղծումն ընթացքի մեջ է գտնվում: Հուսով եմ` հաջորդ անգամ Հայաստան գալ ավելի և նոր ասելիքներով:

- Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատանքները, ինչպե՞ս են ծնվում դրանք:

- Իմ աշխատանքները ծնվում են  ուժեղ տպավորություններից, շրջապատի, ինչու ոչ. նաև համաշխարհային աղետների անձնական  ընկալումներից, մի հասարակ բառից: Ծնվում են մարդկային ամենագեղեցիկ զգացման` սիրո մշտավառ ապրումներից, զղջումից, ոգևորություններից, կարոտից:

Շատ տարիներ առաջ «Պիոներ կանչի» խմբագիրն ինձ ուղղություն տվեց, ասելով, որ բանաստեղծն իր շրջապատի երևույթները պետք է բանաստեղծորեն ընկալի: Կարծում եմ, որ երբեք տարանջատված չեմ եղել այդ թանկարժեք խորհրդից:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ