ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՏԱՐԱԳՈՒՅՆ ՄԻ ԳՈԲԵԼԵՆ


Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների 11-րդ մրցույթի ինն օրերի ընթացքին ներգրավվածները համամիտ էին հնչած մի կարծիքի հետ.

- Գոնե իտալացուն տայիք առաջին մրցանակը: Անդրեան սրանից անթերի նվագեց Խաչատրյանի կոնցերտը,- ազնվորեն ընդվզեց մոլի երաժշտասեր մի կին, ով, հին բարի օրերի սովորույթով, իր ծաղկեփնջով էր եկել մրցանակաբաշխությանը:

Իսկ հաղթող էր ճանաչվել սերբուհի Իվա Միլետիչը:

- Միջազգային չափորոշիչներին հարիր կազմակերպված խաչատրյանական 11-րդ մրցույթի մասնագիտական հեղինակավոր հանձնախմբին (նախագահ` Էդուարդ Թադևոսյան), անշուշտ, պատիվ չի բերում կատարողական վարպետությունից առավել կարևորել գնահատման «չգրված օրենքները», թող որ «ի վերուստ» թելադրված...

Այնուամենայնիվ, մեծամասնությունը բավարարվեց եզրափակիչի 5 մասնակիցների խրախուսական մրցանակների առատությամբ: Ի դեպ, ունկնդիրներն այդ օրերին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ներկա էին գտնվել Հենրիկ և Գերոնտի Թալալյան եղբայրների անվան ալտի և թավջութակի 6-րդ փառատոնի հերթական 2 համերգներին: Փառատոն, որն ընդգրկումով միջազգային էր, բայց` հանրապետականի կարգավիճակով: Եվ ամենաերկարատևն էր` երաժշտահանդեսներից:

Խորհրդանշական էին «Թալալ
յան եղբայրների» 6-րդ համեր-գաշարի առաջին տխրատամուկ ակորդները: Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին իրենց երաժշտական ողջակեզն էին մատուցում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) երաժիշտները` Արամ Թալալյանի համակամ առաջնորդությամբ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանի (ջութակ) և Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի ալտահար Վաչե Հովեյանի մենակատարությամբ մերթ հուզառատ, մերթ խրոխտ հնչում էին անզուգական Միխայիլ Կոկժաևի «Նահատակներին» համամարդկային շեշտադրությամբ էլեգիան և Վարդ Մանուկյանի` ընդգծված հայկական ելևէջումներով կոնցերտը: Հատկանշական է, որ Վ. Մանուկյանի ծննդյան հոբելյանի նշանավորումը զուգորդվել էր հատուկ այս համերգի համար նրա գրած նոկտյուրնի հանրաճանաչմամբ: Կոմպոզիտոր մոր հուզմունքը կրկնապատկվել էր. զգալի էր որդու` Վաչեի ջանադրությունը, որպեսզի առավել ներազդու լինի իր երաժշտակտավի կատարումը:

«Իմ սիրտը լեռներում է»` միջնարարից հետո կարոտագին զրնգում է Դանիել Մելքոնյանի շեփորը` լարայինների և դաշնամուրի նվագակցությամբ:

Փոխվում են երաժշտական հնչերանգներ և տոնականորեն պոռթկում են 95-ամյա Ալեքսանդր Հարությունյանի «Ռապսոդիայի» և «Արագած» սյուիտի հանրածանոթ մեղեդիները:

- Հրաշալի երաժիշտ է Արամ Թալալյանը, բազմաշերտ տաղանդով օժտված արվեստագետ, - իր հիացմունքը բարձրաձայնում է ՀՊԵՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:- Ընդամենը մի քանի փորձով նա լիակատար փոխըմբռնում գտավ իր պարզ ու խորունկ պարզաբանումներով, անթերի նվագով:

Երաժշտական տարագույն մի գոբելեն են ձևավորում ալտի և թավջութակի 6-րդ փառատոնի համերգները: Իսպանական հանրահայտ երաժշտության երեկոյի գլխավոր դերակատարն է դառնում դաշնակահար Ալֆրեդո Օյագուեզ Մոնտերոն: Ուսուցողական համերգ-դասախոսությունների դյուրընկալ հունով են նշանավորվում Ռուբեն Սարգսյանի և Գագիկ Հովունցի հոբելյանակատարությունները: Ներկաներից շատերի համար առանձնակի տպավորվիչ էր ջութակահար Անի Բատիկյանի (Մեծ Բրիտանիա) կատարողական նրբին վարպետությունը: Մերօրյա երգահաններից շատերի ստեղծագործական դիմանկարն ամբողջանում է նորաստեղծ երկերի առաջին կատարումներով: Այս անգամ առաջին կատարումներ էին Վաչե Շարաֆյանի «Երգի փայլող ուրվագիծը» վալս-սյուիտի (մենակատար` ալտահար Յանա Դարյան), Յակով Յակուլովի «Գնչուական ռեքվիեմի» (մենակատար` Բորիս Լիֆշից, Շվեյցարիա), Միխայիլ Բրոնների «Հակոբի սանդուղքը»` նվիրված Արամ Թալալյանին (մենակատար` թավջութակահար Լևոն Առաքելյան): Հուզմունքի ալիք է բարձրանում հանդիսասրահում, երբ Բորիս Լիֆշիցի և Յանա Դարյանի զուգանվագով հնչում է Կոկժաևի «Ասքը»` ի հիշատակ Ռաֆայել Հակոբյանցի:

Հանրային պահանջարկ վայելող 
այս երաժշտատոնի շնորհիվ է, որ մեզանում վերստին բորբոքվեց թավջութակի և ալտի նկատմամբ կտրուկ նվազած հետաքրքրությունը` Թալալյանների տաղանդավոր հետնորդ ՀՀ վաստակավոր արտիստ, հմուտ մանկավարժ, դիրիժոր, մշակութային գործիչ Արամի եռանդուն ջանադրությամբ: Ասվածի փայլուն հավաստիքը մեկ տասնյակից ավելի մանկահասակ շնորհալի թավջութակահարների և ջութակահարների համերգն էր:

- Նրանց ելույթները մասնագիտական, կատարողական հմտությունների ներկայացման իմաստով բավական հուսադրող էին և հեռանկարային,- ասում է նրանց ուսուցչուհի Գայանե Ռաֆայելյանը:- Նրանց կատարումներում առկա էր ներուժի առավելագույն կենտրոնացումն ու նվիրվածությունը` սիրելի թավջութակին և «Թալալյան եղբայրներ» փառատոնին: Հիմնարկեքից մինչ այժմ բազմաթիվ սաներիս համար ամենամյա այս յուրատեսակ հաշվետվությունը չափազանց մեծ խթան է հանդիսացել հետագա ուսումնական պրոցեսում:

Հայդնի, Մոցարտի, Շումանի, Բրամսի և հռչակավոր ուրիշ դասականների գործերի կատարումներով է հագենում ալտի և թավջութակի 6-րդ փառատոնի երաժշտական գոբելենը, որի ավարտական «վրձնահպումները» իրագործվեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում` Միացյալ Նահանգներից ժամանած ջութակահար Մարինա Մանուկյանի մասնակցությամբ:

Հարկ է խոստովանել, որ 6-րդ փառատոնի հուսադրող նորահայտնություններից էր նաև 2009-ին «Արս լունգա» դուետ կազմած դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի և թավջութակահար Արամ Թալալյանի նաև կազմակերպչական հմտությունը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ