«Նազարյանը Բիբինի ենթական է»


Պարզվում է, որ տարիներ շարունակ Հայաստանի հասարակությունը գտնվել է, այսպես ասած, էներգետիկ թմբիրի մեջ և առանձնապես չի էլ հասկացել, որ ատոմակայան և բավականին հիդրոռեսուրսներ ունեցող երկրում ինչպե՞ս կարող է հոսանքի սակագինը ամենաթանկը լինել` տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում: Մի երկար ընթացք հասարակությունը սրտնեղում էր միայն իր թաղամասն ու իր հաշվիչը «սպասարկող» էլեկտրիկից` չիմանալով, սակայն, որ նա այդ ահռելի շղթայի ընդամենը վերջին օղակն է և պարտավոր է իրականացնել վերևից տրվող ցանկացած հրահանգ: Հիմա կարծես պարզվում է, թե իրականում որտեղից է սկսվում հոսանքի սակագնային քաոսը: Էներգետիկ համակարգում տիրող իրավիճակի և դրա շուրջ սպասվող հետագա զարգացումների մասին է զրույցը ՀՀ հանրային խորհրդի անդամ  Արշակ ՍԱԴՈՅԱՆԻ հետ:

- Հոսանքի սակագնի վերջին թանկացումը շոկային էֆեկտ առաջացրեց և ասես թմբիրից արթնացրեց հասարակությանը: Հասարակության ճնշման հետևանքով կծիկը կարծես կամաց-կամաց սկսվում է քանդվել, և ցանկացած բացահայտում նոր ցնցումի պատճառ է դառնում: Մասնագետներն ասում են, թե ոլորտը կարգավորող օրենքները վատը չեն: Այդ դեպքում ինչո՞ւ է այս ոլորտում պատկերն այսքան տխուր:

- Իմ տպավորությամբ Հայաստանը նմանվել է մի գաղութային գավառի, որի էներգետիկ կարողությունների մոտ 70-80 տոկոսը մեզ չեն պատկանում:

Եվ Հայաստանի էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակը բավական անհանգստացնող է:

Խնդիրն այն է, որ և´ Հրազդանի ՋԷԿ-ը, և´ Հրազդանի 5-րդ բլոկը, և´ Սևան-Հրազդան ու Որոտանի կասկադները չեն պատկանում Հայաստանին: Միակ էլեկտրակայանը, որը պատկանում է Հայաստանին, Երևանի ՋԷԿ-ն է, և կարող եմ ասել, որ այն շատ արդյունավետ է աշխատում:

- Ձեր կարծիքով` մեր էներգետիկ կարողություններն օտարին տալու հետևանքո՞վ է, որ այսօր հոսանքի սակագինն ամենաբարձրն է Հայաստանում:

- Ինչ վերաբերում է սակագնին, ասեմ. երկիր, որն ունի ատոմային էլեկտրակայան, որի արտադրած էլեկրաէներգիան մոտ երեք անգամ ավելի էժան է ՋԷԿ-ի արտադրանքից, երկիր, որն ունի բավականին հիդրոռեսուրսներ, բնական է, որ այդ երկրում էլեկտրաէներգիայի գինը պետք է էժան լիներ: Բայց հանկարծ պարզվում է, որ մեզ մոտ էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժամի սակագինը մոտ 1,5-2 անգամ թանկ է այն երկրներից, որտեղ էլեկտրաէներգիայի 80 տոկոսն արտադրվում է ՋԷԿ-երի միջոցով: Եթե ավելի ակնառու երևա, թե ինչ խայտառակություն է տիրում: Նաև ասեմ, որ միջին հաշվարկով ՀԷՑ-ը 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիան գնում է 19 դրամով և բնակչությանը վաճառում է 42 դրամով: Սա դեռ բավարար չէ, հիմա էլ ուզում է 49 դրամով վաճառել:

- Հետաքրքիր է, որ Հայաստանը գրեթե նույն գնով` 19 դրամով հոսանք է վաճառում նաև Վրաստանին, բայց հարևան երկրում բնակչությանը մատակարարվող հոսանքի սակագինը Հայաստանի համեմատ մոտ երկու անգամ էժան է: Ինչու՞:

- Մեր հարևան Վրաստանը մոտավորապես նույն գնով գնելով հոսանքը Հայաստանից, այն բնակչությանը վաճառում է ընդամենը 27-28 դրամով: Եվ այդ բոլորի մասին ոչ ոք ոչինչ չի խոսում: Այստեղ ակնհայտ է, որ այսպես կոչված մեր Հանրային ծառայությունները կարգավորող անկախ հանձնաժողովն իրականում աշխատավարձ է ստանում կարգավորման ենթակա ընկերություններից: Ուստի այս ու նաև այլ պատճառներով է, որ այդ «անկախ» հանձնաժողովը իրականում ոչ թե ծառայում է Հայաստանի Հանրապետությանը և իր բնակչությանը, այլ` իր պատվիրատուներին. մասնավորապես` ռուսական բաշխիչ ցանցերին: Տպավորություն է ստեղծվում, որ Նազարյանը Բիբինի ենթական է:

- ՀԾԿՀ-ն օրերս որոշում կայացրեց աուդիտ անցկացնել, ստանալու համար այն հարցերի պատասխանները, թե որքանով էր հիմնավորված հոսանքի վերջին թանկացման մասին իրենց որոշումը: Ստացվում է, որ աուդիտի միջոցով հանձնաժողովը փորձում է «հիմնավորել» իր քայլը: Ձեր կարծիքով իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Նազարյանի հանձնաժողովը:

- Իմ կարծիքով դա հանրությանը թյուրիմացության մեջ գցելու հերթական քայլն է: Երբ ասվում է, որ Ատոմակայանը ժամկետից ավել է վերանորոգման մեջ եղել, սակավաջուր տարի է եղել, դրամն արժեզրկվել է և այլն, դրանք լուրջ չեն: Իրականում այդ պատճառաբանությամբ արդեն իսկ անցյալ տարի մոտ 4 դրամով բարձրացվել է հոսանքի սակագինը: Այս տարի նորից նույն պատճառաբանություններով ասել, որ պետք է 17 դրամով թանկացվի` առնվազն ծիծաղելի է: Ասեմ ավելին, իրականում դրամն արժևորվել է ռուսական ռուբլու նկատմամբ: Մյուս կողմից, քանի որ ՀԷՑ-ի աշխատակազմը ռուսական ռուբլով է աշխատավարձ ստանում և իր ծախսերը հաշվարկում, ուստի ռուսական ռուբլու արժեզրկումը դոլարի նկատմամբ և մյուս կողմից էլ հայկական դրամի արժևորումը ռուսականի նկատմամբ, պետք է թույլ տար, որ ընդհանրապես նման խնդիր չլիներ: Այսինքն, իմ կարծիքով, բերված փաստարկները հնարովի են:

- Իսկապես հոսանքի սակագնի անցյալ տարվա 4 դրամով թանկացումը պետք է հնարավորություն տար երեք տարում մարել չգիտես որտեղից կուտակված ՀԷՑ-ի պարտքերը: Այսօր արդեն մեկ այլ տեղեկություն է շրջանառվում, վաղն էլ մեկ այլ բան կհորինեն: Ըստ Ձեզ` դրանք կարո՞ղ են հոսանքի թանկացման պատճառ դառնալ:

- Այսօր ասում են, որ անհրաժեշտություն առաջացավ սակավաջրությամբ պայմանավորված պարտքը ոչ թե երեք տարում, այլ մեկ տարում մարել, և այդ պատճառով են ավելացրել հոսանքի սակագինը: Բոլորս էլ հասկանում ենք. քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառվում, Կրեմլը բոլոր իր ձեռնարկություններին խեղդում է, որ իրենք ավել գումարներ մուծեն: Փաստորեն ստացվում է, որ Ռուսաստանը պահանջում է, իսկ Նազարյանի հանձնաժողովն էլ նման որոշում է կայացնում` ծառայելով ոչ թե իր ժողովրդին, այլ` օտարին:

- Վերջերս Որոտանի ՀԷԿ-երի համալիրը վաճառվեց ամերիկյան կազմակերպության: Ի՞նչ եք կարծում` սա ինչ-որ ձևով կբալանսավորի՞ համակարգի կախվածությունը ռուսական կողմից:

- Իհարկե ոչ, որովհետև Որոտանի ՀԷԿ-երն արտադրում են մեզ մոտ արտադրվող էլեկտրաէներգիայի մոտավորապես 1/6 մասը, գուցե ավելի քիչ: Բնական է, որ այս պայմաններում դա բավականին քիչ է ընդհանուր պատկերը փոխելու համար: Բայց կարող եմ ասել, որ սա գոնե ինչ-որ տեղ կարող է հույս ներշնչել այլընտրանք ունենալու համար: Էներգետիկ համակարգը երկրի անվտանգության արյունատար անոթներից մեկն է և դա տալ օտարին` նշանակում է ինքնասպանության գնալ: Ուստի, ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք հետևողական լինել և փորձենք հասարակական շարժումն արդյունավետ օգտագործել, ապա բոլոր հնարավորությունները կան, որ վերջապես մեր երկրի արյունատար անոթները վերադարձնենք մեր երկրին: Լուրջ հաջողություն կլինի բաշխիչ ցանցերն ազգայնացվեն:

- Դա որքանո՞վ կարող է իրատեսական սցենար լինել:

- Դրա առիթն էլ, հնարավորությունն էլ տրված է Հայաստանի Հանրապետությանը, քանզի բաշխիչ ցանցերն ասում են, որ եթե հոսանքի սակագինը չբարձրանա, ապա իրենք կսնանկանան: Իմ կարծիքով` ավելի լավ է իրենք սնանկանան և Բաշխիչ ցանցերը ազգայնացվեն:

- Իսկ լուրջ համարո՞ւմ եք այն խոսակցությունները, թե Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը և այս քայլերով փորձ է արվում «մաքրել» հին կեղտերը:

- Գործարար Սամվել Կարապետյանի կապիտալի հավանաբար 99 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունում է և բնական է, որ նա առաջին հերթին ռուսական գործարար համայնքի ներկայացուցիչ է: Գրեթե նույնն է` ՀԷՑ-ը նրա՞ն կպատկանի, թե՞ օրինակ` Չուբայսին, քանի որ կմնա ռուսական: Բայց բոլոր դեպքերում, նույնիսկ նման պարագայում, շատ ավելի ձեռնտու կլինի, որ այն ենթարկվի ոչ թե Բիբինին, այլ` Սամվել Կարապետյանին: Իսկ շատ ավելի ձեռնտու կլինի, որ այն ազգայնացվի:

- Փաստորեն Դուք հույս ունե՞ք, որ հնարավոր է, նույնիսկ ՀԷՑ-ի ազգայնացման խնդիր քննարկվի:

- Ես շատ լավատես եմ այս հարցում և բավական ոգևորված եմ այն դեպքերով, որը տեղի ունեցավ Բաղրամյան փողոցում: Կարծում եմ, որ այդ երկշաբաթյա գործընթացը ձևավորեց քաղաքացիական հասարակություն, որը լուրջ և կարևորագույն խթան կարող է լինել: Հուսով եմ, որ այդ երիտասարդները կշարունակեն պայքարել` իրենց երկրին տեր կանգնելու համար:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ