Մարդկային որակները ոչնչացվում են ամենուր


Իսպառ ամլացե՞լ է քաղաքական դաշտը, թե՞ դրա դերակատարները նույնիսկ արհեստական քամի չեն գտնում` տատանելու: Նկատի չունենք, որ այլևս «թեժ» գարուն-ամառ-աշուններ չեն խոստանում: Այս առումով երևի խելքի են եկել` հասկացել են, որ սպառված են իրենց հանդեպ հավատի բոլոր պաշարները:

Խոսքն ընդդիմության, ավելի ստույգ` իրենց ընդդիմադիր հռչակողների մասին է: Ի սկզբանե քաղուժերի այս թևը կարծես չէր ընկալել, որ իշխանությանը մրցակից լինել չի նշանակում նախ` հայհոյել փրփրաբերան, ապա տաքուկ անկյուն կամ համեղ պատառ որսալ նույն իշխանության թևի տակ: Չհասկացան, որ մրցակից լինել նշանակում է կոնկրետ ծրագրերով ընդդիմանալ իշխանության բացթողումներին, իսկ հարկ եղած դեպքում` նաև համագործակցել` պետականաշահ իրենց ծրագրերն իրագործելու: Այս դեպքում ժողովուրդը կհարթի դեպի գահավորակ տանող նրանց ճամփան: Եվ ուղեվարձերի ու էլէներգիայի թանկացումների դեմ պայքարող ակտիվիստների ընդվզման ֆոնին է´լ ավելի բացահայտ դարձավ, որ ընդդիմադիր ներկայացողները մեծամասամբ սեփական շահի համար են ճամարտակում: Քաղաքացիական շարժման ակտիվիստները «էս գլխից» ասում են, որ իրենք պաշտոններ կամ բիզնես ձեռք գցելու համար չէ, որ պայքարում են:

Քաղաքական գործիչ Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ զրույցը հայաստանյան ընդդիմադիր դաշտին անդրադառնալն էր, սակայն քաղաքական գործունեության հարուստ փորձ ունեցող մեր զրուցակիցը դրանից զատ այլ մտահոգություններ էլ ուներ:

- Դուք լավագույնս ծանոթ եք մեր քաղարենայի խորքային զարգացումներին: Ի՞նչ եք կարծում` ինչպիսի՞ն պետք է լինի ընդդիմությունը, ի՞նչ տեղ ու դեր պիտի ունենա: Գուցե մի փոքր խիստ հնչի, բայց այն հեղինակազուրկ է. և ոչ թե ու ոչ միայն մեր օրերում, այլ` ի սկզբանե:

- Թույլ տվեք չհամաձայնել այդ գնահատականի հետ: Ճիշտ է, և´ ընդդիմությունը, և´ իշխանությունը բավական հեղինակազրկված են այսօր, բայց ցանկացած դեպքում իշխանությունն է պատասխանատվություն կրում իրավիճակի համար: Ժողովուրդը միշտ վատ վիճակից դուրս գալու հույսերն ընդդիմության հետ է կապում: Բայց Ձեր հարցի հիմքում երևի թե կա մի մեծ գաղտնիք, որը պետք է բացահայտեմ: Ոչ միայն Հայաստանում, այլև այսօրվա աշխարհում ընդդիմությունից իշխանության անցումը ըստ էության ոչինչ չի փոխում: Եթե փոքր-ինչ ավելի պատկերավոր` դիցուք մարդը բողոքում է ինչ-որ սարքի աշխատանքից: Հայտնվում են 2 հոգի, և նրանցից մեկը պնդում է, թե անսարքության պատճառը դրա կարմիր գույնն է, պետք է կանաչ ներկել, իսկ մյուսը համառում է, թե կարմիրն ամենալավ գույնն է: Քիչ թե շատ տեղյակ մարդը կհասկանա, որ նրանք երկուսն էլ անտեղյակ են, չեն հասկանում խնդիրը: Այս պարագայում գույնը փոխել ցանկացողն ընդդիմությունն է, որն ուզում է վերցնել ղեկը: Մինչդեռ անսարքության պատճառները լրիվ ուրիշ են: Մենք ապրում ենք խաբեության, թալանի աշխարհում. մարդը մարդուց է փորձում ինչ-որ բան խլել, պետությունները` իրարից: Եվ այսօրվա աշխարհի հաջողակ, խոշոր պետություններն այդ թալանը արդյունավետ իրականացնողներն են: Բայց նրանք էլ են զոհ, որովհետև իրական գործընթացները կատարում է այսպես կոչված համաշխարհային օլիգարխիան, որի իրական ներկայացուցիչներին մենք չենք ճանաչում: Լավագույն դեպքում գիտենք նրանց կատարածու ներին, ովքեր միջազգային կառույցների, պետությունների ղեկավարներ են և նրանք էլ հաճախ չեն ճանաչում առաջին դեմքերին: Ինչո՞ւ ասացի այս ամենը. փորձեցի նկարագրել վիճակն աշխարհում, որպեսզի հասկանալի լինի, որ սա մի ճարպիկ խաղ է, և մարդիկ երբեմն չեն էլ հասկանում, որ իրենք «խաղի» մեջ են:

Մեր ընդդմադիրներից շատերն անկեղծորեն փորձում են բարելավել մեր կյանքը: Խոսքս առաջին դեմքերի մասին չէ, որովհետև նրանք, որպես կանոն, արդեն եղել են այդ դերակատարումներում և շատ դեպքերում փորձում են վերադարձնել իրենց հին դիրքերը: Իսկ ոչ առաջին դեմքերի մեջ քիչ չեն անկեղծորեն ինչ-որ լավ բան անել ձգտողները, բայց իրենց առաջնորդների հետ շարունակում են կրկնել պնդումը` «սարքի գույնի» մասին:

- Կարծում եք` ընդդիմությունը պատասխանատվություն չունի՞:

- Ո´չ, իհարկե: Նույնիսկ շարքային քաղաքացին որոշակի պատասխանատվություն ունի. էլ ո՞ւր մնաց` նա, ով ինչ-որ գործ է ստանձնում ու խոստանում է դա ավելի լավ անել իր նախորդից:

- Որքան էլ չընդունեք, միևնույն է` մեր ընդդիմության պահվածքը չափազանց հիասթափեցնող է: Իշխանություններից դժգոհությունն ինչ-որ տեղ նույնիսկ օրինաչափ է և դարձյալ` բոլոր երկրներում: Անգամ ասում են, թե առողջ հասարակությունը չի կարող գոհ լինել ամենալավ իշխանությունից իսկ: Բայց ի՞նչ են անում մեզանում իրենց ընդդիմադիր հռչակողները` բացի վերամբարձ խոստումներ տալուց: Նույնիսկ ծրագիր չեն ներկայացնում` չհաշված նախընտրական վերացական, մեկը մյուսին կրկնող տողերը: Իսկ հետո՞: Երբ ինչ-որ պաշտոն են ձեռք գցում, մոռանում են ոչ միայն խոստումները, այլև` ժողովրդին:

- «Ծրագիր» ունե´ն` «սարքի գույնը» փոխել: Մեծ հիմնախնդիրը հիմա երկրի թալանն է: Որտեղի՞ց, ո՞վ մեզ սովորեցրեց, որ մարդն աշխարհ է գալիս թալանելու համար:

- Որտեղի՞ց և ո՞վ:

- Ես պաշտոնյաներ գիտեմ, ովքեր անձամբ թալանչիներ չեն, բայց իրենց գործունեությամբ թույլ են տալիս թալան իրականացնել: Օրինակ, հանքերը ժողովրդի հարստությունն են, բայց ժողովուրդը դրանցից ոչինչ չի ստանում, կամ` չնչին գումարներ: Մինչ Չավեսի գալը` Վենեսուելան 3 % էր ստանում իր հանքերի շահագործումից: Պուտինը Ռուսաստանում այդ տոկոսը 6-ից վերածեց 60-70-ի: Ռուսաստանի պես հսկան չի կարողանում ամբողջ շահույթին տիրանալ…

- Դառնանք մեր ընդդիմությանը:

- Նկարագրածս իրավիճակին լավ ծանոթ ընդդիմությունն ասում է, որ եթե ինքը դառնա կառավարիչ, թույլ չի տա, որ կաշառքով օրենքներն ընդունեն: Ու, եթե իսկապես ազնիվ են նրա մղումները, նա կաշառք չի վերցնում, բայց նույնատիպ օրենքներ է ընդունում` առանց կաշառքի: Հայաստանի ներկայիս Սահմանադրության նախագծում գրված է, որ երկրի հիմքը մասնավոր սեփականությունն է: Ես խայտառակ եմ համարում բոլոր այն գործարքները, որոնք երկրի հիմնական հզորությունները (հատկապես ենթակառուցվածքների` էլցանցեր, գազ, ջուր) մասնավորեցնում են, այն էլ` արտաքին աշխարհին: Մինչդեռ դրանք կարող են լինել պետական սեփականություն:

- Հենց հիմնադրման օրից այս երկրի հիմքերը շեղված են…

- Մի խոսքով, ընդդիմություն չկա: Այդ բոլորը թալանի համակարգի դերակատարներ են: Եվ փառք Աստծո, որ շատերը դա չեն հասկանում: Ես չեմ մեղադրում այսօրվա ընդդիմադիրներին, որովհետև չեն հասկանում: Կան շատ ազնիվ, լավ պայքարող մարդիկ` տարբեր կուսակցություններում, բայց…

- Բայց շատ վատ է, որ չեն հասկանում: Դուք խոսում եք Սահմանադրության մասին. այն ժամանակ հասարակությունն անտեղյակ էր, բայց դրա ճարտարապետները երևի տեղյակ էին: Համենայն դեպս` գիտեին, որ պատվեր են կատարում ու հենց այդ պատվերի շրջանակներում էլ պետության հիմքերը դրեցին որպես սպասարկող երկիր:

- Հայաստանում որևէ մեկի անունը չեմ կարող տալ ու կասկածել, որ պատվիրատուներից է` սկսած երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձից, ում հաճախ մեղադրում են, թե ինքն է պատվիրել, իրեն է հարմարեցրել: Հնարավոր է, որ մեր օրենքներում ինչ-որ մի տողով ինչ-որ մեկի շահը ներկայացված է, բայց 99 %-ով ներկայացված է համաշխարհային օլիգարխիայի շահը: Օրինակ, մեր օլիգարխները որտե՞ղ են պահում իրենց «գողոնը». արտասահմանյան բանկերում: Այսինքն, մեր ողջ հարստությունը ուղարկվում է դուրս:

- Ստացվում է, որ մարդկությունն ապրում է Աստվածաշնչում նշված վերջին օրերո՞ւմ:

- Այո, որովհետև մարդն այսօր հիմնավոր ընտրության առջև է կանգնած: Նա պետք է ընտրի` ցանկանում է ապրել որպես կենդանի՞ և մարդկային որակները ծառայեցնել կենդանական բնազդների ու պահանջների բավարարմանը: Ի՞նչ է անում նա. հարստություն է կուտակում, որ շատ ուտի, մարմնավոր հաճույքները բավարարի:

- Մարդիկ` ունևոր թե աղքատ, հետաքրքրություններն են կորցրել, որովհետև հոգևորից են հեռացել:

- Հոգևորը բավարարելու համար նյութական հարստություն պետք չէ: Ընդհակառակը, դա հաճախ խանգարում է. նյութը, իրերը ստրկացնում են մարդկանց: Կենդանական բնազդներ ասածս էլ այս պարագայում միայն մարդն ունի: Այդպիսի կենդանի չկա, որն անբավ հարստություն է դիզում, բազմաթիվ մեքենաներ է գնում, շենքեր է ուտում, ձևափոխում է իր մարմինը, որպեսզի բազմաթիվ հաճույքների քանակն ավելացնի: Հենց այս խելակորույս վիճակի պատճառով է, որ աշխարհը թաթախված է ճշգնաժամերի մեջ: Ընտրությունը հենց այս է լինելու. կա´մ շարունակում է այս խելակորույս վիճակը, կա´մ վերագտնում է իր մարդկային որակները: Կա´մ կործանում է ինքն իրեն և ամբողջ աշխարհը, կա´մ կտրուկ շրջադարձ է կատարում: Ժողովուրդը պետք է կարողանա տեսնել, լսել իմաստուններին: Ժողովուրդն ինքը շատ իմաստուն է, բայց այսօր դժվարություններից գլուխ չհանելով` հայտարարում է, թե երկիրը երկիր չէ և փախչում է Հայաստանից: Բայց ո՞ւր. այս աշխարհից փախչելու տեղ չկա: Ամենաբարենպաստ երկրում էլ նա իրեն չի գտնելու:

- Խնդիրներն ամենուր են:

- Մարդկային որակները ոչնչացվում են ամենուր: Ժողովուրդը պետք է միասնական լինի:

- Բայց հավատընծա համախմբող է պետք, որը հաստա´տ այսօր իրենց ընդդիմություն հռչակողները չեն: Գուցե մի քիչ խենթ, բայց իրենց պահանջատի րության մեջ ինքնավստահ մի խումբ երիտասարդներ առժամանակ առաջ տրանսպորտի գնի, օրերս էլ` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընդզվեցին, և արդյունքը տեսանելի է: Կարողացան իրենց ձայնը լսելի դարձնել: Սա չի՞ հուշում, որ քաղաքական ուժերը սպառել են իրենց և քաղաքացիական շարժումներին զարկ տալու ժամանակն է: Ճիշտ է, վերջին հաշվով բոլոր պահանջները քաղաքական լուծումներ են ենթադրում, բայց արդյո՞ք քաղաքական դաշտի ամլությունը քաղաքացիական հասարակության զարգացմամբ փոխարինելու ժամանակը չէ:

- «Քաղաքացիական հասարակություն» արտահայտությունն էլ թալանի աշխարհի եզրույթ է, որը մասն է կազմում նմանակման, իսկ նպատակը նույնն է: Այդ երիտասարդներին ես գնահատում եմ ոչ թե որպես քաղաքացիական հասարակարգի ներկայացուցիչ, այլ որպես պատասխանատվությամբ գործող հայ մարդիկ, որպես նոր սերունդ: Նրանք ճիշտ փնտրտուքի մեջ են: Ձևեր են փնտրում, որ նախ ասեն` ո´չ այն կյանքին, որը մենք ենք իրենց համար ստեղծել, ապա` որոնեն կյանքի այս տեսակը, որը պետք է հաստատվի: Վերջինը դեռ անել չեն կարող. առա´յժմ: Նրանք պետք է գտնեն, ի հայտ բերեն այն մարդկանց, որոնցից կարող են սովորել: Իհարկե, ես համոզված եմ, որ այդ մարդկանց նրանք չեն գտնի այսօրվա հայտնի մարդկանցից շատերի մեջ: Սարսափելի չէ: Պարզապես զանգվածային գործողությունները պետք է շարունակել: Նրանց երգ ու պարը նորի փնտրտուքն է, տոնի տրամադրություն: Երբ գտնում են նոր մարդու, նոր երկրի կառուցման ճանապարհը, դա մեծ տոն է: Բայց դրանում վտանգ էլ կարող է լինել. նրանք կարող են հայտնվել այն քաղաքական կուսակցությունների դերում, որոնցից իրենք խուսափում են: Չմոռանանք, որ մեր քաղգործիչները բավական ծառայություններ էլ են կատարել և´ երկրի, և´ ժողովրդի համար: Շատերը բազմաթիվ զրկանքներ են կրել, ազատազրկված են եղել, կռվել ռազմաճակատներում… Այսինքն, իրենց կյանքի ինչ-որ պահին կատարյալ, նվիրյալներ են եղել: Ինչու չէ, նրանցից շատերն էլ կարող են և´ խորհուրդ տալ, և´ գործ անել: Այնպես որ` կուսակցությունների հետ էլ կարելի է երկխոսություն վարել, բայց առաջին հերթին նրանք պետք է սովորեն իրար հետ աշխատել: Եվ, եթե հանկարծ սկսեն պաշտոններ երազել, պիտի գիտակցեն, որ պաշտոնը ժողովրդին ծառայելու համար է: Պետք է գիտակցեն, որ պատմական Հայաստանում պաշտոնը մատուցվում էր, այլ ոչ թե զբաղեցվում: Պաշտոնը ծառայություն է, որը մատուցվում է: Ես կուզենայի, որ երիտասարդների շուրթերից առաջինը հնչեր մի պահանջ` որքան բարձր է պաշտոնը, այնքան ցածր թող լինի աշխատավարձը: Ի՞նչ է, բարձր աշխատավարձ ստացող դատավորներն ու դատախազները հրաժարվո՞ւմ են կաշառքից: Եթե պատգամավորը բարձր աշխատավարձ է ուզում, թող եկամտաբեր գործ որոնի և իմանա, որ օրենսդրի աշխատանքը ծառայություն է` ճգնավորի կյանքով ապրողի ծառայություն…

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ