«Մայրենին, իրավամբ, տունն է հայի»

«Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ»

Համատարած ուծացումից համաշխարհային խառնարանը, հիրավի, «դամոկլյան սուր» է ճոճում ազգայինի, ավանդութենականի, և առաջին հերթին` մայրենի լեզվի դեմ: Իսկ մայրենին հիմքն է ազգապահպանության: Դարերի հոլովույթում մեր ինքնությունը նախևառաջ հայոց լեզվի կենսունակության շնորհիվ է պահպանվել: Ահա թե ինչու ՀՀ սփյուռքի նախարարությունը մեծապես կարևորում է լեզվապահպանության ու մասնավորապես «երկու հայերենների» մերձեցման անհրաժեշտությունը` որպես մշտնջենականության առհավատչյա:

Նախարարության` հայապահպանությանը միտված հերթական ձեռնարկմանն այս անգամ (և` օրինաչափորեն) միացել էր նաև ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը: Ու «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը երկօրյա գործնական ու մտահոգ երկխոսություն դարձավ` Հայաստանի ու Սփյուռքի անվան լեզվաբանների, գրականագետների, ոլորտի այլ մասնագետների միջև:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճն այդ օրերին դարձել էր յուրատիպ մի ամբիոն, որտեղից մարդիկ բարձրաձայնում էին ոսկեղենիկ մեր մայրենիի հարատևման, դրա զարգացման իրենց տեսլականները:

Համաժողովի թեման առավել հրատապ էր դարձել այն իրողությամբ, որ հրավիրվել էր հատկապես այս` Հայոց ցեղասպանության խորհրդանշական 100-րդ տարում:

Հիմնավոր էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի համոզմունքն առ այն, որ`

- Մայրենի լեզվի երկու ճյուղերին նվիրված այս համաժողովն իր նպաստը կբերի մեր լեզվի միասնական զարգացման ու գործառության, պահպանության, կանոնարկ ման ու գիտական ուսումնասիրության, անաղարտության պահպանության, ուսուցման խնդիրներին վերաբերող նախաձեռնությունների, ծրագրերի, գործողությունների առաջադրման ու իրագործման համար:

Ցեղասպանության պատճառած անդառնալի վնասներից են նաև մեր լեզվական կորուստները, որոնց հաղթահարման ուղղությամբ շատ անելիքներ ունենք:

Անդառնալի կորստի մատնվեցին տասնյակ արևմտահայ բարբառներ, իր պատմական հայրենիքից և բնականոն զարգացման հնարավորությունից զրկվեց գրական արևմտահայերենը, որը ծվեն-ծվեն եղած գոյամարտ է մղում աշխարհի չորս ծագերում: Այն մեծ աջակցության կարիք ունի, քանզի Սփյուռքում արևմտահայերենն ունի հայապահպանական կարևորագույն գործառույթ: Մայրենին, իրավամբ, տունն է հայի աշխարհի չորս ծագերում:

Անուրանալի են լեզվապահպանության առումով Սփյուռքի կառույցների ջանքերը: Բարձր գնահատանքի է արժանի հատկապես հայ եկեղեցու աջակցությունն այդ հարցում: Հայաստանում ևս աշխատանքներ են ծավալվել արևմտահայերենի ուսումնասիրման, ուսուցման, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի ստեղծման ասպարեզում: ՀՀ կառավարությունը, ի դեմս Սփյուռքի նախարարության, համագործակցում է Գիտությունների ազգային ակադեմիայի, բուհական հաստատությունների, գիտամշակութա յին տարբեր կազմակերպությունների հետ` արևմտահայերենի կիրառման ոլորտների ընդլայնման, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման, հայրենազրկված և կորստի մատնված բարբառների նշխարները հավաքելու և ի մի բերելու համար:

Մենք պարտավոր ենք անաղարտ պահել արևմտահայերենը և ապահովել հայերենի միասնական զարգացումը` իբրև ազգային միասնության պահպանման և պետականության զարգացման կարևորագույն գործոն:

Իր հակիրճ խոսքում կարևորելով համաժողովի դերը` ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ընդգծեց, որ լեզվի երկու ճյուղերի կանոնակարգումն ու բառաֆոնդի հարստացումը օրախնդիր է: Եվ հենց առկա խնդիրները լուծելու նպատակով Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ստեղծվել ու գործում է արևմտահայերենի բաժինը:

Արևելահայերենի և արևմտահայերենի ներկա վիճակին, ինչպես նաև Ցեղասպանության հետևանքով ու խորհրդային շրջանում Ադրբեջանում հայկական բարբառների կորստին, հայերենի երկու ճյուղերի մերձեցման խոչընդոտներին անդրադարձավ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

ԻՐԵՆՈՎ ապրող, իր գոյընթացն անկանգ պահող ժողովրդի նման հայոց լեզուն էլ «սփյուռքվել» է, դարձել երկճյուղ: Արևմտահայերենը, օրինաչափորեն, կուռ զարգացում ապրել չէ´ր կարող: Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից աշխարհի չորս ծագեր «տարագրվածները» ստիպված էին ապավինել իրենց հյուրընկալած երկրների պետական լեզուներին: Մայր լեզուն պահպանելն իսկ հրաշքի է նման… Իսկ Խորհրդային պետության կազմում արևելահայերենն ավելի ապահով էր. որքան էլ պայմանական, բայց ազգային հանրապետություն էր, որը շենանում էր` նորոգելով ու զարգացնելով իր մշակույթը, լեզուն: Դասականից հեռանալը, բարեբախտաբար, չխանգարեց կատարելագործելու, զարգացնելու հայերենը` իր ողջ շուքով փայլեցնելով այն: Հիմա հասունացել է իրարից մի պահ հեռացած «կտորներն» ամբողջացնելու հրամայականը: Եվ ճիշտ են Լոս-Անջելեսի խմբի անդամները, ովքեր իրենց ուղերձում համոզմունք էին հայտնել, որ այդ գործընթացը չպետք է կայանա լեզվի ճյուղերից որևէ մեկի հաշվին: Անկարելի է չհամաձայնել նաև նրանց այն նկատառմանը, որ մերձեցումը գերազանցապես առնչվում է բառապաշարին, տերմինաբանությանը, նորաբանութ յունները կիրառելու սկզբունքին, ուղղագրությանը… Ինչպես մեկ ֆիլմի օրինակով փաստեց Ավստրիայի ԳԱ գիտաշխատող Հրաչ Մարտիրոսյանը` պետք է խուսափել անհարկի նորաբանություններից ու փոխառություն-նորաբանությունները կարող են աղճատման հանգեցնել: Սակայն զարգացող աշխարհում նոր երևույթներ, առարկաներ ու գործողություններ են ի հայտ գալիս, որոնց հայերեն համանիշները չէին կարող լինել մեր հարուստ բառաֆոնդում: Արդյո՞ք ժամանակը չէ` ստեղծելու երբեմնի տերմինաբանական կոմիտեի նման պետական գործող մի կառույց, որը առանց աղարտելու է´լ ավելի կհարստացնի մեր լեզուն:

Ի դեպ, համաժողովի մտահոգ մասնակիցների ուշադրությունից չէին կարող վրիպել լեզվապահպանության իրենց սուրբ պարտքը կարծես չգիտակցող լրատվամիջոց ների մեղանչանքները վեհաշուք հայերենի հանդեպ: Ուղղագրական տարրական անգրագիտությունից մինչև լեզվամտածողության աղճատումները դարձել են որոշ լրատվամիջոցների (հատկապես հեռուստաընկերությունների և էլեկտրոնային կայքերի) ինքնահնար խառնալեզուն: Ո՞րն է այն ատյանը, որը պիտի նախ հուշեր, ապա պատասխանատվության ենթարկեր սրբություն-սրբոցի դեմ նման ոտնձգությունների հեղինակներին: Գուցե ոմանք անգրագիտությունը և՞ս այսպես կոչված խոսքի ազատության հետ են շփոթում…

Ինչևէ: Մեկ հրապարակման ծավալում հնարավոր չէ անդրադառնալ համաժողովում հնչած բոլոր արժեքավոր, այսօրեական նկատառումներին և առաջարկներին: Մեր գնահատանքով արժանին մատուցենք երկխոսության մասնակից բոլոր բանախոսներին և փաստենք. նրանց ա´յս պահանջատիրությունը հուսավառեց, հավատ ներշնչեց, որ բարձրաձայնված բոլոր խնդիրները լուծվելու են` հենց իրենց ու իրենց համախոհների բարի կամքով: Հավատըծայության գլխավոր առհավատչյան նախարար Հ. Հակոբյանի այն ծանուցումն էր, որ խնդրի լուծման նպատակով հաջորդ քայլը պետք է լինի երեք տարբեր հանձնախմբերի ստեղծումը: Օգտագործելով տեղեկատվական արդի հնարավորությունները` այդ խմբերը կաշխատեն տարբեր եղանակներով, նիստեր կհրավիրեն, կկազմակերպեն քննարկումներ, կհրապարակեն հոդվածներ և կներկայացնեն կոնկրետ առաջարկներ ու խնդիրների լուծման ուղիներ:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ