«Ախ, վերնիսաժ»…


 

գնորդները չհասցրեցին ծանոթանալ պոռնոգրաֆիկ ամսագրերին

Օրերս վերստին տեղեկացանք, որ մեր ոստիկանությունը հաջողությամբ շարունակում է հասարակության բարոյական մաքրությանը նպատակաուղղված իր աշխատանքները:

Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառում` «Պրոմեթեյ» բանկի հարևանությամբ, պոռնոգրաֆիկ ամսագրեր են վաճառում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբից երկար ժամանակ չպահանջվեց պոռնկագրական առարկաներ տարածողին հայտնաբերելու համար: «Վերնիսաժ»-ի մի անկյունում անխռով տեղավորված 62-ամյա Սարգիս Խ.-ն վաճառքի հանած մի շարք ապրանքների հետ, ինչպես ասում են` ամոթ և աբուռ կորցրած` անցորդներին նաև «անբարոյական» ամսագրեր էր առաջարկում:

Պարզվեց, որ մոտ կես ժամ նա հասցրել էր պոռնոգրաֆիկ նկարներով և բովանդակությամբ ամսագրեր վաճառել տարբեր մարդկանց:

Ոստիկանների արագ և հմուտ գործողությունների շնորհիվ շուտով հայտնաբերվեցին նաև գնորդները, որոնց զարմացած հայացքները քիչ անց փոխարկվեցին շիկնանքի, ապա հիասթափության, երբ նրանցից առգրավվեց «ցանկալի ապրանքը»:

Ամսագրերի դեռևս չվաճառված խմբաքանակից ոչ հոժարակամ և ցավով բաժանվեց նաև տարիքն առած վաճառողը, ով, ինչպես պարզվեց` «ահագին փող էր թափել ահել-ջահելին դուրեկան էդ բաները» ձեռք բերելու համար:

Ոստիկաններն առգրավված ամսագրերն ուղարկել են փորձաքննության: Ու հիմա պիտի պարզեն, թե Սարգիս Խ.-ն ումի՞ց է ձեռք բերել «էդ լավ բաները», և, ընդհանրապես, ինչպե՞ս են դրանք եկել-հասել Հայաստան: