ԱՂ ՈՒ ԼՈՒՅՍ


 

«Սկզբում էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր: ...Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհաննես 1:1, 44)

«Դուք երկրի աղն եք. եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղանվի. այլևս ոչնչի պետք չէ, միայն թե դուրս գցվի և մարդկանցից ոտնակոխ լինի:

Դուք աշխարհի լույսն եք...

Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է» (Մաթէոս Ե 13, 48):

Գարնան մի օր գնացել էինք մարզ` մեր հաղթանակած պատերազմի մասնակից, որպես «աղ ու հացով մարդ» ճանաչված մեր ծանոթին այցելության: Հյուրասիրության ճոխ սեղանի շուրջը ծանոթս պատմեց այդ օրն առավոտյան կատարված և հաճախակի կրկնվող մի դեպք:

Գյուղացիները մեծ խմբով նրա գրասենյակի մոտ սպասել են իրեն: Մոտենալուն պես ասել են.

- Մի քիչ աղի փող կամ աղ տուր, որ մինչև մեր բերքի հասունանալը աղ գցենք բերաններս, թե չէ արդեն մգլել ենք, սովից ու անլվա լինելուց` բորբոսնել ենք:

Ես չհասկացա` ինչո՞ւ աղ և ոչ թե հաց: Մտածեցի` ժողովուրդն իմաստուն է, մի բան գիտի:

Հետո նա բաժակաճառ ասաց` մեր ժողովրդին բարեկեցություն և աշխարհին էլ խաղաղություն մաղթելով: Բավական երկար ժամանակ մտովի քննում էի աղի առեղծվածը և աղ-բյուր բառարմատները: Գիտեի աղբյուրի ջրի կենարար հատկությունները: Գիտնականներն ու բժիշկներն անընդհատ նշում են, որ աղը սպիտակ մահ է, սննդակարգեր են հորինում: Հուշում, որ օրը մոտավորապես 2 լիտր ջուր է պետք խմել: Եթե աղը սպիտակ մահ է, ապա ինչո՞ւ էր մեր Տեր Հիսուսը Լերան քարոզի ժամանակ մարդկանց քրիստոնեական պահվածք հորդորում և համեմատում աղ ու լույսի հետ:

Արարչին նմանվելու համար պետք է ձգտել աղ ու լույս լինել:

Բնության մեջ կան նատրիումական, կալիումական, կալցիումական ու բազմաթիվ աղեր:

Նատրիումի քլորիդ (NΖCl). ահա կերակրի աղի կազմությունը: Թե´ նատրիումը և թե քլորը կարևոր են օրգանիզմում ֆիզիոլոգիական պրոցեսների նորմալ ընթացքի համար: Նատրիումն ակտիվ մասնակցում է ջրափոխանակությանը` օրգանիզմում կարգավորելով հեղուկի ծավալը, նպաստում առաջացած թթուների չեզոքացմանը: Քլորը նպաստում է ստամոքսագեղձի միջոցով աղաթթվի առաջացմանը:

Ցանկացած սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով, սակայն առանց աղի հնարավոր չէ: Աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության և նյարդային համակարգի ու արյան շրջանառության խանգարումներ: Աղի ավելցուկը կարող է և վնասակար լինել: Բժշկության մեջ աղն օգտագործվում է որպես հակաբորբոքային, թունազեր ծող միջոց:

Ահա˜ թե ինչու Հիսուս Քրիստոսը մարդկանց հորդորեց աղ լինել` կյանքին համ տվող, հոգեբանական ջղաձգումները խաղաղեցնող:

Մեծահոգի, առատաձեռն մարդկանց ժողովուրդն անվանում է աղա` «ա´ղ ա»: Աղա չի նշանակում հարուստ ֆինանսապես, այլ աղ ունեցող, կյանքին համ տվող:

Անհամանում են, երբ ոչ իրենք են ապրում, ոչ ուրիշին են թողնում ապրել: Չեն ուզում հիշել, թե որտեղից և ինչո՞ւ վայր ընկան, որ զղջան: Իրենց ողջ են կարծում, բայց մեռած են. «Ուրեմն որովհետև գաղջ ես, և ոչ տաք և ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը» (Հայտնություն Գ 16):

Ուրեմն իմ պատկառելի, աղ ու լույս ծանոթ, ճրագդ մի´ դիր գրվանի տակ, որ լույսդ, բարի գործերդ տեսնեն ու քեզ փառավորեն, այլ բարձր տեղ դիր, որ բոլորը լուսավորվեն: Կյանքի օրգանիզմը քո տված աղով կգործի առանց հոգեբանական ջղաձգումների, և կփառավորվի Հայրը, որ երկնքում է:

Այո, այդպես և կկատարվի բաժակաճառով արտահայտած քո ցանկությունը` ժողովրդին բարեկեցություն և աշխարհին խաղաղություն:

Իսկ քեզ, իմ աղա բարեկամ, ցանկանում եմ, որ երբեք չանհամանաս:

Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆ