ՄԵՐՕՐՅԱ ԲԱՐՔԵՐՆՈՏԱՐԱԿԱՆ ԱԼԱՆ - ԹԱԼԱՆ


Թիվ 1 շենք` Բաղրամյան փողոցի: Մտնում ենք ներս. շոգ, խեղդոց, մարդկանց կույտեր բոլոր սենյակների դռների առջև: Տնտեսական ծանր պայմանների հետևանքով ջղերը լարված այցելուների վիճաբանություններ և աղմուկ... Անհրապույր միջանցք, անհրապույր սենյակներ... Սա շուկա չէ. ոչ էլ խանութ: Սա մայրաքաղաքի Կենտրոնական նոտարական գրասենյակն է, որն օրը ցերեկով թշվառ մարդկանց վերջին շապիկներն է հանում: Վերջիններիս դեմքերի արտահայտության մեջ թաքնված բողոք կա, որն ուր-որ է կպայթի և կսփռի ճշմարտությունը: Անհրապույր սենյակներում նստած են նոտարներ, բայց ոչ թարգմանիչներ: Թարգմանիչներն ավելի հեռու են նստում: Ամենակատարյալ թարգմանությունն անգամ չի ընդունվում: Միայն գրասենյակի թարգմանիչները պետք է թարգմանեն` այսօրվա անվճարունակ մարդկանցից խոշոր գումարներ կորզելով£ Ինքս եմ տեսել, թե ինչպես երիտասարդ կինը ներս մտավ թարգմանչատուն և անմիջապես դուրս եկավ` լուռ արցունքներ թափելով... Ահա թե ինչու են թարգմանիչները հեռու նստած: Երևանում կան նաև հատ ու կենտ նոտարական այլ գրասենյակներ, որոնք զրկված են լուրջ փաստաթուղթ հաստատելու լիազորությունից: Եթե փորձեք դիմել նրանց, անմիջապես կտան Կենտրոնականի հասցեն. մի գրասենյակ, որին տրված է տվյալ ոլորտի մենաշնորհը` բոլոր լիազորություններով: Սա կազմակերպված թալա՞ն է: Ելք չկա. դիմացը պատ է, պողպատե պատ` անմարդկային ձեռքով շինված ալան-թալանի պատ... Փորձեցի պարզել, թե ինչո՞ւ չկան, ինչպես նախկինում էր, բազմաթիվ նոտարական կետեր` օժտված նույն լիազորություններով, ինչը որ Կենտրոնական նոտարականինն է: Ինչո՞ւ թարգմանչի պարտականության մեջ չի մտնում նաև այցելուի կողմից ներկայացված թարգմանության ստուգումը: Իրավասու անձերից տեղեկացա, որ վերոհիշյալ թալանի արդյունքը մտնում է «պետության գրպանը»£ Ես անհարմար զգացի հարց տալ. պետությա՞ն, թե՞ նրա անունից հանդես եկող որոշ անզգամների, որոնք պատրաստ են հոշոտել աղքատության ծայրին հասած ժողովրդին` սեփական տիկը լայնացնելու նպատակով: Եթե իրոք պետության գրպանն է մտնում` սոցիալական անեկամտաբեր ոլորտի ծախքը հոգալու համար, ապա մոտեցումը ճիշտ չէ: Պետք չէ թալանել աղքատ մարդուն` նրա երեխային դպրոցում անվճար կրթելու համար: Պետությունը պետք է մտածի խոշոր եկամուտներ ստեղծող ձեռնարկությունների հաշվին լրացնել անեկամտաբեր տնտեսությունների ֆինանսական բացը: Առաջարկում եմ վերացնել նոտարական ծառայության այսօրվա գործող համակարգը, ստեղծել նոտարական բազմաթիվ կետեր քաղաքում` ծառայության ամենամատչելի գներով:

Հասմիկ ԺԱՄԿՈՉՅԱՆ