Բոլորիս հայացքները Հայաստանին են ուղղված


Իրանահայ Վաչիկ Վարդանյանի առաջին այցը խմբագրություն` իսկապես հուզիչ անակնկալ էր£ Դա տարիներ առաջ էր, և նույնիսկ հեռակա կարգով ծանոթ չէինք մեկս մյուսին£ Հայրենիքի մասին, սակայն, նա տեղեկացված էր և այստեղ գալով` որոշել էր հինավուրց թերթի իր գործընկերներին ճանաչել£ Այն ժամանակ նա Թեհրանում տպագրվող «Լույս» պարբերականի խմբագիրն էր£ Ու թերևս ավելորդ է ասել, որ այդ ծանոթությունը բարեկամության վերածվեց£ Հանձին նրա մենք ճանաչեցինք հայ արմատներին անդավ, ազգային լեզվի ու մշակույթի պահպանության գործի նվիրյալներից մեկին£ Հիմա նա ամերիկյան հայաշատ Գլենդելում է բնակվում, և թատրոնն է նրա տարերքը£ Թատրոնը` թե° որպես պիեսների հեղինակ, թե° որպես դրանց բեմադրիչ£ Օտար ափերում ծնված, բայց հայեցի դաստիարակություն ստացած նրա Դալար դուստրն էլ արդեն հոր նախասիրություններով է «վարակված»£ Ոչ մի հայ ծնող իրեն չի ների` եթե զավակները կրթություն չստանան£ Իրանի Ատրպատական նահանգի Քարագուլուխ գյուղում բնավորված Վարդանյանների ընտանիքն էլ ոչ միայն բացառութ յուն չէր, այլև բարեբախտություն ուներ, որ զավակներն ուսումնատենչ էին£ Գյուղում, սակայն, չկար այդ հնարավորությունը£ Եվ ֆինանսական դժվարությունները հաշվի չառնելով, ընտանիքը 1963¬ին Թեհրան տեղափոխվեց£ Նրանց Վաչիկ որդին այդ ժամանակ 10 տարեկան էր£ Նա այսօր էլ երախտիքով ու հպարտությամբ է հիշում. - Մայրս ուսուցչապետ էր և չէր կարող մեզ անուսում թողնել£ Երբ Թեհրան տեղափոխվեցինք, ես պարսկերեն ոչ մի բառ չգիտեի. մեր միջավայրում թուրքերեն ու հայերեն էին խոսում£ 10 տարեկանում նոր միայն դպրոց եմ գնացել և այնտեղ սովորել պարսից լեզուն£ Դպրոցը հայկական էր, բայց հայերենը միայն որպես առարկա էր ուսուցանվում£ Մեկ տարում հասցրեցի յուրացնել իմ հասակակիցների սովորածը, և տարրականն ավարտելով, գնացի պարսկական քոլեջ£ Միջնակարգից հետո ինքնաշխատությամբ ու մորս օգնությամբ տիրապետեցի մայրենիիս… Պատմում է Վ. Վարդանյանը, իսկ նրա անկեղծ, անպաճույճ խոսքերն ակամա խորհել են տալիս, թե որքան կենսունակ են ժառանգականություն կոչվածն ու առողջ բնազդները£ Ազգապահպա նությունը, հիրավի, պաստառային կոչ չէ, ոչ էլ բարձրագոչ բառատարափ£ Ահավասիկ. իմ զրուցակիցը Հայաստան-հայրենիք բառակապակցությունն իսկ չսերտած` մայրենի լեզուն է յուրացրել£ Եվ այնքան լավ, որ լրագրության ասպարեզ է մտել£ Իրանահայ ազգային մշակութային միության երիտասարդական «Ծիածան» ամսագրի խմբագրությունում նրա ձիրքն աննկատ չի մնացել. խմբագրակազմի անդամ է դարձել և արվեստի բաժնի պատասխանատու£ Հետագայում հրավիրվել է նորաբաց «Ապագա» ամսագրի, հետո «Լույս» շաբաթաթերթի խմբագրություններ£ «Լույս», ապա նաև «Հույս» հանդեսները հիմա արդեն Հայաստանում էլ բարի համբավ են վայելում. ճշմարիտ մտավորական ու բարերար Լևոն Ահարոնյանն է հիմնադրել ու ֆինանսավորում£ Ինչպես Վ. Վարդանյանն էլ փաստում է. - 3 տարի ես պատիվ եմ ունեցել խմբագրել պարոն Լևոն Ահարոնյանի հիմնած լրատվամիջոցները£ Բոլոր աշխատողներս սիրում էինք նրան ու պարտավորված զգում իր հանդեպ£ Էությամբ մտավորական, բարեսեր այդ մարդը հայկական մեծ հոգի ունի£ Ինքն էլ շատ ուշ` 56 տարեկանում է հայերեն տառերը ճանաչել, բայց միշտ սիրել է մեր լեզուն£ Տեղյակ եք, անշուշտ, որ Հայաստանում նա դպրոցներ է վերանորոգել, նպաստում է Իրան-Հայաստան գործարարության զարգացմանը£ Նաև բազմաթիվ գրքերի տպագրությունն է հովանավորել և իրանցի գործարարներին քաջալերում է` Հայաստանում ներդրումներ կատարել£ …Հատկապես սփյուռքահայերի ճակատագրերը կարծես մեկ ընդհանրություն ունեն. տեղափոխը£ Վաչիկն էլ ընտանիքով հիմա արդեն Ամերիկայում է բնակվում և նվիրվել է թատրոնին£ Հումորով հիշում է. - Մեր ընտանիքում բոլորը երգում էին. լավ ձայն ունեին£ Բոլորը` բացի ինձանից£ Դպրոցում երգչախումբ էին հավաքում և իմ ցանկությամբ ինձ էլ ընդգրկեցին` առանց երգելս լսելու£ Առաջին փորձից հետո տեսուչն իր գրասենյակ կանչեց և ասաց` «Դու միանգամից արի թատրոն. երգից ձեռք քաշի»£ Տարեվերջյան հանդեսում մի դեր հանձնարարեց, որը լավ կատարեցի, և թատրոնն ինձ համար սիրելի դարձավ£ Շուրջ 6 տասնյակ ներկայացումներում նա լավագույն դերակատարներից է եղել, բեմադրել է 10 պիես, գրել 4 թատերգություն£ Անցյալ տարի գլենդելցի հանդիսատեսները` շուրջ 1500 թատերասեր, շատ բարձր գնահատեցին Վ. Վարդանյանի հեղինակած և իր իսկ բեմադրած «Ռաթևոսի հարսը պարել է ուզում» բեմադրությունը` 2008¬ին ԱՄՆ¬ում ստեղծված «Բեմարվեստ» թատերախմբի ներկայացմամբ£ Ի դեպ` դերակատարուհիներից մեկն էլ հեղինակի դուստրն է (Արևիկի դերում)` Դալար Վարդանյանը£ Վաչիկը սիրով է խոսում ստեղծագործական խմբի մասին` կարևորելով հատկապես գլխավոր` Ռաթևոսի դերակատար Նազար Ղազարյանի մասնակցությունը (նա նաև բեմահարդարն է)£ Որքան արվեստը մերձեցնող, քաղաքականությունը նույնքան պառակտող է նաև սփյուռքահայ համայնքներում£ Ու դա ցավ է պատճառում մեր զրուցակցին£ Նրան տրտմեցնում է նաև, որ կայացած, խոշոր գաղթօջախներից նույնպես մեծացել է արտահոսքը. - Ինչ արած. մարդիկ ավելի լավ ապրելու պայմաններ են որոնում, սակայն ցավով պետք է նշեմ, որ ազգասիրությունը, ավանդապաշտությունը տեղի է տալիս£ Շատ մեծ լավատեսության դեպքում` 3-4 սերունդ հետո հայեցի դաստիարակությունը, ազգային ինքնագիտակցությունը դժվար է լինելու պահպանել£ Օրինակ, մեր ներկայացումներին եկող հանդիսատեսի 60-70 %¬ը մեծահասակներ են£ Չէի ասի, թե երիտասարդությունը թատրոն չի սիրում. պարզապես այնտեղ մեծացած երեխաները հայերենին այնքան էլ լավ չեն տիրապետում£ Մեզ նույնիսկ խորհուրդ էին տալիս պիեսները անգլերեն լեզվով բեմադրել£ Բայց մեր նպատակը հենց ազգային լեզվով մշակույթը պահպանելն է£ Երիտասարդությունը հեռացել է իսկական արվեստից£ Ընթերցել չեն սիրում, չեն պատկերացնում, որ մեկ գիրք կարդալն ավելի մեծ վայելք է, քան միայն ինչ¬որ ֆիլմեր դիտելը£ Մտահոգությունն ազնիվ է£ Արյան կանչին ականջալուր` Վաչիկ Վարդանյանն, անշուշտ, միայն իր տագնապը չէ, որ հնչեցնում է. - Մենք` մտավորականներս ու մանավանդ լրագրողները, աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինենք, պետք է բոլոր ջանքերը գործադրենք` ազգային նկարագիրը պահպանելու£ Պետության գլխավոր մտածելիքն էլ դա պետք է լինի£ Վերջին հաշվով ` բոլորիս հայացքները Հայաստանին են ուղղված, դեպի Հայաստան է հառված£ Համենայն դեպս` միջին և ավագ սերունդը սիրով կվերադառնա£ Այո, երիցս ճիշտ են Հայաստան¬հայրենիքը միայն վերջին տարիներին առարկայորեն ճանաչած Վաչիկն ու նրա նման հայեցի ոգի ունեցողները. - Ցանկացած ազգի, ժողովրդի փրկության փարոսը նրա մտավորական զավակներն են£ Ժողովուրդը հավատում ու սպասում է նրանց շիտակ խոսքին£ Պետությունն էլ պետք է զորավիգ լինի, որպեսզի մտավորականը կարողանա հավատարիմ մնալ իր առաքելությանը և թույլ չտան, որ անտարբերության թմբիրը համակի մեր սերունդներին£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ