ԹՈՒՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ


ԱԽԹԱՄԱՐԻ Սուրբ խաչում անխաչ պատարագից հետո` Աստծո անցած յոթնօրյակի վերջում ուշացումով, բայց խաչը տեղադրվեց Սուրբ խաչի գմբեթին... թաքուն, գիշերով£ Պարզվեց` խաչը 200 կիլոգրամ չէր, 70 էր, այն տեղադրելն էլ տեխնիկապես բարդ չէր£ Թուրքիայի իսլամիստ իշխանությունների համար բարդը, թերևս, ազգայնամոլների հետ լեզու գտնելն էր, հարյուր տարի խաչը հալածելուց հետո այն բարձրացնելով` իրենց մեջ եղած բորենուն զսպելն էր բարդը£ Եվ որքան էլ թուրքական քարոզչությունն իրեն բնորոշ` իրականությունը կեղծելու մոլուցքով տարված` ինքն էլ իր ասածին չհավատալով, փորձեց միջազգային հանրությանը համոզել, թե Սուրբ խաչն ընդամենը «Ագթամար» անունով թանգարան է, այնուամենայնիվ, աշխարհը չհավատաց£ Նույնիսկ թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, որ Սուրբ խաչում տեղի ունեցած պատարագից հետո «ծպտյալ հայերը» սկսել են բացահայտել իրենց ինքնությունը և ներկայանալ որպես քրիստոնյա£ Վերջիվերջո, ի՞նչ էր ընկած Սուրբ խաչի հետ կապված այս իրարանցման հիմքում: Ցյուրիխյան արձանագրությունները չվավերացնելով հանդերձ, Անկարան ցանկանում է հիշյալ գործընթացով շահագրգիռ երկրներին համոզել, թե ինքը չի դրա կասեցման պատճառը, աշխարհին ցույց տալ, թե հայերի հետ հաշտեցման քայլ է կատարում£ Իհարկե` միևնույն ժամանակ չհրաժարվելով Հայաստանի հետ սահմանի բացման, հարաբերությունների նորմալացման հարցում իր հայտնի նախապայմաններից£ Վերջին մի քանի տարվա ընթացքում Թուրքիան, կարծես, «հեռացավ» Արևմուտքից, սակայն չի հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու ցանկությունից£ Գրեթե հիսուն տարի է` Անկարան թակում է Եվրոպայի դուռը£ Սակայն թե° տնտեսական, թե° քաղաքական առումով վերջինիս չի հրապուրում նրա անդամակցությունը£ Տարբեր պատճառաբանություններով դեմ է արտահայտվում հատկապես Ֆրանսիան£ Սեպտեմբերին Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նույնպես Եվրամիության պահանջով կատարվեց£ Մասնավորապես Սուրբ խաչի պատարագով այդ երկիրն ի թիվս այլ խնդիրների, նպատակ էր հետապնդում նաև աշխարհին ներկայանալ որպես եվրոպական արժեքները, Եվրոպայի քրիստոնեական ժառանգությունը հարգող, կրոնական և էթնիկ փոքրամասնություններին հանդուրժող երկիր£ Սակայն, նույնիսկ ներքաղաքական կյանքում հնարավոր դժգոհությունների առաջացման վտանգի գնով, Ախթամարում ձեռնարկված այդ խնդիրները չլուծվեցին£ Անխաչ պատարագը, հայոց զույգ կաթողիկոսությունների բացակայությունն արդեն բազում հարցականների տեղիք է տվել£ Այս ամենից բացի, շուտով կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը£ Անկարայում, անշուշտ, հասկանում են, որ այդ ժամանակ Հայոց եղեռնի միջազգայնորեն ճանաչման գործընթացը նոր ծավալումներ կարող է ունենալ, ու դրանով պայմանավորված` կավելանան նաև արտաքին ճնշումները£ Եվ ահա, Թուրքիան այսօրվանից է պատրաստվում այդ 100-ամյակին ու ամեն ինչ պետք է անի, որպեսզի այդ առնչությամբ աշխարհին ասելիք ունենա£ Արդեն խոսվում է Դիարբեքիրում եկեղեցի վերաբացելու մասին, չնայած` տեղի բոլոր հայերը ժամանակին թուրքացվել են, այդ թվում նաև Պոլսո պատրիարքի հարազատները£ Այսուհանդերձ, Թուրքիայի իշխանություններն իրենց մեջ ուժ չգտան զսպելու ազգայնականների բողոքը` Ախթամարում կայացած պատարագի և եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման դեմ£ Չկարողացա՞ն, թե՞ չուզեցին£ Իհարկե, վարչապետ Էրդողանը հայտարարեց, թե Անիի Մայր Տաճարում ազգայնականների կողմից նամազի արարողություն կազմակերպելը քաղաքական շոու է, բայց մշակույթի նախարարն արտոնեց նամազը, թեև թուրքական օրենսդրությունը կուսակցություններին արգելում է նման միջոցառումներ կազմակերպել£ Ստացվում է, որ թուրք իշխանությունները նույնիսկ օրենսդրությունը կարող են խախտել, միայն թե հայերին հասկացնեն, որ նրանց պատմական հայրենիքում տերերն իրենք են£ Ավելին£ Թուրքական մոլեռանդությունը հասել էր գագաթնակետին, և թուրքը չկարողացավ զսպել հոգում արթնացած գորշ գայլի մոլեգնած հայատյացությունը£ Ազգայնականների` Կարսի տեղային կազմակերպության ղեկավար Օկտայ Ակթաղը հայտարարեց, թե Անին երբեք էլ հայերի մայրաքաղաքը չի եղել... Դե ինչ, այսպիսի տրամաբանությամբ սույն երկոտանին հայատյացության մոլեգնության մի այլ պահի էլ ընդունակ է կախկանձելու, թե Արաքսի այս ափին Հայաստան էլ չկա, թե իր 2792¬ամյակը բոլորող Երևանը նույնպես հայերի մայրաքաղաքը չէ... Սակայն, պետք է փաստել, որ թուրքերն, այնուամենայնիվ, ինչ¬որ առաջընթաց, ինչ¬որ զարգացում, կարծես թե ունեն£ Կար ժամանակ, երբ նրանք հայկական տաճարները որպես անասնագոմ էին օգտագործում£ Այսօր, փառք Աստծո, նրանք հասկացել են, որ այդ սրբավայրերը միայն աղոթատեղի են, այսօր Անիի Մայր տաճարում նրանք էլ ծնրադրում են, թեկուզ` իրենց Ալլահի հետ խոսելու... ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ Հույները հայց են ներկայացրել միջազգային դատարան, թուրքերից փոխհատուցում պահանջելով` Հյուսիսային Կիպրոսում հունական պատմամշակութային հուշարձաններն ավիրելու համար£ Մենք` հայերս, Արևմտյան Հայաստանում այդպիսիք հազարներով ունենք£ Ուրեմն ինչո՞ւ ազգային արժանապատվությունը հարգելու պահանջ դարձած այդ փորձը չօգտագործենք£ Եթե ժամանակին այդպես վարվեինք նաև Բաքվի հետ, այսօր ադրբեջանցի ելուզակները հոշոտած չէին լինի Նախիջևանի հայկական գերեզմանոցի խաչքարերը£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ