ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՈՂՋԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ


Քաղաքական դաշտն ակտիվացնելու Հանրապետականի նախկին փորձերը, Նախագահ Սերժ Սարգսյանի տարբեր առիթներով նախաձեռնած` կուսակցությունների ղեկավարների մասնակցութ յամբ խորհրդակցությունները փաստացի քաղաքական արդյունք չունեցան հենց կուսակցապետերից շատերի պասիվության կամ մտավոր ամլության պատճառով: Նախընտրական գրեթե երկամյա առաջիկա ժամանակահատվածը, թերևս, քաղաքական դաշտի ողջ ներուժը բացահայտելու ուրույն շրջան կարող է դառնալ, որից հետո յուրաքանչյուրը կստանա իր վաստակածը: Այս առումով ներքաղաքական կյանքում վերադասավորումներն առավել որոշակի ուրվագծեր են շարունակում ստանալ: Ապագա քաղաքական դաշտում իրենց գոյությունն ապահովելու մտավախությունը, բնականաբար, նախևառաջ համակել է քաղաքական լուսանցքի այն խմբավորումներին, որոնք իշխանության մաս չեն, բայց ցանկանում են դիվիդենտներ ստանալ` ընդդիմության շարքերում ներգրավված չլինելու դիմաց: Այս մանր տրամաչափի կուսակցությունները թեև օգտակարության աննշան գործակից ունեն, սակայն կարող են բավական վնասակար լինել: Հենց այս հաղթաթուղթն էլ սրանք հիմա փորձում են խաղարկել: Արդեն իսկ նախընտրական սցենարների մեջ ներգրավվելու հստակ հավակնություններ են դրսևորում Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը», Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը, Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ը և նույնիսկ բացահայտ մասնավոր ծառայության անցած սոցիալ-դեմոկրատ Արամ Սարգսյանի մարդ-կուսակցությունը: ՀԱԿ-ՀՀՇ-ի ակտիվանալու պարագայում առավել տեսանելի դերակատարումներ կստանան արիերգարդի մնայուն հակալևոնական ուժերը` Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն, Արշակ Սադոյանի ԱԺԴ-ն ու Շավարշ Քոչարյանի ԱԺԿ-ն: Ուրեմն «նոր ժամանակներ» կարող են սկսվել նույնիսկ ՀԱԿ-ին կրծքով պաշտպանելու ստաժ ունեցող «Փալաքալի արծիվ» Արամ Կարապետյանի համար: Խորհրդարանական հնգյակին զուգընթաց արտախորհրդարանական դաշտի այս համընդհանուր ակտիվացումը հուշում է, որ այսօրվանից մինչև 2012-ի տարեմուտը իրենց քաղաքական նշանակությունը արտահայտելու ձև չգտած բոլոր կուսակցությունները 2013-ին ստիպված են լինելու կա°մ ուղղակիորեն լուծարվել, կա°մ տարրալուծվել այլ քաղաքական ուժի շարքերում: Արդեն բոլորն են հասկացել, որ Հանրապետականը քաղաքական դաշտն առողջացնելու հստակ նպատակային քայլեր է նախաձեռնելու և խրախուսելու է ընդդիմության ակտիվությունը: Հետևաբար, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ամենահավանական ու տրամաբանական արդյունքն առնվազն 55-60% է խոստանում իշխանությանը և համապատասխանաբար 40-45%` ընդդիմութ յանը: Այս քվեներին արժանանալու համար մրցակցությունը կամ պայքարն արդեն իսկ մեկնարկել է: Արտախորհրդարանականները դեռ մետամորֆոզների փուլում են, բայց լուսանցքում հայտնվելու վտանգը սպառնում է նաև ներկայիս խորհրդարանականներին: Սեփական դեմք ունենալու հուսահատ ջանքեր է գործադրում «Ժառանգությունը»: Նույնիսկ ողջ ղեկավար կազմը փոխելուց և խորհրդարանական խմբակցությունից անջրպետվելուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ անելանելի վիճակում է և խարխափում է դեպի ՀԱԿ ու Դաշնակցություն տանող խաչմերուկում: Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արդեն ՀԱԿ-ի խաբեության զոհը դառնալուց հետո էլ «Ժառանգությունը» հայցում է, որ ԼՏՊ-ն իր նկատմամբ արհամարհանքը փոխարինի հանդուրժողությամբ: Միաժամանակ, չկա որևէ երաշխիք, որ վճռական պահին ՀԱԿ-ը չի լքի նոր դաշնակցին և «ժողովրդավարության» դրոշի փոխարեն չի պարզի պետության դեմ ապստամբելու հին պաստառները: Դաշնակցության հետ դաշինք կազմելու պարագայում «Ժառանգությունը» վախենում է տապալվել ազգայնականության քննությունը հանձնելու ժամանակ և սպառվել: Հետևաբար, ոչ մի դաշինք էլ ընդդիմադիր դաշտում կայանալ ու հետապնդած արդյունքը տալ չի կարող: Այս երեք ուժերն էլ խորհրդարանական ընտրությունների կգնան մեկը մյուսի հետ անզիջում պայքարի մեջ մտած և նախագահի սեփական թեկնածու առաջադրելու հեռանկարով: Շատ ավելի բարդ զարգացումներ կծավալվեն քաղաքական դաշտում, երբ Հանրապետականը սկսի հարաբերություններ պարզել այսօրվա իր կոալիցիոն գործընկերներ` «Բարգավաճ Հայաստանի» ու «Օրինաց երկրի» հետ: Վերջինս կամ մինչև խորհրդարանական ընտրությունները մասնակիորեն կմիաձուլվի Հանրապետականին, կամ ստիպված կլինի 2013-ի գարնանը հանգրվանել քաղաքական լուսանցքում: Եթե նկատի առնենք, որ քաղաքական բացարձակ ու ըստ էության երաշխավորված մեծամասնություն ստանալուց հետո Հանրապետականին ոչ թե դաշնակիցներ, այլ ուժեղ ընդդիմադիրներ են պետք լինելու, ապա ԲՀԿ հեռանկարն առավել քան մշուշոտ է դառնում: Արդեն այսօր ներքին խմորումները ԲՀԿ-ին հասցրել են վճռական կողմնորոշում հստակեցնելու եզրին: Խիստ հավանական է, որ երկրորդ Նախագահի քաղաքական հենարանը դառնալու համար ստեղծված, բայց բոլորովին այլ քաղաքական բախտի արժանացած այս կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդհանրապես չմասնակցի ու անհետանա: Այսինքն ունենա ԼՏՊ-ին հակադրվելու նպատակով Վանո Սիրադեղյանի ստեղծած «Շամիրամի» ճակատագիրը: Այս հեռանկարից խուսափելու համար ԲՀԿ-ն անհրաժեշտորեն ու շտապ պետք է որոշի, թե ո՞վ է կուսակցությունն առաջնորդելու` ընդդիմադիր դաշտում գործելու դեպքում, ի՞նչ գաղափարախոսություն է որդեգրվելու և ինչպե՞ս է ֆինանսավորվելու: Ինքնըստինքյան հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ն միաժամանակ առաջնորդել ու ֆինանսավորել կարող է բացառապես իշխանական դաշտում գործելու դեպքում: Ընդդիմադիր ճակատ տեղափոխվելու համար կուսակցությանը նոր առաջնորդ ու շարքեր անհրաժեշտ կլինեն: Իսկ Ծառուկյանն ընտրություն չի ունենա և ստիպված կլինի լքել քաղաքականությունը: Համառորեն շրջանառվող լուրերի համաձայն, ընդդիմադիր դաշտ փոխադրվող ԲՀԿ-ն Ծառուկյանից հետ վերցնել ու առաջնորդել կփորձի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սա նշանակում է, որ առաջիկայում կարող է հրավիրվել ԲՀԿ արտահերթ համագումար, որից հետո այսօրվա կուսակցությունից կմնան միայն անունը և Քոչարյանին հավատարիմ անդամները: Իսկ կուսակցության նախագահ կարող է ընտրվել, օրինակ, ԱԺ փոխնախագահի պաշտոնից ԲՀԿ քաղխորհրդի որոշմամբ հրաժարական տված Արևիկ Պետրոսյանը` եթե, իհարկե, ՍԴ դատավոր չդառնա: Միայն ու միայն Քոչարյանի քաղաքական վերադարձի պարագայում քաղաքական դաշտ կարող է մտնել նաև Վարդան Օսկանյանի Սիվիլիդասը և դառնալ հիմնովին նորացված ԲՀԿ-ի գաղափարական հենքը: Անգամ զարգացումների այսպիսի ընթացքի դեպքում ընդդիմադիր ճակատում նախընտրական դաշինքներ դժվար թե կազմավորվեն: Քոչարյանական ԲՀԿ-ի հետ ընտրությունների գնալու տարբերակն աննպատակահարմար կլինի նույնիսկ ՀՅ Դաշնակցության համար, քանի որ անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո հակասություններն ու տարաձայնություններն անխուսափելիորեն կարգելակեն ցանկացած համագործակցության փորձ: «Ժառանգության» ու մյուսների դեմ դռներն ուղղակի փակ կլինեն: ԲՀԿ-ի քոչարյանացումից հատկապես կտուժի քաղաքական լուսանցքից դուրս գալու միակ երազանքը փայփայող ՀԱԿ-ը, քանի որ իշխանության ձգտող ԲՀԿ-ն ընդդիմադիր էլեկտորատից առավել շատ քվեներ ստանալու հավանականություն կունենա , քան կարող է ակնկալել բոլոր առումներով ձախողված ՀԱԿ-ը:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ