ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԶՈՀԵՐԸ


Զոհեր բառի բառարանային իմաստով: Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել իշխող կուսակցության անդամ տասը բարձրաստիճան պաշտոնյայի: Նրանց բռնացրել են հարավկորեական արգելված սերիալներ դիտելիս, ինչպես նաև կաշառակերության և անառակությամբ զբաղվելու համար:

Հաղորդվել է, որ պաշտոնյաներին գնդակահարել են Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինյի հրամանով: Հարավկորեական հետախուզությունը պարզել է, որ այս տարվա ընթացքում Հյուսիսային Կորեայում գնդակահարել են 50 պետական ու զինվորական գործիչների:

Ինչ վերաբերում է վերջին 10 հոգուն` նրանք անտեսել են իշխանության պահանջը. ԿԺԴՀ-ի բնակիչներին արգելված է արտասահմանյան հեռուստաալիքներ ու կինոնկարներ դիտել: Սակայն արտերկրյա տեսաարտադրանքը հասանելի է սև շուկայում:

Նման արգելանքը թերևս այլ պատճառ էլ ունի. երկրի ղեկավարն ավելի քան 1 ամիս «անհետացել էր ԶԼՄ-ների տեսադաշտից, և արևմտյան լրագրողներն ակտիվորեն սկսել էին քննարկել ու գուշակություններ անել, թե ինչ է կատարվել նրա հետ: Ենթադրություններ էին տարածվել, թե Կիմ Չեն Ինը ծանր հիվանդ է, կամ նույնիսկ` մեռած: Որոշ փորձագետներ կարծիք էին հայտնել, որ Հյուսիսային Կորեայում պետական հեղաշրջում է տեղի ունեցել և Կիմ Չեն Ինին պաշտոնանկ են արել:

Հոկտեմբերի կեսերին նա նորից երևաց հասարակությանը` ցուցադրաբար ապացուցելով, որ ինքը կենդանի է և պաշտոնավարում է: YonhΖΘ գործակալության տվյալներով` նա մինչ օրս վերականգնում է առողջությունը` վիրահատությունից հետո:

Դժվա˜ր է պետության ղեկավար լինելը. հիվանդանալու իրավունք էլ չունես: Այլապես կսկսեն մեռյալների կամ պաշտոնանկ արվածների շարքը դասել: