92-ամյա դեռահասը


Բրիտանական խանութներից մեկի վաճառողուհին հրաժարվել է օղի վաճառել ծերունուն, որովհետև վերջինս չի կարողացել ապացուցել, որ վաղո˜ւց հրաժեշտ է տվել անչափահասությանը: Դա հաճոյախոսությո՞ւն էր Երկրորդ աշխարհամարտի վետերանին, թե՞ պարզապես վաճառողուհու գլխի վերնահարկում ինչ-որ «միջատներ» էին պտտվում:

Վետերանն այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ ինքն անչափահաս չէ:

Թոնի Բոլը որոշել է օղի գնել ու չի մտածել հետն անձնագիր վերցնել: Վաճառողուհին էլ անձնագիր է պահանջել, որպեսզի համոզվի, որ տղամարդու 18-ը լրացել է: Այդ պահանջը Թոնին սկզբում կատակ է համարել, բայց հետո երդվել է, թե իր թոռների 18-ն է վաղուց լրացել: Անդրդվելի վաճառողուհին խեղճ մարդուն ստիպել է խանութից հեռանալ ձեռնունայն:

Հետո, իհարկե, խանութի ղեկավարները ներողություն են խնդրել իրենց աշխատակցուհու տար-օրինակ վարքագծի համար և խոստացել են մի քանի շիշ օղի նվիրել վետերանին:

Մի՞թե ռոբոտացում կոչվող երևույթն արդեն տարածվում է մարդկանց շրջանում: