«Վհուկին» կտտանքներով սպանեցին


Անողոք են մարդիկ. մանավանդ` թերուսները, ովքեր կախարդներ ու չարքեր են տեսնում սովորական մահկանացուների մեջ: Չարիք գործողների պակաս իրականում չկա աշխարհում և նրանցից զգուշացողները հաճախ ծայրահեղությունների գիրկն են ընկնում:

Հնդկական Չխատտիսգարխ նահանգում էլ հենց այդ վախից տանջահար անելով մահվան դուռն են հասցրել «վհուկին» (տեղեկացրել է Ֆրանս-Պրես գործակալութ յունը): 55-ամյա այրի կնոջ հանգուցյալ ամուսնու հարազատները նրան կասկածել են կախարդության և սև մոգությամբ զբաղվելու մեջ:

Ոստիկանության տվյալներով` բախումի պատճառ է դարձել «վհուկի» հարազատներից մեկի հիվանդությունը: Մերձավոր ազգականները հավաքվել են նրա տան առաջ ու պահանջել են, որպեսզի կինը հանի իր անեծքը: Երբ այրին փորձել է պնդել իր անմեղությունը, ամբոխը հարձակվել է նրա վրա: Հարվածել են մահակներով, բռունցքներով ու ոտքերով: Չբավարարվելով իրենց վայրագությունից, հետո էլ «չիլի» կծու պղպեղի փոշի են լցրել նրա աչքերի, ականջների մեջ ու մարմնի ծածուկ մասերի վրա:

Խոշտանգված կնոջ 28-ամյա որդին մորը մի կերպ հիվանդանոց է հասցրել, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Ոստիկանությունը ձերբակալել է 12 ծեծողի. նրանցից 5-ը կանայք են:

Հնդկաստանի իրավապաշտպանների հաշվարկներով` Չխատտիսգարխում տարեկան կտտանքների են ենթարկում ու սպանում են շուրջ 100 «վհուկների»: 2005 թ. այդ նահանգում ընդունված օրենքի համաձայն` «վհուկներ որսացողներին» կարող են դատապարտել 5 տարվա ազատազրկման: Օրենքի այդ սպառնալիքն էլ, սակայն, ինչպես փաստում է ոստիկանությունը` չի նվազեցնում կախարդության կասկածանքով մարդկանց վրա հարձակվելու դեպքերը (գրել է LentΖ.ru-ն):