ԱՆԲԵԿ ՃԱԽՐԱՆՔ

«Ծիծեռնակը» 85 տարեկան է

Մանուկների սիրելի ամսագիրը հետաքրքիր ճանապարհ անցնելով` շարունակում է իր կենսագրությունը մինչ օրս: 1999 թ. ստանձնելով գլխավոր խմբագրի դժվարին աշխատանքը, Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ով բազմաթիվ հեքիաթների ու պատմվածքների, բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, ջանքեր չի խնայում` նորանոր ինքնատիպ էջերով հարուստ ամսագիր հրամցնելու իր փոքրիկ ընթերցողին:

- Ինձ շատ հրապուրում է իմ աշխատանքը, որովհետև ես ստեղծագործում եմ մանուկների համար: Շատ կարևոր է և այն, որ մեր ամսագրում տպագրվող ստեղծագործությունները հետագայում դառնում են գրքեր:

«Ծիծեռնակում» հրապարակվում են ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները, ինչը նպաստում է, որպեսզի երեխաները ճանաչեն մերօրյա ստեղծագործողներին: Խորհրդային տարիներին շուրջ 200 հազար տպաքանակ ունեցող ամսագիրն այսօր ընդամենը 2 հազար օրինակով է լույս տեսնում: Անուշ Վարդանյանի կարծիքով, գոնե 2000 թվականի ցուցանիշը վերականգնելու համար, երբ «Ծիծեռնակը» ուներ 10 հազար տպաքանակ, անհրաժեշտ է վերսկսել ամսագրի բաժանորդագրութ յունը դպրոցներում:

- Ամենամեծ դժվարությունն այն է, որ չենք կարողանում մտնել դպրոց: Եթե նախկին սկզբունքը պահպանվեր, որ երեխաները բաժանորդագրվեին, մենք կարող էինք հասնել նրան, որ ոչ թե պետությունը մեզ հովանավորեր, այլ մենք` ինքներս:

Կա պարզ մի ճշմարտություն. բոլոր տեսակի արգելքներն ու դժվարությունները դյուրությամբ են հաղթահարվում այն օջախներում, որտեղ իշխողը սերն է ու բարի կամքն ու հանուրին օգտակար լինելու մղումը: Անխաթար ճախրանք «Ծիծեռնակին»:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ