Էրվին ԱՄԻՐՅԱՆ.

«Իմ ամբողջ կյանքը մի հետաքրքիր դեպք է»


Հաճախ ու շատերն են դժգոհում, որ մերօրյա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են մեր երիտասարդությանը: Այս խնդիրների շուրջ է զրույցը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի սիրված դերասան Էրվին Ամիրյանի հետ:

- Արդյո՞ք հեշտ է խաղալ ներկայիս պայմաններում, հատկապես` սերիալներում:

- Հեշտ ոչինչ չի տրվում: Ցավոք այսօր սերիալներում նկարահանվելիս տեքստը ստանում ենք հենց նկարահանման հրապարակում և բնականաբար չենք հասցնում մինչև վերջ հասկանալ կերպարի էությունը, հոգեբանական գծերն ու հույզերը: Արդյունքում տուժում է որակը: Կցանկանայի, որ այդ վերաբերմունքը փոխվեր: Իսկ ընդհանուր առմամբ սիրով եմ անում գործս, հետևաբար` ավելի հեշտությամբ:

- Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակներ է ձևավորում արվեստը:

- Առհասարակ ընդհանուր հարցեր չեմ սիրում: Կան տարբեր որակի ներկայացումներ: Մեր թատրոնում գոյություն ունի կլասիկա, որով շատ հետաքրքրված է հայ երիտասարդությունը, ինչը ուրախանալու առիթ է տալիս: Կան նաև թեթև կոմեդիաներ, չնայած նույնիսկ այդտեղ որակի պակաս չի լինում, քանզի մեզ մոտ կարևորվում է իսկական լավ գրականության բեմավորումը: Հետևաբար, որպես դերասան, կամ պարզապես հանդիսատես, կարող եմ վստահորեն ասել, որ որակի պակաս ես չեմ նկատում:

- Մի հետաքրքիր դեպք պատմեք ձեր կյանքից:

- Իմ ամբողջ կյանքը մի հետաքրքիր դեպք է:

- Ի՞նչն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:

- Երիտասարդության անտարբերությունը արվեստի հանդեպ: Երիտասարդները սովորել են ամեն ինչ նայել և տեսնել համակարգչով, քչացել է հետաքրքությունը դեպի թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ, նույնիսկ գրադարաններ: Մարդիկ դարձել են անտարբեր, քիչ է ցանկությունը տեսնել արվեստը, գնահատել սեփական աչքերով, տեսնել, թե ինչպես է ծնվում և մարում արվեստը բեմի վրա հենց այս վայրկյանին, այս պահին: Կցանկանայի, որ երիտասարդները սկսեն հետաքրքվել արվեստով և զբաղվեին ինքնազարգացմամբ, ինքնուսուցմամբ:

- Ըստ Ձեզ, ո՞րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը:

- Վտանգը ինձ համար երկրի, երիտասարդների դեգրադացումն է: Ինչո՞ւ եմ կարևորում երիտասարդությունը, որովհետև նրանք են մեր երկրի վաղվա օրվա տերերը:

- Մշակույթը տվյալ ժողովրդի դիմագիծն է. կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

- Իհարկե այո: Մեր մշակույթը սկսել է ձևավորվել մի նոր ուղղությամբ, ինքս դիտել եմ երիտասարդ ռեժիսորների բեմադրությունները և նույնիսկ մասնակցել եմ դրանց, որտեղ կա նոր շունչ, նոր կյանքի ռիթմ, ինչը նպաստում է լինել ժամանակակից և հետաքրքիր: Զարգանում է նաև հայկական կինոն, ինչը նույնպես կարևոր է: Ես կարծում եմ, որ մեր երիտասարդությունը շատ ասելիք ու անելիք ունի, և կարևորն այն է, որ դա արվում է նոր շնչով, նոր մտքերով և ճաշակով:

- Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի ապագան:

- Ինչպես յուրաքանչյուր դրական մտածելակերպ ունեցող մարդ` պայծառ:

- Ձեր ամենասիրելի խաղընկերը` նախկինում և հիմա:

- Նախկինում բոլորի հետ էլ խաղացել եմ մեծ սիրով, և յուրաքանչյուր խաղընկերոջս փորձել եմ յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերել: Իսկ հիմա, երբ բախտի բերմամբ պատահեց այնպես, որ խաղընկերս դարձավ իմ կինը (ռեժիսոր և դերասանուհի Նորա Գրիգորյանը), արդեն ինքներդ կարող եք կռահել, թե ով է ամենասիրելի խաղընկերս:

- Ի՞նչ կարծիքի եք սերիալների մասին. ի՞նչ են տալիս դրանք հասարակությանը:

- Բացասական բան միանշանակ չեմ ասի, որովհետև ինքս գնահատում և հարգում եմ ցանկացած աշխատանք: Պարզապես կցանկանայի, որ մեր սերիալները և սցենարները ավելի որակով, զարգացնող և հետաքրքիր լինեին:

- Կնշե՞ք Ձեր և Ձեր դերերից մեկի` Պավլին Իպոլիտովիչի բնավորության նմանություններն ու առանձնահատկությունները:

- Երևի թե` ինքս ինձ սիրելու հատկանիշը, խանդը, տաքարյունությունը, միգուցե ինչ-որ տեղ էմոցիաների զսպումը: Ինչո՞ւ ոչ` նաև այն, որ երկուսս էլ մեր սեփականը ոչ մեկի հետ կիսող չենք:

- Ունե՞ք նպատակներ, որ չեք հասցրել իրագործել:

- Իհարկե, նպատակներս շատ են, բայց դրանք իրագործման ճանապարհին են, չէի ցանկանա կոնկրետացնել: Պարզապես դրանք կան, և ես անում եմ ամեն ինչ` դրանք իրագործելու համար:

- Ո՞րն է Ձեր հորդորը կամ խորհուրդն երիտասարդությանը:

- Ես արդեն նշել եմ, թե ինչն է ինձ անհանգստացնում երիտասարդության մեջ: Պարզապես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը պոկվի իր համակարգչի էկրանից և ինչքան հնարավոր է` հաճախ գնա մոտակա թատրոն կամ թանգարան:

- Ինչպիսի՞ն է Էրվին Ամիրյանը տանը:

- Այդ մասին կարող են պատմել իմ ընտանիքի անդամները: Պարզապես կասեմ, որ չար մարդ և շատ եմ սիրում իմ ընտանիքը:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ