Մտավորականն ազնիվ ու անաչառ պիտի լինի


Հայ գրականության, մտավորականի դերի մասին է զրույցը Ազգային գրադարանի նախկին տնօրեն, Մուսալեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանի ղեկավար, գրող, հրապարակախոս Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

- Մտավորական մարդու Ձեր բնորոշումը:

- Իմ կարծիքով մտավորականը մարդու տեսակ է, ով ավելի շատ ապրում է անանձնական խնդիրներով: Իսկական մտավորականը պետք է բարձր լինի հասարակական զարգացումներից: Իրական մտավորականի տեսակը հիմնականում ընդդիմադիր կեցվածք է կրում, որովհետև նրան չպետք է բավարարի իրողությունը: Նա պետք է դառնա հասարակության, հասարակական զարգացումների առաջմղիչ ուժը:

Այս առումով կարևոր է, որպեսզի նա իր գործողությունների մեջ ազնիվ ու անաչառ լինի:

Նրա քննադատությունը պետք է լինի առողջ, զերծ պատվիրատուի ցանկություններից ու պիտի բխի համամարդկային շահերից:

- Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին: Ստեղծված դժվարին պայմաններում ունե՞նք լավ մտավորականություն:

- Ես կարծում եմ, որ ունենք լավ մտավորականություն, և որպես կանոն մտավորականները նախահարձակ չեն և ինքնագովազդով չեն զբաղվում: Մեր ժամանակներում մտավորականի, գրագետ և սթափ, ողջամիտ մարդկանց պահանջարկ չկա ո´չ իշխանության և ո´չ էլ ժողովրդի կողմից: Նրանք «լուսանցքային վիճակում» են հայտնվել` պարզ հասկանալով հետևյալ ճշմարտությունը. համաշխարհային գլոբալիզացիայի հրամայականները այնքան զորեղ են, որ վերարժևորվում կոչված երևույթի տակ իրականում տեղի է ունենում բացարձակ արժեզրկում:

Իսկ դրանց դիմակայելու համար միասնական ուժեր են պետք: Անհրաժեշտ է սեփական արժեքների վրա հիմնված ավանդական ճշմարտությունները համատեղել նոր զարգացումներին: Մոտավորապես` ինչպես ճապոնական մոդելը: Բազմաթիվ և բազմապիսի արտաքին և ներքին սպառնալիքներին դիմակայելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ հստակ ձևակերպված ազգային պետական քաղաքակրթություն, որի ամենակարևոր բաղադրիչներից մեկն էլ ազգային մշակութային քաղաքական հայեցակարգն ազգային գաղափարախոսությունն է: Այն ինքնապաշտպանական զրահի դեր կարող է կատարել խաղաղ պայմաններում:

Սրանք են այն հիմնական պատճառները, որոնց շուրջ կարող ենք համախմբվել իր հայրենիքում և ի սփյուռս աշխարհի:

- Ձեր կարծիքով ինչպիսի՞ աշխատանքներ են հարկավոր` ազգային դիմագծի պահպանման ու զարգացման ուղղությամբ:

- Եթե որպես ուղենիշ վերցնենք Դանիել Վարուժանի հայտնի բանաձևումը` ազգային հիմքի վրա մարդկային գաղափարներ արտահայտելու վերաբերյալ, ապա ներկայումս պետք է կարևորվի ստեղծագործական միությունների գործունեությունը: Ցավոք, շատ դեպքերում դրանք մատնված են անգործության և թողնում են մեկ անձի միությունների տպավորություն:

Դրանք պետք է ստանձնեն ստեղծվող մշակութային արժեքները քննարկելու պատասխանատվությունը: Պետք է ուղղորդեն, քննադատեն կամ փառաբանեն ըստ արժանվույնս գրական, երաժշտական, նկարչական և այլ ոլորտներում տեղի ունեցող երևույթները: Եվ ոչ միայն մշակութային: Մենք այսօր ականատես ենք լինում ստեղծագործական, գիտական արժեքների նկատմամբ կողմնակալ գնահատականների:

Անցյալ դարի 60-ական թվականների գրողներն ու գրաքննադատները, գրականագետները ասպարեզ իջան միասնական բռունցքի ձևով և միանգամայն անաչառ էին` ստեղծագործություններն արժևորելիս: Դրանից շահեց թե´ գիտությունը, թե´ գրականությունը, բնականաբար նաև ընթերցող հասարակությունը: Այսօր ունենք բավական ստվար արվեստի և մշակույթի տարբեր բնագավառներում թեզեր պաշտպանած անձինք, ում գիտական գործունեությունը պարզապես անպտուղ է, որովհետև տրորում են նույն արահետն ու ակոսը, որ բացել են մեծերը: Նրանք չունեն կամք ու համարձակություն` իրենց ինքնուրույն անկողմնակալ դիրքորոշումն արտահայտելու:

Նույնն է նաև գիտության այլ ճյուղերում: Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ շնորհալի շատ երիտասարդներ հաճախ դեմ գնալով իրենց ցանկությանը, լքում են գիտական մշակութային ոլորտները` նյութական անբարենպաստ պայմաններից ելնելով: Մի խոսքով տեղի է ունենում մտավոր ներուժի արտահոսք:

Բերեմ մի պարզ օրինակ. մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել «Դիպլոմային աշխատանք», «Ռեֆերատ», «Գիտական թեզ» գրելու առաջարկության ցուցանակներ: Չցանկանալով մանրամասնել այդ չարաբաստիկ երևույթի ենթատեքստում առկա սպառնալիքները, նշեմ միայն, որ անհնար էր ավելի արդյունավետ վարկաբեկել և ոչնչացնել գիտության ու մշակույթի վաղվա օրը: Ու դա` մեր բոլորի, նաև` պատկան մարմինների աչքի առջև:

- Տարիներ շարունակ դուք ղեկավարել եք Հայաստանի Ազգային գրադարանը: Կկամենայի՞ք մի քանի խոսքով ներկայացնել գրադարանային աշխատանքի հիմնական թերություններն ու առավելությունները: Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի իսկական գրադարանավարը:

- Գրադարանավարի նկարագրի ամբողջական մի համալիր փաստաթուղթ ընդունվեց Ազգային գրադարանում:

Գրադարանավարը ոչ միայն ներսում, այլև դրսից պետք է ապահովված լինի լռությամբ: Ցածր խոսելուց և գրքից օգտվելու համապատասխան պահանջներից սկսած` մինչև գրադարանավարի բանիմացությունը, բարոյական և մարդկային նկարագիրը, ընթերցողի պահանջները բավարարելուն միտված բարյացակամությունը ընդգրկված է այդ հայեցակարգում:

Ազգային գրադարանում պաշտոնավարել եմ 13 տարի: Գրադարանն ընդունել եմ, երբ այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով գտնվում էր դժվարին կացության մեջ:

Ազգային գրադարանի հավաքածուն բավական հարուստ և բազմատեսակ է. նաև` բազմալեզու: Գրադարանում պահպանվում են հա-մայիլներ, քարտեզներ, նոտաներ, թղթադրամներ, պարբերական մամուլ ու ամսագրեր, ձայնապնակներ, թվային կրիչներ և այլն:

Գրադարանի աշխատանքային ճակատը բավական ընդգրկուն է, և նույնիսկ գրադարան-ընթերցող հարաբերությունը կազմում է մեծածավալ աշխատանքների ընդամենը մի մասը:

Ցավոք, անկախության առաջին իսկ տարիներից սկսվեց մի հաղթարշավ` մշակութային հաստատությունների, ի թիվս դրանց և գրադարանների դեմ` թե´ մարզերում, թե´ մայրաքաղաքում:

Անպաշտպան մշակութային այդ հաստատությունները տանուլ տվեցին` զանազան առևտրային կազմակերպություններին և կրպակային հոգեբանությամբ իշխանիկնե րին: Գերադասվեց անձնական շահը և ստորադասվեց ներկա ու գալիք սերունդների հոգևոր մտավոր անհրաժեշտությունը:

Բարեբախտաբար, վերջին շրջանում նկատելի է այդ երևույթի կասեցում: Բայց այլ պատճառով. փաստացի, օրինակ` մայրաքաղաքում մի քանի տասնյակ նմանատիպ կառույցներից պահպանվել ու մնացել են մի քանիսը: Ասել է թե` այլևս վաճառելու կամ սեփականաշնորհելու գրեթե ոչինչ չի մնացել: Մինչդեռ գրադարանային կառույցները, մշակութային հաստատությունները լավագույն խոսուն վկայությունն են պետության և հասարակության քաղաքակրթվածության մակարդակի:

Առավել զավեշտական է, որ մեր պետական անկախության տարիներին ոչ մի կարևոր ռազմավարական նշանակության կառույց չի ստեղծվել:

Ավելին, փոշիանում է ներկայացուցչական մի տարածք, որը կարող էր պատիվ բերել ցանկացած քաղաքակիրթ երկրի, եթե վերածվեր թանգարան-արգելոցի` համապատասխան արդիական լուծումներով: Խոսքս Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից մինչև Սուրբ Զորավոր եկեղեցին ընկած տարածքի մասին է:

Մենք կորցնում ենք մեր մշակութային այնպիսի մեծությունների կենսական միջավայրը, ինչպիսիք են` Վարազդատ Հարությունյանը, Ռաֆո Իսրայելյանը, Կարո Տիրատուրյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը և ուրիշներ:

Այսպիսով, երբ մշակույթը և գրականությունը դիտարկվում են սոսկ շոուի և բիզնես ծրագրի շրջանակներում, ու իմաստազրկվում է դրանց նշանակալի դերակատարությունը անհատի և հասարակության ձևավորման վրա, դա հղի է մարդուն մարդկայինից հեռացնելու վտանգներով:

- Իսկ ի՞նչ կավելացնեիք վերջում:

- Իմ երազանքն է տեսնել համայն հայությանը` համախմբված մայր հայրենիքի շուրջ: Տեսնել ամուր, ողջամիտ հասարակություն, որի անդամները պատրաստ են ամբողջական նվիրումով կերտել մեր հայրենիքը, լինել կիրթ ու բանիմաց: Որ բոլորն իրենց անձնական մասնակցությունն ունենան մեր երկրում հայրենապաշտության, սրբությունների պահպանման և համաշխարհային քաղաքակրթության չափորոշիչների հետ համաքայլ ընթանալու և զարգանալու գործում:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ