Նամակ խմբագրությանը


Հարգելի «ԱՎԱՆԳԱՐԴ»

Խնդրում եմ, եթե հնարավոր է տպագրել այս նամակը և ինձ հնարավորություն տալ իմ երախտագիտությունն ու մտորումները կիսել ձեր ընթերցողների հետ:

Միակ տղաս ծառայում է մեր երկրի Զինված ուժերում: Ապրում եմ մենակ, այրի եմ: Տասն ամիս տղայիս չէի տեսել. առողջական վիճակս թույլ չի տալիս նրան տեսակցել: Շատ էի կարոտել, էլ չէի դիմանում: Տղայիս արձակուրդ չէր հասնում, որովհետև վեց ամիս ծառայելուց հետո ստացել էր իր հասանելիք արձակուրդը: Ի՞նչ անել:

Երկար մտատանջումից հետո որոշեցի դիմել «Զինվորի մայր» հասարակական կազմակերպությանը: Ինչ մեղքս թաքցնեմ, բոլորովին հույս չունեի, թե մի բան կստացվի, բայց առաջնորդվելով «փորձը փորձանք չէ» սկզբունքով, դիմեցի տիկին Մարգարիտային: Տիկին Մարգարիտան շատ սիրալիր ընդունեց և խոստացավ օգնել: Ընդամենն ասել էի, որ շատ եմ կարոտել, էլ չեմ դիմանում. ինչ-որ պատմություն կամ պատճառ չէի հորինել: Չէի հավատում, բայց հրաշք կատարվեց, տղաս տանն է, իմ կողքին: Հրաշք կատարվեց, սակայն ամենամեծ հրաշքը մարդն է, ով ապացուցում է, որ սիրով ու բարությամբ կարելի է օգնել մարդուն, օգնել անկաշառ և անշահախնդիր: Խոնարհվում եմ նման մարդու առջև և խոսքս ուղղում եմ նրան.

- Շնորհակալ եմ, տիկին Մարգարիտա, որ Դուք կաք և հույս ու լույս եք վառում անօգնականների հոգիներում, չեք մարում հավատը մարդու նկատմամբ, ստիպում եք հավատալ հրաշքների: Եղեք առողջ, Ձեզ երկար տարիների կյանք: Աստված Ձեզ պահապան:

Ուզում եմ իմ շնորհակալական խոսքն ուղղել նաև որդուս հրամանատարական կազմին, որ բարեհոգաբար ընդառաջեց տիկին Մարգարիտայի միջնորդությանը:

Հարգանքներով` զինվորի մայր:

Չեմ ներկայանում, ավելի քան վստահ եմ, որ արտահայտում եմ բազմաթիվ մայրերի երախտագիտությունն ու խոնարհումը մարդասեր, զինվորասեր Մայրիկին: Ես բացառություն չեմ: