Կիբեռպատերազմից մինչև հակառակորդի հետ շփման գիծ...


2013-ի հունվար ամիսն էր: Պատրաստվում էինք համալսարանի ընթացիկ քննություններին: Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ևս եռում էր ուսանողական կյանքը, պատրաստվում էին բոլորը: Մենք` վերջին կուրսի ուսանողներս, ձգտում էինք լավ հանձնել քննությունները. ավարտելով համալսարանը` զորակոչվելու էինք բանակ: Սովորության համաձայն քննական նյութերից մի քիչ կտրվելու համար նստեցի համակարգչիս մոտ, սկսեցի նորություններ ուսումնասիրել: Մոտենում էր Հունվարի 28-ը, իսկ դա նշանակում էր, որ ոչ միայն նշելու ենք Հայոց բանակի կազմավորման տարեդարձը, այլ նաև սկսվելու են կիբեռհարձակումներ հայկական կայքերի վրա... Հայկական կիբեռբանակը բազմիցս տոների առթիվ անակնկալներ էր մատուցել` կոտրելով ադրբեջանական կայքերը, տեղադրելով այնտեղ հայկական նյութեր, հայ հերոսների նկարներ, տեսահոլովակներ հայկական գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի մասին...

Կիբեռպատերազմից անմասն չմնացինք նաև մենք` ես և ընկերս` Սևակը:

Կարդում էի նորություններ, որ հակառակորդին հաջողվել է կոտրել հայկական մանկական բնույթի կայքեր ու տեղադրել հակահայկական նյութեր և այլն: Զանգեցի ընկերոջս և սկսեցինք: Սկսեցինք մենք, սակայն, ոչ հակառակորդի պես` հարձակվելով մանկական կամ այլ բնույթի կոնտենտով կայքերի վրա, այլ լրատվական կայքերի: Մեր մասնագիտական գիտելիքների շնորհիվ մեզ հաջողվեց մուտք գործել ադրբեջանական կայքերի վեբ-բազա, որի հիմքում ընկած էին մի շարք լրատվական կայքեր, այդ թվում GunΖz.tv-ն և այլն: Փորձ չունեինք դեռ, բայց ցանկությունը շատ մեծ էր, սկզբում անսովոր էր` ադրբեջանական կոնտենտով բազա, որտեղ ամեն ինչ ադրբեջաներեն է, և մի պահ թվում է` ոչ մի բառ չես հասկանում... Չհիասթափվելով, սկսեցինք աշխատել ամբողջ գիշեր:

Եկավ հունվարի 28-ը. ֆեյսբուքը ողողված էր նորություններով, հրապարակվել էին հայկական կիբեռբանակի հաղթական անակնկալները, դրանց թվում էինք նաև մենք:

Ադրբեջանական լրատվական կայքում «ծածանվում» էր հայկական Եռագույնը, հնչում էր հաղթական Քոչարին, իսկ կայքի ադմինիստրացիան ներողություն էր խնդրում իր օգտատերերից... Անփորձ լինելով, հայկական լրատվամիջոցներից մեկում, ֆեյսբուքում մի լրագրողի հայտնել էինք մեր անունները, և տպագրվեց հոդված` «Հայ սկսնակ հաքերները» խորագրով:

Մենք ոգևորված էինք, մեր առաջին քայլերն էին, և հաջողել էինք, անգամ շնորհավորանքներ ստացանք: Մեզ թվում էր, թե մեծ ձեռքբերում ունեինք...

Անցան քննությունները, ավարտեցինք համալսարանը, ստացանք դիպլոմը, և եկավ հայկական բանակ զորակոչվելու ժամանակը...

Սևակը` ընկերս, ծառայում էր Մարտակերտում: Մի քանի օր անց ես զորակոչվեցի. ինձ ևս բախտ վիճակվեց ծառայելու սահմանային զորամասում` Քելբաջարում, որի մասին միայն աղոտ պատկերացումներ ու ինֆորմացիա ունեի: Շատ էի լսել միայն բարձր Օմար լեռան, Օմարի արծիվների մասին... Անցան օրեր, հարմարվեցի ծառայությանը, եկավ նաև մեր դիրքեր բարձրանալու ժամանակր: Բարձրացա, իմ սեփական աչքով զգացի Օմարի բարձրությունը, զգացի, թե ինչ է նշանակում գտնվել ամպերից վեր, ամպերին նայել վերևից... Եթե մինչ բանակ զորակոչվելս հակառակորդի հետ շփումը կատարվում էր էկրանից այն կողմ, էլեկտրոնային տարբերակով, ապա այժմ տեսա իրական մարտական դիրքը, իրական հակառակորդին` իմ առջև կանգնած:

Խրամատում ցուրտ էր, մառախուղը պատել էր ժայռաբեկորները, քամին ինչ-որ ձայներ էր բերում, մտովի անցկացնում էի անցյալի ու ներկայի զուգահեռականները, իսկ գլխավերևումս, սահմանագծի երկայնքով խորհրդանշական պտույտներ էր գործում Օմարի արծիվը...

Արա ԲԱՂՈՒՄՅԱՆ

ՀՀ ՊՆ N զորամասի «Օմարի Արծիվ» ամսաթերթի պատասխանատու