Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի


«... Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը...»:

Նիկոլ ԱՂԲԱԼՅԱՆ

Անցյալ շաբաթ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած Հայոց պետականության կերտողներից մեկի` Արամ Մանուկյանի հիշատակի երեկոն յուրօրինակ շնորհանդեսն էր «Զորավար» հիմնադրամի: Բարեգործական, ճանաչողական, քարոզչական և հանրօգուտ այլ նպատակներ հետապնդող Հիմնադրամը հիմնվել է 2013 թ.: Դրա հիմնադիր Տիգրան Պետրոսյանցի ծրագրերում չկան անկարևոր անելիքներ, որովհետև բազմազբաղ իր առօրյայում նա ձգտում է առավելագույնն անել` հատկապես երիտասարդությանը հասու դարձնելու մեր ազգային երևելիների գործին, վերջիններիս հայրենասիրությամբ համակելու մեր պատմության վաղվա կերտողներին: Եվ նրա ուշադրությունից չէր կարող վրիպել կյանքը Հայոց պետականության կայացմանը նվիրաբերած Արամ Մանուկյանի (իսկական անուն-ազգանունը` Սարգիս Հովհաննիսյան) ծննդյան 135-ամյակը:

Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ հետ մեր զրույցը հայրենասիրության դաս կարելի է համարել, որը, դժբախտաբար, ամբողջությամբ տպագրել չենք կարող: Բայց այդ զրույցից առանձին հատվածները, անշուշտ, կհետաքրքրեն ընթերցողին` նրա մտահայացքում վերարժևորելով ազգիս արժանավոր զավակ Արամ Մանուկյանի կերպարը:

- Մենք` հայերս, Հայկ Նահապետին հիշում ենք: Նա սպանել է Հայաստան մտած Բելին, բռնակալից փրկել իր ժողովրդին և հիմնել Հայոց պետականությունը: Նրանից 4400 տարի հետո նրա հետնորդներից մեկը` Արամ Մանուկյանը Հայաստանի հիշողություն դարձող տարածքի մի ածուի վրա վերակերտել է Հայոց պետականությունը: Հայաստան ստեղծելու և այն վերակերտելու գործընթացներում երկու անհատների` Հայկ Նահապետի և Արամ Մանուկյանի դերակատարությունն անհերքելի է և նրանց վերապահված է Հայոց պատմության մեջ միակ համեմատական համարժեքությունը:

- Նրա անունը չի մոռացվել, իհարկե, սակայն արժանին չի մատուցվում նրա հիշատակին: Ա. Մանուկյանի կյանքն ու գործունեությունը սերունդներ կարող էին կրթել:

- Այո, բայց ցավով պիտի փաստեմ, որ Արամ Մանուկյանը ոչ միայն չի արժևորվում որպես Հայոց պետականության հիմնադիր և Հայոց Առաքելական եկեղեցու կողմից չի սրբացվում, այլ պատմագրության կողմից նույնպես արժանի գնահատականի չի արժանանում: Պետք չէ մոռանալ, որ պատմությունն իրողությունների ու իրադարձութ յունների գործընթաց է և պետք է անաչառորեն լուսաբանվի: Առավել ևս` ազգի պատմության մեջ եզակի դերակատարություն ունեցող գործիչները պետք է գնահատվեն իրենց կատարած գործերով: Բայց այս ելակետից բացառիկ անհարիր է Արամ Մանուկյան գործչի հանդեպ դրսևորված իրականությունը:

Այս տարվա հուլիսի 1-ին Արամ Մանուկյանի հիշատակի միջոցառումների ծրագիր է ստանձնել «Զորավար» հիմնադրամը: Ամբողջ ծրագիրը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին, Երևանի քաղաքապետին, որոշ նախարարությունների: Մի շարք հարցերի առթիվ կան պատասխաններ, որոշ հարցերի պատասխաններից պատկան մարմինները խուսափում են:

Բայց հավաստիացնում եմ, որ «Զորավար» հիմնադրամը շարունակելու է աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ` վերականգնելու պատմական ճշմարտությունն ու Արամ Մանուկյանի մասունքները Կոմիտասի այգու Պանթեոնում վերահուղարկավորելու համար: Այլ ծրագրեր ևս ունենք, և հուսով եմ` կհաջողենք ճեղքել անտարբերության և մոռացումի ծխածածկույթը:

Այս առիթով կուզենայի մեջբերել Արամ Մանուկյանի կնոջ` Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ, բժշկուհի Եկատերինա Զալյան-Մանուկյանի մարգարեական խոսքերը, որ 1951 թ. մահվան մահճում ասել է դստերը` Սեդա Մանուկյանին. «Ես չտեսա, բայց դու անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանա նրան»:

- Խնդրում եմ հնարավորինս հակիրճ մի քանի փաստեր ներկայացնեք մեր ժողովրդի կյանքում, պետականության կերտման գործում նրա դերակատարման մասին:

- Շատ դժվար է հակիրճ, բայց փորձեմ... Սկսեմ Վանի հերոսամարտից, որի ամբողջ ծանրությունը Արամի վրա էր: Նա Իշխանի և Վռամյանի կորստից հետո մնում էր միակ ապավենն ու ընտրյալ առաջնորդը Վասպուրականի պայքարող հայության համար:

1915 թ. մայիսի 5-ին, ռուսական զորքերի կողմից Վանի գրավումից հետո, Արամը նշանակվել է Վանի նահանգապետ, նրան շնորհվել է ռուսական պետության գեներալի աստիճան:

Նա մի քանի օրվա ընթացքում կարողացել է քաոսի ու ավերածության մեջ ստեղծագործական աշխատանքի լծել բոլորին:

Շուրջ 70-օրյա նահանգապետության օրերին Արամը հաստատել է, որ ինքը բնածին պետական գործիչ ու ղեկավար է: Իսկ ինչպես էին դիմում Վանի նահանգապետին` «Վանի նահանգի վսեմ կառավարիչ», «Վսեմ նահանգապետ Վանի», «Վսեմ նահանգապետ», «Վսեմապատիվ պարոն Արամ», «Տեր նահանգապետ», «Նորին Գերազանցութ յուն նահանգապետ Վանի»... Սրանք դիմելաձևեր են, որ հատուկ ասվում են երկրի ղեկավարին: Փաստորեն նահանգի բոլոր կառույցները և օտարերկրյա ներկայացուցիչ ները Արամ Մանուկյանի անձի պարագայում դիտարկում էին պետության ղեկավարի:

Այստեղ` Վանում, Արամ Մանուկյանը փորձարկեց Անկախ Հայաստանի կառավարման մոդելը: Նահանգում ձևավորեց հորիզոնական և ուղղահայաց կառավարման մարմիններ, որոնք ղեկավարում էր ինքը:

Արամը ռուսական զորքերի նահանջից հետո հայության գաղթի կազմակերպիչն էր, որի շնորհիվ Վասպուրականի բնակչության մեծագույն մասը փրկվեց թուրքական յաթաղանից:

Վանի հերոսամարտի ընթացքն ու արդյունքը հայտնի է: Կարող ենք փաստել, որ այն Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած մյուս ինքնապաշտպանական կռիվներից տարբերվում էր իր կազմակերպվածությամբ, ժողովրդի համախմբվածությամբ և տվեց իր արդյունքը:

- Իսկ Վանից հետո՞:

- 1916-1917 թվականներին աշխատել է Թիֆլիսի Հայոց Ազգային Բյուրոյում...

- 1917-ին նա եկել է Երևան...

- Եկել է որպես Հայոց Ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ: Եվ Երևանի Ազգային խորհուրդում իր առաջին իսկ զեկույցում Արամ Մանուկյանը խոսել է սեփական ուժերին ապավինելու անհրաժեշտության մասին, առաջարկել վերակազմել Ազգային խորհուրդը, ընտրել փոքրակազմ ու դյուրաշարժ մարմին: Առաջարկը միաձայն ընդունվել է և ընտրվել է Հատուկ կոմիտե, որին տրվել է գործելու կատարյալ ազատություն:

Այս պահից սկսյալ Արամ Մանուկյանը կազմել է Արարատյան երկրամասի կառավարություն Վանի նահանգի օրինակով, ուղղահայաց ու հորիզոնական կառավարման համակարգ` գյուղապետ, գավառապետ, քաղաքապետ, վարչություն-նախարարություններ, ոստիկանական և հարկային մարմիններ: Փաստորեն, 1918 թվականի մայիսի 28-ի անկախության հռչակումից առաջ Արամ Մանուկյանը Հայաստանում արդեն կայացրել էր պետություն` դառնալով այդ պետության ղեկավարն ու զինվորական պատասխանատուն:

Արամը հասկանում էր, որ վաղ թե ուշ պետք է բախում լիներ թուրքերի հետ: Նա իրատեսորեն հույսը չէր դնում արտաքին օգնության վրա, այլ եռանդուն քայլերով ժողովրդին պատրաստում էր դիմագրվելու ապագա փորձությունները:

Էրզրումի անկման լուրն ստանալուց հետո Երևանի ազգաբնակչությունն ու զինվորականությունը մի բազմամարդ ժողովում որոշեցին Արամին հայտարարել դիկտատոր, փաստացի` միապետ: Մարտ ամսի առաջին օրերից նա դարձավ Երևանի բովանդակ իշխանության մարմնացումը: Ձեռք-ձեռքի տված Դրոյի, զորավարներ Նազարբեկյանի, Սիլիկյանի, նահանգական կոմիսար Ս. Թորոսյանի, քաղաքական կուսակցությունների և կառավարական ու հասարակական մարմինների հետ` նա ցուցաբերեց արտակարգ եռանդ և ամենատագնապալի վայրկյանին ձեռնհասությամբ վարեց Արարատյան դաշտի հայ ժողովրդի ճակատագիրը:

Հաջողվեց բացել ռազմավարական նշանակություն ունեցող գլխավոր ճանապարհները, մաքրել խռովությունների բուն ծառայող մահմեդական բնակավայրերը, կարգ ու կանոն հաստատել ենթակա շրջաններում: Նա միջոցներ ձեռք առավ դասալքության և ավազակության դեմ: Նրա տրամադրության տակ կար 16-18 հազար մարզված ու բավական կարգապահ բանակ, որ ձևավորվել էր Հայկական կորպուսի ուժերից: Ֆինանսական դրությունը կարգավորելու համար պարտադիր տուրք դրվեց ժողովրդի վրա:

«Երբեք, գուցե, հայ կյանքում իշխանությունն ու հասարակությունը այնպիսի համերաշխ միություն չէին կազմել, քան 1918 թվականի գարնան և ամառվա պատմական ամիսներին»,- գրել է Սիմոն Վրացյանը:

Արամը մարդկանց համախմբելու վարպետ էր` նրանց հետ լեզու գտնելու և գործի մղելու արվեստի մեջ: Արամի այդ գիծը փրկարար դեր կատարեց Երևանում` Հայաստանի Հանրապետության հիմնադրության նախօրեին:

Իսկ այդ նախօրեն բերեցին Գյումրի մտած, ապա Հայաստանի երեք ուղղություններով Հայաստանը նվաճելու մղված թուրքական ամենամարտունակ Դարդանելյան հինգ դիվիզիաները: Հայ ժողովուրդը` զինվոր, գյուղացի, քաղաքացի, մտավորական, կուսակցական, անկուսակցական դուրս եկան թշնամու դեմ: Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում երեք ճակատով պատերազմ մղող հայ ժողովուրդը հաղթեց և այդ հաղթանակի արդյունքում էլ վերակերտեց Հայաստանի անկախ պետականությունը` Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Եվ այդ հաղթանակի ոգին Արամ Մանուկյանն էր:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ