Պատժամիջոցներն անիմաստ են

Իրատեսորեն համոզված է Չեխիայի նախագահը

- Ցանկացած պատժամիջոցները խաթարում են համաշխարհային տնտեսությունը և առանց բացառության վնասում են բոլոր երկրներին` անկախ նրանից, թե ում դեմ են դրանք կիրառվում,- չինաստանցի լրագրողներին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը (տեղեկացրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը):

Նա գտնում է, որ Ուկրաինայում լիամասշտաբ քաղաքացիական պատերազմ է ընթանում, և հարկավոր է բոլոր ջանքերն ուղղորդել դրա շուտափույթ ավարտին.

- Ես կարծում եմ, որ պատժամիջոցները տանում են դեպի նոր սառը պատերազմ: Դրանք արգելակում են բոլոր երկրների տնտեսական զարգացումը, այլ ոչ թե միայն նրանց, ում դեմ դրանք ուղղված են,- համոզմունք է հայտնել եվրոպացի նախագահը` հավելելով, որ պատժամիջոցները «ոչ մի իմաստ չունեն»:

Իսկապես իրատեսական մոտեցում է, որը գուցեև խորհելու առիթ տա «պատժամիջոց-պատժամիջոց» խաղի կողմերին: Չէ՞ որ վերջին հաշվով նրանցից ոչ մեկը ոչ միայն չի օգտվում, այլ տուժում են հավասարապես: Եվ պարտադիր չէ պետության ղեկավար լինել` հասկանալու համար, որ նման խաղերն ի վերջո հանգուցալուծում են ունենում, որի ձգձգումն ընդամենը բարդացնում է խաղաղության գործընթացը: