ՎՏԱՐԱՆԴԻ` ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՈՒ Ի´Ր ԿԵՐՏԱԾ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Կարո՞ղ եք պատկերացնել, որ Փարիզի քաղաքապետը բիզնես-կառույցներին վաճառի ֆրանսիական թագավորների Լուվրի պալատը, կամ Լոնդոնի քաղաքապետը վաճառի Ուինսթոն Չերչիլի տունը, իսկ Հավանայի քաղաքապետը` աճուրդի հանի Ֆիդել Կաստրոյի տունը: Պատկերացրեցի՞ք: Դժվա´ր: Նման բան անհնար է պատկերաց նելն անգամ: Բայց վերադառնանք հայկական իրականություն:

Երբ 1917 թվականի դեկտեմբերի կեսերին Արամ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եկավ Երևան, նրան Վանի նահանգապետին, Արևելյան Հայաստանի այդ պահի ղեկավարին ցնծությամբ դիմավորեցին: Երևանի պատվարժան քաղաքացիներից մեկը` Ֆադեյ Քալանթարյանը, նրան նվիրեց իր համար ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով այն ժամանակի Ցարսկայա փողոցում 1910 թվականին կառուցված երկհարկանի տունը: Այս փոքրիկ շինությունն այդ պահից դարձավ Հայոց պատմության մաս: Այդտեղ 1917 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 1919 թվականի հունվարի 29-ը` մինչև իր մահը, ապրել է Արամ Մանուկյանը: Այդ տանն է նրա մահից չորս ամիս առաջ ծնվել նրա դուստրը` Սեդան: Արամ Մանուկյանի մահից հետո այդ տանն է ապրել նրա այրին` Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Եկատերինա Զալյան-Մանուկյանը, 1920 թվականից սկսյալ` նաև Հայաստանի Հանրապետության երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանյանը` ընտանիքի հետ: (Փակագծում ասենք, որ Ցարսկոյե փողոցը 1919 թվականին` Արամի մահվանից հետո, Հայաստանի կառավարության որոշմամբ անվանափոխվել է` դառնալով Արամի փողոց: 1921-1991 թթ. այն կրել է Սպանդարյան անունը, իսկ 1991-ին փողոցը վերստին վերստացել է Արամի անունը):

2005 թ. Երևանի քաղաքապետարանը օտարել է Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով եզրափակված տարածքը: Արամի տան հատվածը ևս ներառվել է օտարված հողի մեջ: Այդ տարածքը գնել է «Գլենդել Հիլզ»-ը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչները երբեմն հայտարարում են, թե Արամի տունը չի վաճառվել, այն տեղում է: Փառք Աստծո, որ «Գլենդել Հիլզ»-ը այն չի փաթեթավորել ու տարել: Բայց մեր ոխերիմ թշնամուց ավելի վատ է վարվել. հանել է շենքի ծածկը, առաջին_երկրորդ հարկերի կտուրները և արդեն 10 տարի սպասում է, թե երբ այդ չորս պատը կավերվեն, ու կդադարի չեղած տան մասին խոսակցությունը:

Այո´, Արամի տունը իր տակ եղած հիմնահողով վաճառվել է: Բայց ոչ միայն շենքի տակ եղած հիմնահողը, այլ նաև այդ հողի վրա գտնվող չորս պատը: Իսկ այդ պատերը Հայոց հոգևոր պատմության մասունք են, քանի որ այդ պատերի ներսում եղած բնակարանում է ապրել և մահացել Արամ Մանուկյանը: Իրականում վաճառվել է ոչ թե Արամի 9 հասցեի սովորական հիմնահողը, այլ Հայաստան պետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը:

Քաղաքապետարանի թե´ այն ժամանակի, թե´ ներկա պատասխանատուները կարող են հակադարձել, որ ի˜նչ վատ բան կա. վաճառել են, որ վերականգնվող «Հին Երևան» ծրագրի շրջանակում Արամի 9 հասցեի ավերակի դիմապատը պահպանվի` վրան էլ ցուցանակ, թե այդ պատի հետևում ապրել է Հայաստանի նորօրյա պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը:

Այսպես կարելի է արդարացնել ցանկացած սրբապղծություն:

Մարդիկ մոռանում են, որ գործել ու գործում է մի բարոյական չափանիշ` չի´ կարելի վաճառել ազգի մեծերի հիշատակը: Սա անհերքելի իրողություն է: Այս դեպքում փաստորեն վաճառել են Երկրի բարոյական հիշողությունը:

Մի քանի խոսք էլ` Արամ Մանուկյանի գերեզմանի և այժմյան գերեզմանին խաչքար կանգնեցնելու մասին: Հայ ժողովուրդը իր հերոսին հուղարկավորել է ներկայիս Կոմիտասի անվան Պանթեոնում, և այն ժամանակների Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթքով հրամայել է, որ ազգի մեծ որդու գերեզմանն անշարժ մնա: Սակայն եկել են գենետիկ այլ արարածներ և նրա աճյունը նախ շարժել ու վերաթաղել են Կոզեռնի գերեզմանոցում, ապա` այստեղից տեղափոխել ու հողին հանձնել Թոխմախի գերեզմանոցում` մեկ այլ ընտանիքի գերեզմանատարածքում: Մտածել են, թե այն այդպես էլ կկորչի ու կմոռացվի:

Բայց այդպես չեղավ: Արամի գերեզմանատեղը չմոռացվեց:

Հայրենասեր հայերի մի խումբ` Վարագ Առաքելյան, Գարեգին Մխիթարյան, Արցախ Բունիաթյան, Ժորա Բարսեղյան, Մկրտիչ Սահրադյան, ուրիշներ 1979-ին նախ ճշտել են թաղման տեղը, ապա որոշել Արամ Մանուկյանի գերեզմանին խաչքար կանգնեցնել: Խաչքարը նախկին քաղբանտարկյալ ու նվիրյալ Գուրգեն Արմաղանյանի տան բակում պատրաստել է քանդակագործ Գառնիկ Ամիրջանյանը: Բացարձակ գաղտնիության պայմաններում այն 1982 թ. օգոստոսի 11-ին Սերգեյ Մարդանյանի մեքենայով հասցվել է Թոխմախի գերեզմանոց և ճանապարհահատվածից գերեզմանոցի չորս բանվոր, ձեռքերի վրա, առանց որևէ տեխնիկա օգտագործելու, այն հասցրել են Արամ Մանուկյանի գերեզմանին: Այս ամենն ասացի, որ պատկան մարմիններն Արամ Մանուկյանի աճյունը տեղափոխելու պարագային չանհանգստանան խաչքարի տեղափոխութ յան դժվարությունների հարցով: Այն ինչպես ձեռքով հասցվել է գերեզմանոց, այդպես էլ ձեռքով կիջեցվի մինչև ճանապարհահատված: Իսկ եթե մերօրյա պատասխանա տուները շարունակեն ազգային սրբություններին չնկատել, ուրեմն այդ շիրմաքարը թո´ղ հավերժ մնա նույն տեղում` ապրող իշխանավորներին հիշեցնելու համար, թե ինչպիսի դեգերումների են դատապարտել մեծ հային` իր հավերժության ճանապարհին:

Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆՑ