ԴԱՏԱՐԿ «ԿՐԱԿՈՑՆԵՐ»... ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՏԵՍՔՈՎ


ՀՀ արդարադատության նախարարությունն ու Ազգային ժողովը չեն շտապում կատարել իրենց խոստումը` փոփոխություններ մտցնելու «Հասարակական կազմակեր պությունների մասին» ՀՀ օրենքում, ճշգրտելու նախկին ստեղծագործական միությունների կարգավիճակը: Չնայած անորոշությանն ու անընդհատ հնչող դժգոհություննե րին, ստեղծագործական միավորումները, համաձայն օրենքի, հրավիրում են իրենց համագումարներն ու գլխավոր խնդիր դարձրած միավորման նախագահի ընտրությունը` հեռանում...

Արդեն բոլոր նախկին միությունները հրավիրել են իրենց համագումարները, իսկ դեկտեմբերի 16-ին նկարիչները կհավաքվեն, հավանաբար դարձյալ կսևեռվեն նախագահի ընտրությանն ու կհեռանան` գուցե այս անգամ էլ որևէ փոփոխություն չարձանագրելով միության կառավարման համակարգում: (Տա´ Աստված, որ այս անգամ մենք սխալվենք):

Ստեղծագործական միություններից գրողներն ու կոմպոզիտորները ունեցան նոր նախագահներ: Գրողների միությունում նախագահի փոփոխությունը պայմանավոր ված էր Լևոն Անանյանի վաղաժամ մահով, իսկ ահա կոմպոզիտորների և երաժշտագետների միությունում ստեղծվել էր այնպիսի բախումնալի իրավիճակ, որն իրար դեմ էր հանել կոմպոզիտորներին, պարտադրել շատերին սուր քննադատության ենթարկելու մոտ 20 տարի միությունը կառավարած Ռոբերտ Ամիրխանյանի գործունեությունը:

Այս միությունը, ինչպես համագումարի ժամանակ հաստատեցին շատերը, գործում էր միայն նախագահի համար, գոյություն չունեին վարչություն և նախագահություն, բոլոր ֆինանսական միջոցները տնօրինվում էին բացառապես նախագահի կողմից: Ավելին, միության նախագահը քմահաճորեն չէր կամենում Դիլիջանի ստեղծագործական տունը կոչել նրա հիմնադրի` Էդվարդ Միրզոյանի անվամբ: Համագումարում, որը կատարյալ խեղկատակության էր նման սկզբում, ընտրվեց նոր նախագահ, անվանի կոմպոզիտոր Արամ ՍԱԹՅԱՆԸ, և շատ կարճ ժամանակամիջոցում այստեղ լուրջ գործընթացներ տեղի ունեցան:

Գրողների միությունում շատ բան մնում է նախկինի պես, որևէ փոփոխություն, որևէ նոր խոսք ու նոր մտածողություն առայժմ չի առկայծում: Այստեղ դարձյալ նույն մարդիկ են ընդգրկվում մրցանակներ շնորհող տարբեր հանձնաժողովներում, դարձյալ ձևն է գերիշխողը, դարձյալ միությունը սպասարկում է մի քանիսի շահերը:

Ճարտարապետների միության համագումարը, թերևս, ամենազավեշտականն էր, որովհետև, պարզվեց, որ հայ ճարտարապետներն ասելիք չունեն, խնդիրներ չունեն, նրանց չեն մտահոգում ճարտարապետական աղավաղումները, չեն մտահոգում Երևանի, հանրապետության այլ քաղաքների ճարտարապետական խնդիրները... Եվ ինչպե՞ս մտահոգեր, երբ համագումարին ներկա ճարտարապետներից շատերն են հեղինակել բազմաթիվ նոր նախագծեր, որոնք օրավուր մայրաքաղաքը հեռացնում են իր բացառիկ կերպարից ու առանձնահատկություններից... Ուրեմն, հավաքվեցին, երեք հոգու առաջադրեցին, երկուսը, պայմանավորվածության համաձայն, ինքնաբացարկ հայտնեցին, և Մկրտիչ Մինասյանն իրավունք ստացավ ևս երկու տարով ղեկավարելու միությունը:

Փոքր-ինչ այլ ընթացք ստացավ Թատերական գործիչների միության համագումարը: Հնչեցին մտահոգ ելույթներ, բարձրացվեցին հիմնահարցեր, խոսվեց ազգային դրամատուրգիայի և ազգային թատրոնի միջև առաջացած անջրպետի, դպրոց-թատրոն կապի բացակայության, թատերական գործիչներին տրվող ցածր աշխատավարձերի, մի շարք թատրոնների շենքային անմխիթար պայմանների մասին: Հետո Հակոբ Ղազանչյանը նորից ընտրվեց միության նախագահ: Ընտրվեց, որովհետև ոչ ոք չուզեց ստանձնել պատասխանատվություն, ոչ ոք չուզեց իր ուսերին առնել ծանր պարտականությունը... Իհարկե, Հակոբ Ղազանչյանը հայտարարեց, որ եթե այս ժամանակամիջոցում օրենքում փոփոխություն տեղի չունենա, ինքն այլևս չի համաձայնի ղեկավարել միությունը...

Ինչի՞ համար են համագումարներ հրավիրում մեր շատ ստեղծագործական միավորումներ, եթե պիտի բացառվեն ստեղծագործական խնդիրները, եթե չեն խոսվելու հիմնահարցերի մասին, եթե նույն միություններից շատերի անգործության ու անհետևողականության հետևանքով արհեստավարժ արվեստն աստիճանաբար իր տեղը զիջում է սիրողականության, գետնաքարշին, եթե իշխանություն-մշակույթ կապը դեռևս չի ստանում իր իրավական հիմնավորումները: Ինչու՞ են մեր ստեղծագործողները տարին բոլոր խոսում ու դժգոհում, մինչդեռ համագումարների ժամանակ լռություն են պահպանում` հավանաբար «վատամարդ» չլինելու, իրենց նետվող որոշ պատվերներից չզրկվելու համար...

Գուցե իսկապես ժամանակն է, որպեսզի մեր օրենսդիրները մի կողմ թողնեն իրենց չարդարացված համառությունն ու ընդունեն օրենք փոփոխություններ կատարելու մասին: Իրավական կարգավիճակը կօգնի միություններին ներգրավվելու ակտիվ ստեղծագործական գործընթացների մեջ և դառնալու մեր մշակույթի կարևորագույն բաղադրիչները...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ