ՀԻՄԱ ԷԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ը


Արդեն մի քանի օր է` հայաստանյան ռուսալեզու թերթերից մեկում, ինչպես նաև որոշ պաշտոնական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում վերանայելու ՀՀ պետական տոների ցանկն ու ավելացնել…նոյեմբերի 29-ը: Մինչև 20 տարեկաններն այսօր Հայաստանում գուցե չգիտեն էլ, թե ինչ օր է այն, թե ինչ նշանակություն ունի մեր պատմության մեջ: Բայց գաղափարի կողմնակիցները ոչ թե պարզապես ուզում են հիշեցնել այդ օրվա մասին, այլ նաև ինչ-որ ակնարկներ բերել, գուցեև նախադեպեր ստեղծել...…

Նոյեմբերի 29-ը հայտնի է նրանով, որ 1920 թվականին այդ օրը 11-րդ բանակը մուտք գործեց Քարվանսարա` ներկայիս Իջևան, իսկ Հայաստանի Հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանը շտապեց հեռագիր ուղարկել Լենինին, որ Հայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն: Ըստ էության, նոյեմբերի 29-ը խորհրդայնացման օր հռչակելը պատմական կեղծիք էր, քանի որ Առաջին հանրապետության անկման համաձայնագիրը ստորագրվել էր դեկտեմբերի 2-ին, Ալեքսանդրապոլի ապօրինի և խայտառակ համաձայնագրի շրջանակներում: Մոտ 70 տարի հայ կոմունիստները կեղծիքն էին մատուցում բոլորիս` թաքցնելով իրականությունն Ալեքսանդրապոլի պայմանագ րի մասին: Հիմա գտնվել են մարդիկ, ովքեր ուզում են վերակենդանացնել նոյեմբերի 29-ը` ասես հուշելով, որ կարելի է վերադառնալ պատմության այն հատվածին, երբ «ռսի օրհնած ոտի» ներկայությամբ` մենք պետություն դարձանք:

Ոչ ոք չի ժխտում մեր ձեռքբերումները, որոնք արձանագրվել են 1920-1991 թվականներին, բայց ինչու՞ հատկապես հիմա, երբ Հայաստանը դառնում է Մաքսային միության անդամ, ոմանք որոշեցին կենդանություն տալ նոյեմբերի 29-ին: Նպատակը պարզ է. աստիճանաբար վերադարձնել մեզ երեկվա օրվան ու «ինտեգրել» Ռուսաստանին` դյուրինացնելով ինքնիշխանության կորուստը...

Լ. Մ.