ԱՐԴԱՐԱՄԱՐՏԵՐՆ ՈՒ ԱՐԴԱՐԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ


- Իրո՞ք, 1915-ին, Արևմտահայաստանում մեկ ու կես միլիոն հայ է մահասպանվել,- սգածաղիկները ցեղասպանության հուշահամալիրի կրակին խոնարհելով, համենում է էստոնացի գրչընկերս ու բարեկամս:

- Ինչո՞ւ ես հարցնում,- զարմանում եմ,- դու այդ մասին գիտես, բազմիցս գրել ես:

- Այո´, գիտեմ, այո´, գրել եմ, դրա համար չեմ հասկանում, թե ի՞նչ էին անում տղամարդիկ, երբ իրենց մայրերին, կանանց, երեխաներին խողխողում էին:

Ես մի պահ տատամսում, հետո խոստանում եմ նրան, ոչ միայն նրան, հավաստի, հիմնավոր պատասխանել:

Ու, ահա´, կատարում եմ խոստումս:

1.ԱՆՏԻՈՔ-ՄՈՒՍԱ ԼԵՌ

«Հայրենիքի համար պետք է կռվել այնպես, ինչպես կռվեցին Մուսա լեռում»:

ԲՐԱՆԿՈ ՉՈՊԻՉ

Հարավսլավացի արձակագիր

Լեռը Մուսա` Սուրբ էր կոչվում: Նրա կաղնեխիտ պառեխներով (սարալանջ) միայն ամպերն էին սողում, որոնք, երբ քսվում էին լեռնանտառների սաղարթներին, ծվեն-ծվեն գազպեն` մանանա էին թողնում: Մուսա լեռան գյուղերում նորահարսին, ամուսնական առագաստ առաջնորդելուց առաջ, փեսան նուռ էր տալիս, հորդորում շեմքի սալ քարին խփել: Որպեսզի, որքան հատիկ որ թափվի, այնքան զավակ ունենա: Տղան ու աղջիկը կարևոր չէր« կարևորը արյան շարունակականությունն էր:

1915 թվականին, ճիշտ հուլիսի 29-ին« Մուսա լեռան Յողունօլուք գյուղում հոգևորականներն ու աշխարհականները խորհրդի նստեցին: Ստացել էին գավառակի հայատյաց կառավարչի` Խալիդի հրամանը` նա լեռնաշխարհի բոլոր վեց գյուղերի` Քեբուսիեի« Վագըֆի« Խդրբեկի« Յողունօլուքի« Հաջի Հաբիբլիի« Բիթիասի վեց հազարից ավելի բնակիչներին հրահանգում էր մի շաբաթում տունուտեղ, կալվածք, ունեցվածք լքել, անապատ բռնագաղթել: Պատվելի Տիգրան Անդրեասյանը, ով իր աչքերով տեսել էր Զեյթունի տեղահանությունը, մի կերպ ճողոպրել, բնօրրան էր հասել, թախանձում էր Մուսա լեռ քաշվել, ինքնապաշտպանության դիմել` «եթե մեր վերջը մահն է, հայ քրիստոնյա մեռնենք»,- ասում էր: Ավետարանական համայնքի մի ուրիշ հոգևոր հովիվ` պատվելի Հարություն Նոխուտյանը, ընդհակառակը, ճիշտը կառավարության կամքին չընդդիմանալը, զենքերը հանձնելն ու տարագրության հրամանին անսալն էր համարում: Մի կողմը մյուսին չկարողացավ տարհամոզել, հաջորդ առավոտն իսկ Նոխուտյանը իր հոտն առավ, հլու-հնազանդ ճամփա ընկավ: Նրանք, ովքեր նրա առաջնորդությամբ կտրեցին Միջագետքի անապատը, վերջ ի վերջո Համայի գաղթակայանը հասան, կուսակալի` Քեմալ բեյի հրամանով բռնի կրոնափոխ եղան: Դավիթը Տավուտ դարձավ, Հակոբը` Յագուբ, Աբրահամը` Իբրահիմ©©©

Բարեբախտաբար վեց գյուղերում մնացած մուսալեռցիները չէին սպասել խորհրդի վճռին` անընդհատ լեռ էին բարձրացել-իջել: Նրանք իրենց որոշումը նախօրոք էին կայացրել: Տղամարդիկ քարանձավներն էին տեղափոխում զենքերը, կանայք` սննդի պարկերն ու ընտանեկան մասունքները: Կառավարիչը լրտուներից իմացավ մուսալեռ ցիների տեղաշարժի մասին, հերթական նամակ-սպառնալիքը հղեց: Երբ դա էլ չազդեց, մոլեգնեց, բանակի հրամանատարությունն ստանձնեց, անձամբ լեռ առաջնորդեց: Նա զորավարի կեցվածք էր ընդունել, ձեռքը բացաստաններին պարզած, հոխորտում էր.

- Մինչև արևը մայր մտնելը, ա´յ, այն գագաթին պիտի լինեմ...

Հաղթանակն այնքա˜ն մոտ էր թվում նրան: Ու` դյուրին: Մանավանդ, երբ համոզվեց, որ հայերը (մինչ այդ ասել էին, չէր հավատացել) մեկփողանի ու երկփողանի որսորդական հրացաններով են կռվում: Մեկփողանի ու երկփողանի հրացաններով, ոմանք էլ հունական հնաոճ «Կրաներով»: Կառավարիչը, շատ լավ իմանալով, որ այդ զենքերի պահունակում հազիվ քսանհինգ փամփուշտ է տեղավորվում, հրամայեց խուսամարտերով գրոհը ձգձգել, սպասել, որ հայերի դիրքերում զինամթերքը սպառվի: Այդպես էլ եղավ, հենց կրակոցները մի պահ դադարեցին, թուրքերը կտրուկ հակագրոհի անցան: Ու շատ զարմացան, որ առանց փամփուշտի մնացած լեռնապահները մինչև լրապաշար ստանալը չընկրկեցին, խրամատներից դուրս խոյացան, նետվեցին սվինամարտի: Նրանք բոլորն էլ զինավարժ էին` այնքան էին մոտենում թուրքերին, որ կրակել չէին թողնում, խշտիկների սուրսայր հարվածներով արյունլվա տապալում էին: Հայերը այդպես էլ թույլ չտվեցին, որ հակառակորդի զորախմբերը որոշ տարածությամբ հետ քաշվեն, դիրքավորվեն, կրկնկակոխ` ընդհուպ ստորոտի խանդակները հետապնդեցին: Հետո հետ, լեռ բարձրացան, քարանձավներում ու թավուտներում աներևութացան: Նրանց նպատակը թշնամուն հաղթելը չէր, իրենց լեռնցու ինքնիշխանությունը, կանանց, երեխաների պատիվը, անվտանգությունը պաշտպանելն էր:

Թերևս դա էր պատճառը, որ հաջողությունից առանձնապես չուրախացան, ընդհակառակը, ավելի մտահոգ, մտազբաղ դարձան: ճիշտ է, հակառակորդը նահանջել, բայց իրենց պաշտպանական հնարավորությունները, կրակակետերը բացահայտել էր: Հետագա` հանկարծահաս հարձակումները դիմագրավելու համար մուսալեռցիները ռազմական խորհուրդ ընտրեցին, որը ապստամբներին տասնյակների բաժանեց, տասնապետեր նշանակեց ու ըստ խրամատների տեղաբաշխեց: Քառասուն քաջատեսք, հանդուգն արձակազեններից էլ փրկարարական մարտախումբ ստեղծվեց, որը միշտ կազմ-պատրաստ պիտի լիներ, տագնապականչի դեպքում այն դիրքը փութար, որտեղ երերար պաշտպանությունը:

Առաջիկա` դժվարին մարտերին միայն լեռնապահները չէ, որ պատրաստվում էին: Ծերունիները խրամատներն էին խորացնում, անտառը նոսրացնում, որ թշնամին հեռվից տեսանելի լինի, անակնկալի չբերի, կանայք հաց էին թխում, երկար դիմացող ուտելիքներ եփում: Երեխաներն անգամ անընդհատ տեղաշարժվում, խրամուղիներով դիրքապահներին զինամթերք, ջուր, կերակուր էին հասցնում, անխափան կապ ապահովում:

Վերջնական, վճռական գրոհին նախապատրաստվում էր նաև հակառակորդը: Առաջին ձախողումն արդարացնելու համար Խալիդը սարսափազդու չափազանցություն ներով էր ներկայացրել հայերի ուժերն ու կուտակումները, թուրքական կառավարությունն ընդամենը երեք օր անց` օգոստոսի 10-ին նրան հինգ հազար մարտիկից կազմված լրազոր էր տրամադրել: Այդ մեծաքանակ, լավ զինված զորաբանակը այս անգամ մուսալեռցիների դիրքերն էին առաջնորդում զորաշարժերում թրծված` արհեստավարժ հրամանատարներ` յոթը թուրք հազարապետ և մի բարձրաստիճան գերմանացի սպա` կոմս ֆոն Վոլֆսկիլին: Նա, դեռևս սարավանդ չհասած, խոստացավ ռազմավարական միայն իրեն հայտնի հնարանքներով, մի գրոհով խարխլել հայերի պաշտպանությունը, բոլոր լեռնաբնակներին գերեվարել, հովիտ իջեցնել: Չնայած նման հավաստիացումներին« թուրք զինվորները, սպաները, նախորդ մարտը հիշելով, չհամարձակվեցին մոտենալ հայկական ամրություններին, հարձակումը հեռահար ռմբակոծմամբ սկսեցին: Ապստամբների պատասխան կրակահերթը չուշացավ: Պարզվեց` հայերը, բացի երկփողանի որսորդական հրացաններից ու հունական հնաոճ «Կրայից», ինքնաշեն հեռահար արկեր ունեն, որոնք անսպասելի պայթում էին թուրքական բանակի դիրքերում, ողջակիզում, ծխահեղձ էին անում: Այդ կրակակետերը լեռան բարձունքում, մութ այրերում էին, թուրքերը նշանառության տակ առնել, վերացնել չէին կարողանում: Հայերը, ճիշտ հակառակը, քանի որ տեղանքը լավ գիտեին, այնպես էին դիրքավորվել, որ գրեթե չէին վրիպում:

- Կանգ առեք, տեսնենք ինչ ենք անում,- կորուստները տեսնելով, քծնանքով իրավիճակից դուրս գալ փորձեց գերմանացի սպան,- թուրք զինվորը թանկ արժե, մենք գրեթե լեռնաշխարհը նվաճել, հայերին հաղթել ենք, ավելորդ զոհ տալու իրավունք չունենք:

Ասկյարները կարծես այդ հրամանին էին սպասում: Առանց այն էլ դարավանդներով մագլցելը դժվար էր, թնդանոթներն ու հրանոթները ավելի էին դժվարացնում: Նրանք ծանր հրետանին տեղում թողեցին, հետ սողացին: Իբր առժամյա: Բայց նահանջի ամբողջ ճանապարհին իրենց մարտընկերների դիակները տեսնելով, սարսափով համակվեցին: Վրաշարժի ընթացքում չէին էլ նկատել, որ հարյուրից ավելի զոհ են տվել: Վիրավորները առնվազն երեք անգամ շատ կլինեին: Հազարապետը սմսեղուկ զինվորական էր: Հասցրեց հրամայել©

- Վիրավորներին վերցրեք, դիակները տեղում թաղեք:

Հետո մի կողմ կանչելով մեռելաթաղներին, թաքուն ավելացրեց©

- Ամեն փոսում հինգ-հինգ հոգի դրեք, որ չիմացվի որքան զոհ ենք տվել: Ամոթ է` այիբ:

Երկրորդ ձախողումից հետո թուրք զորակալները նոր գրոհ ձեռնարկել չհանդգնեցին: Փոքրոգի չթվալու համար արդարանում էին`

- Ինչո՞ւ ավելորդ զոհեր տանք…

Նրանք պաշարեցին լեռան բարձունքն ու հաղորդակցության հնարավոր բոլոր ուղիները արգելափակեցին, կածաններն անգամ հսկողության տակ վերցրին: Ապստամբները զարտուղի ճանապարհներով էլ չէին կարողանում գյուղ իջնել, լեռ` պարեն փոխադրել: Իսկ եղածը սպառվում էր: Հերթական նիստում ռազմական խորհուրդը ընդհանուր վարչական մարմին ստեղծեց, որը պատերազմական խստակարգ` վերահսկողություն սահմանեց բաշխվող հացի, անգամ ջրի վրա: Կշտանալու իրավասություն ունեին միայն երեխաները: Բայց որքա՞ն ժամանակ: Որպեսզի հակառակորդները սողանցք չգտնեն, լեռնավան չթափանցեն, ռազմական խորհուրդը պաշտպանական ուժերը տեղադրեց, քառասուներեք դասակի վերաբաժանեց, իսկ լեռանն ապավինած խաղաղ բնակիչներին, ովքեր մինչ այդ ըստ նախկին բնակավայրի, տարբեր բացատներում էին հանգրվանել, ընդհակառակը, մեկտեղեց ամենաբարձր դարավանդում, որ դժվարամատչելի, միաժամանակ ծովը բոլորի տեսադաշտում լինի: Ծովը շատ կարևոր էր:

Օրը կիրակի էր, քահանայից դասը եկեղեցու վերածված վրանում պատարագ էր մատուցում: Երբ սարկավագը խունկ ծխեց և մրմնջաց «Ազգիս հայոց ազատութի˜ւն©©©» հայրապետական աղոթքը, հևիհև ներս խուժեց ճակատային մունետիկ Առաքել Կեպեշյանը: Նա գուժեց©

- Թուրքերը մոտենում են, զենքի˜©©©

Լեռնցիների աղոթքը խափանվեց: Բոլորը դուրս նետվեցին վրան-եկեղեցուց, այլագունեցին: Երրորդ գրոհը նման չէր նախորդներին: Ասես գորշ, մռայլ ամպերն ամեն կողմից պարուրել էին լեռան ստորոտը ու դանդաղ` լանջերն ի վեր` դեպի գագաթ էին սողում: Թուրքական բանակի հինգ հազար զինվորներին միացել էին յաթաղանները մերկացրած չորս հազար թուրքմեն ու չեչեն ավարառուներ, ովքեր անընդհատ առաջ էին ընկնում, որպեսզի շուտ թալանեն հայերի ունեցվածքը, առաջինը բռնաբարեն կանանց, առևանգեն դեռատի տղաներին ու աղջիկներին: Հենց մոտեցան հայկական դիրքերին, ընդհանուր հրամանատարը` Ֆախրի փաշան, զորքը ճյուղավորեց երկու մասի: Մեկը զառիվերով լեռան գագաթը ձգվեց, մյուսը` մխրճվեց անտառ: Դիրքապահները նման լայնածավալ գրոհը դիմագրավելու հնարավորություն չունեին, ձեռնամարտի բռնվելով, քայլ առ քայլ նահանջում, բայց զգում էին, որ ուժերն սպառվում են, քիչ անց սրախողխող ընկնելու են, ու ավարառուները թաքստոց_կացարաններն ու ապաստարանները ներխուժելով, պղծելու են իրենց օջախը` հայ տղամարդու ամենանվիրական սրբությունը: Եղան այնպիսիները, որ չդիմացան, մի ակնթարթ տուն նետվեցին, համբուրեցին կանանց, հետո, որպեսզի թշնամին չառևանգի, դաշունահարեցին ու ռազմադաշտ վերադառնալով, շարունակեցին օրհասական մարտը:

Կանայք, որ եկեղեցի-վրանում խճողվել, վերջնամարտին էին հետևում, հասկացան, թե ինչ է սպասում իրենց, կարճ ու կտրուկ որոշեցին.

- Եկեք գոնե մենք մեր տղամադկանց բեռ չլինենք, խմբովին գնանք, ծովը նետվենք:

- Թող նրանք տեսնեն, որ մենք նրանց պատիվը չարատավորեցինք, անաղարտ Տիրոջը հանձնվեցինք:

Աբրահամ Տեր-Գալստյան քահանան կանանց որոշումը աստվածահաճո գտավ, խաչը պարզած առաջ ընկավ:

Տասնապետ Եսայի Յաղուբյանը, սակայն, զուր չէր ռազմական խորհրդի նիստերին միշտ վերջին որոշումը ընդունում, հոր խոսքերը հիշեցնում` «Հայի վերջին խելքը©©©»: Թուրքերը, համոզված, որ կռիվն ավարտել, ջախջախել են լեռան մարտիկներին, թաքստոց-կացարաններն էին նետվում, որ հարուստ ավարին իրենք տիրանան, ամենագեղեցիկ մանկամարդ աղջիկներին, դեռատի կանանց գերեվարեն: Լեռնապահներն էլ էին կռիվը ավարտված համարում, բայց տեսնելով, թե թուրքերը ինչպես են թալանի հեռանկարից շլացել, ցրիվ եկել, իսկույն համախմբվեցին, աննկատ փոքր խմբեր շրջափակեցին, սրատեցին: Թուրքերը սթափվեցին, բայց արդեն ուշ էր: Հայտնվել էին դարանակալման սարդոստայնում:

Վայնասուն բարձրացավ: Կանայք արդեն քարափ էին հասել, խաչակնքում էին, որ ծովը նետվեն: Սարավանդներին թուրքերեն-հայերեն գոչգոչյուն լսելով, հետ շրջվեցին, ապշեցին: Նա, ով առաջինն էր ուզում ջրամույն լինել, ընկրկեց.

- Վե´ր նայեցեք, վե´ր, հրա՞շք է, ի˜նչ է, մերոնք հաղթում են:

Մանուշակ Մանուկյանը գլխով արեց©

- Ճիշտ որ հաղթում են: Աստված վկա, խելք չունենք, ջուրը նետվելու փոխարեն, ավելի լավ է գնանք, մեր տղամարդկանց օգնենք: Եթե մեռնելու ենք, թուրք մեռցնելով մեռնենք:

Կանայք խուռներամ հետ դարձան, լեռնավանից էլ բարձրացան, քարակարկառներից սկսեցին ժայռեր գլորել առանց այն էլ գլուխները կորցրած ասկյարների վրա: Իսկ ասկյարներին թվաց, թե ապստամբներին լրացուցիչ ուժեր են օգնության հասել: Նրանք իրենց հողը չէին պաշտպանում, թե ինչու պիտի ամայի լեռնամարտներում զոհվեն, չէին հասկանում: Ուստի զորակալի հրամանին էլ չանսացին ու ոչ թե նահանջեցին, խուճապահար ճողոպրեցին, նահանջի ճանապարհին անգամ զոհեր տվեցին: Վիրավորներին չհաշված` լեռնադաշտերում ու լեռնահովիտներում վեց-յոթ հարյուր սպանված կար:

Դրանից հետո թուրքերը նոր զորաշարժեր չձեռնարկեցին, բայց լեռնաբնակների տագնապը չփարատվեց: Իրավիճակը օր-օրի վատթարանում էր: Արդեն աշուն էր, վեց գյուղերի սննդի պաշարը գրեթե սպառվել էր, ժամանակավոր կացարանները վերահաս ցրտից, տևական անձրևներից, որոնց հաճախ կարկուտ էլ էր խառնվում, երեխաներին չէին պաշտպանում: Մուսալեռցիների հայացքները ավելի ու ավելի հաճախ էին ուղղվում Միջերկրականի ծովախորշը, սակայն հորիզոնում Թուրքիայի դեմ մարտնչող ոչ մի երկրի ռազմանավ չէր նշմարվում: Պատվելի Տիգրան Անդրեասյանը կամ հույսը չէր կորցրել, կամ իր հորդորով լեռանն ապաստանած համերկրացիներին էր ուզում հուսադրել, ճերմակ սավանի վրա անգլերեն խոշոր տառերով գրեց «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցե´ք» կոչ-աղերսը, պարզեց լեռան գագաթին: Աղջիկները ավելի հեռատես գտնվեցին, մի ուրիշ սավանի վրա կարմիր խաչ ասեղնագործեցին, ամրացրին ուղերձի կողքին: Եթե ծովայինները անգլերեն չիմանային էլ, քրիստոնեության խորհրդանիշը տեսնելուն պես օգնության կփութային: Դետքերը, այդքանն էլ քիչ համարելով, լեռան տարբեր բարձունքներում խարույկ էին վառում, ակնդետ ծովի անցուդարձին հետևում: Ուշ աշնանային այդ ցուրտ առավոտը, երբ ցայգալույսի մշուշը պատռվեց հորիզոնում, նրանք տարբեր դիտակետերից միաժամանակ ձայնեցին.

- Նա˜վը©©©

Դա պատրանք, խաբկանք չէր, իսկական հածանավ էր ակոսում ծովածոցը...

«Գիշենը»` ֆրանսիական երրորդ տորմիղի պարծանքը` քառակայմ, երկնագույն, զրահապատ հածանավ էր, ինքնավստահ էր ճեղքում Միջերկրականը: Առաջինը ղեկակալը լեռան լանջին շարժվող էակներ, խարույկ, խաչանիշ նկատեց, հարկ համարեց նավապետին` ծովակալ Դարտիժին զեկուցել: Նա խոսքը դեռ չէր վերջացրել, Խաչեր Դումանյանը, Պետրոս Դմլաքյանը, որ ֆրանսերեն լավ իմանալու համար ծովախորշի ժայռերն էին դիտակետ դարձրել, ծովը նետվեցին: Նավերը հեռու էին, նրանք լողում էին կողք-կողքի, որպեսզի, եթե անգամ մեկը ջրահեղձ լիներ, մյուսը տեղ հասներ: Կանանց, երեխաներին անհապաղ փրկել էր պետք: Նավապետը ղեկակալի զեկույցը տեսլապատրանք կարծեց, չպատկերացրեց, որ ամայի լեռան գագաթին կարող են կենդանի մարդիկ լինել: Նա կամրջակ ելավ, շրջադիտակը աչքերին տարավ, ալիքների վրա երկու սև կերպարանք նկատեց: Օգնություն աղերսող խեղդվողնե՞ր էին, թե՞ նավն ականապատել ուզող թուրք դարանակալներ` չէր հասկացվում: Նավապետը ավելի տարակուսեց, հրամայեց երկուսին էլ տախտակամած բարձրացնել: Քիչ անց Խաչերն ու Պետրոսը, քառասուն օր չսափրված մազ-մորուքով, ցնցոտիներով կանգնել էին ծովակալի դիմաց ու վտանգավոր ծովահեններ էին թվում: Բայց, երբ սկսեցին գրական ֆրանսերենով խոսել, նավապետ Դարտիժի աչքերը խոշորացան, իսկ երբ նկարագրեցին քառասուն օրվա գոյամարտի մանրամասները, կանանց, երեխաների վիճակը, արցունքով լցվեցին: Նա ծխամորճը վառեց, ոտքի կանգնեց: Իրեն հրամայված էր, ինքը շտապ Դարդանել, պատերազմ էր գնում, ճանապարհին նման անակնկալի չէր սպասում: Որոշեց ապստամբներին ուղղակի հարցնել.

- Այն, ինչ դուք պատմեցիք, ես հավատացի, նույնիսկ ձեզ համակրեցի: Քրիստոնեաբար ուզում եմ ձեզ օգնել, բայց չեմ պատկերացնում, թե ինչ կարող եմ անել:

Բանագնացներին, թվաց, նրա խոսքերը վիրավորեցին:

- Մենք գութ չենք հայցում,_ պատասխանեցին արժանապատվությամբ,_ ուզում ենք, որ մեզ զորակցեք: Եթե հնարավոր է, մեր կանանց, երեխաներին ապահով ափ տեղափոխեք, իսկ մեզ զենք, զինամթերք տվեք, որ լեռ վերադառնանք, շարունակենք մեր կռիվը:

Դարտիժ դյու Ֆուրնիեն այդպես էլ ծխամորճը շուրթերին չտարավ: Մոտեցավ, մի ձեռքը` մի, մյուսը` մյուս ապստամբի ուսին դրեց:

- Ես` որպես զինվորական, իհարկե, ձեր պայքարով հիանում, արդեն ասացի, համակրում եմ, բայց, ձեր ուժերին վստահելով հանդերձ, հեռանկարը չեմ տեսնում: Հաղորդակցությունից զուրկ լեռան գագաթին որքա՞ն կկարողանաք դիմագրավել թուրքերի գրոհները, ձմեռվա ցուրտը, քաղցը: Գթացեք ձեր կանանց, երեխաներին: Զենքով, զինամթերքով օգնելու փոխարեն ես պատրաստ եմ ձեզ ապահով բնակավայրեր փոխադրել: Գոնե մինչև պատերազմի ավարտը:

Հենց հաջորդ առավոտյան, մութնուլուսին, «Գիշեն», «Դեզեքս», «Ֆուդրեն», «Դ´Էստրես», «Շարնե» ռազմանավերը կողք-կողքի խարիսխ նետեցին ծովախորշում: Ապստամբների նավանցումը վստահված էր ֆրանսիական տորմիղի ծովասպա Տիրան Թեքեյանին, ով Վահան Թեքեյանի զարմիկն էր, Վենետիկի Մխիթարյան ճեմարանում էր հայերեն` գրաբար ու աշխարհաբար սովորել: Մինչև լույսը բացվելը, հակառակորդի` հայերի իրարանցումը նկատելը, նա ղեկավարեց ու հաջողությամբ ավարտեց նավանցումը: Երբ ծովախորշում ոչ մի կին, երեխա, ծերունի չէր մնացել, լեռներից, հրացաններն ուսերին իջան ապստամբները:

Յաղուբյանը գլխով զինընկերներին վերջին հրամանը տվեց: Նրանք հրդեհեցին իրենց խղճուկ ունեցվածքի վերջին մնացորդները, դեպի խարույկը քշեցին անասուններին ու շուրջբոլորը օղակ կազմելով, սկսեցին գնդակահարել: Կովերը, արջառները, ցուլերը, հորթերը չէին հասկանում, թե ինչու են տերերն իրենց ոչնչացնում, հուսահատ բառաչում էին, բռնկվում հրդեհի բոցերով, ողջակիզվում: Ամեն ինչ այրելուց, հակառակորդին մի հավաճուտ, մի քրեղան չթողնելուց հետո քաջամարտիկները նավ բարձրացան: Բայց զենքերը չհանձնեցին, թուրքերի դեմ կռվեցին Արարայում, Կիլիկիայում, այլուր®

Արարատյան դաշտավայրում, Մուսա լեռան հուշահամալիր-թանգարանում մինչև հիմա պահպանվում են Եսայի Յաղուբյանի, հերոսամարտի մյուս մասնակիցների մարտական զենքերը:

Զենքեր, որոնք ժառանգելու են մուսալեռցիների գալիք սերունդները:

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ