Ատելությունը պոպուլիզմի դժխեմ դուստրն է


ՀՀ Նախագահի 9 թեկնածուներից յուրաքանչյուրն այս ընթացքում փորձեց հասարակական լսարանին ներկայանալ լավագույն կողմերով, ամեն կերպ ընդգծել սեփական ծրագրի բարեմասնություններն ու առավելությունները: Այդ ամենի մեջ ամբոխահաճության` ավել կամ պակաս ցայտունորեն արտահայտված տարրեր կային և, անկեղծ ասած, չէին էլ կարող չլինել: Պոպուլիզմը քաղաքական պայքարի տեխնոլոգիաներից մեկն է, և պետք է արձանագրել, որ մեր Նախագահի թեկնածուների մեծ մասը նկատելիորեն «առաջադիմել» է այդ տեխնոլոգիայի կիրառման մեջ: Այդ ոլորտում առավել հմուտը, իմ դիտումներով, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն է: Նա իր հրապարակային ելույթներից մեկում հասավ այնտեղ, որ հայտարարեց, թե արդեն «ընտրությունների հաջորդ օրը մենք հայտնվելու ենք բոլորովին նոր Հայաստանում», նոր իրականության մեջ (իհարկե, եթե հաղթողն ինքը լինի): Հասկանալի է, որ սա տրամաբանությունից դուրս չափազանցություն էր. ընտրված Նախագահին, ով էլ լինի, նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում առնվազն մեկ տարի հարկավոր կլինի` երկրում որևէ նկատելի տեղաշարժ իրականացնելու համար: Եվ Արթուր Բաղդասարյանը, անկասկած, դա հիանալի հասկանում է: Բայց շարունակում է տալ տեսանելի հեռանկարում անիրականալի խոստումներ: Մասնավորապես, իբր լուծելու է խորհրդային տարիներին խնայբանկերում կուտակված ավանդները ամբողջովին փոխհատուցելու, մահացած ավանդատու ների փոխարեն այդ ավանդները նրանց ժառանգների կողմից ստանալու իրավունքի վերականգնման և համանման հարցեր: Հատկանշական է, որ խնայբանկերում փոշիացած ավանդների վերադարձման խոստում է տալիս նաև…Լևոն Տեր-Պետրոսյանը, այն մարդը, ում կառավարման տարիներին հենց այդ ավանդները փոշիացան: Քանի դեռ ինքը Նախագահ էր, լսել անգամ չէր ուզում, որ 1993-ին իրականացված դրամական ռեֆորմը, երբ երբեմնի խորհրդային 1000 ռուբլին իր իսկ հավանութ յամբ մի գիշերում 200 անգամ արժեզրկվելով` դարձավ 50 դրամ, բնակչության օրինականացված կողոպուտ էր: Այն ժամանակ խնայբանկերում կուտակված 11 միլիարդ ռուբլու ավանդների այդպիսի փոշիացումը երկրի 1-ին Նախագահը ֆինանսական տեսակետից միանգամայն հիմնավորված էր համարում, իսկ տրտնջացողներին քամահրանքով հեգնում էր, թե Հայաստանի Հանրապետությունը չի կարող պատասխանատվություն կրել այլևս գոյություն չունեցող Խորհրդային Միության բանկային համակարգի համար: Իսկ այժմ նրա նախընտրական ծրագրում, որպես Նախագահի թեկնածուի խոստում, սևով սպիտակի վրա գրված է. «Բնակչության խորհրդային ավանդների ձևակերպում որպես պետական պարտատոմսեր` դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ և կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով»: Թե մեկը, թե մյուսը տիպիկ պոպուլիզմ են: Եթե ավանդները պիտի վերադարձվեն լրիվ ծավալով, ապա դա այնպիսի ահռելի գումար է, որ մեր պետությունն այդ չափի փոխհատուցում կարող է տալ լավագույն դեպքում կես դար հետո: Եթե պիտի փոխհատուցվեն 2005 թվականին նույն Արթուր Բաղդասարյանի ջանքերով ընդունված օրենքի սահմանած համամասնություններով, ապա դա ոչ թե ավանդների վերադարձ է, այլ` նոր խաբեություն, 1993-ի դրամական ռեֆորմով կատարված կողոպուտի կեղծ քողարկում, ուրիշ ոչինչ: Ընդսմին, Լևոն Տեր-Պետրոսյանը ամենևին «չի հիշում» իր իսկ իշխանության տարիներին, արդեն ոչ թե երբեմնի խորհրդային բանկային համակարգում, այլ Անկախ Հայաստանի մասնավոր բանկերում ու զանազան խաբեբայական ինվեստիցիոն հիմնադրամներում ծայր աղքատության հասած քաղաքացիների վերջին տարադրամային ավանդների կողոպուտը: Այն տարիների պետական պաշտոնյաները, կրկնակի անգամ խաբված ավանդատուների բողոքներին ի պատասխան, հայտարարում էին, թե «իրենք դրա համար պատասխանատվություն չեն կրում, քանի որ նախապես զգուշացրել էին, թե այդ կառույցները վստահելի չեն…»: Նման հրապարակային հայտարարություններ է արել, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակների ամենաերկարակյաց վարչապետ Հրանտ Բագրատյանը: Բայց չէ՞ որ բոլոր այդ հիմնադրամները կամ ֆինանսական «բուրգերը» ստեղծվել ու գործում էին իշխանությունների թույլտվությամբ, նրանց լիցենզիայով: Ինչպե՞ս կարող էր իշխանութ յունը պատասխանատվություն չկրել այն բանի համար, որ իրենց իսկ հանցավոր թողտվությամբ զանազան ճարպիկ խաբեբաներ այդպես ափաշկարա կողոպտում էին սեփական քաղաքացիներին: Այն տարիներին ընդդիմադիր մամուլում քիչ քննադատական հոդվածներ չեն գրվել իշխանությունների նման հանցավոր անփութության մասին, բայց պատասխանը եղել է…անհասկա նալի, իսկ միգուցե նաև` միանգամայն հասկանալի լռությունը: Ցավալի է, բայց Արթուր Բաղդասարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրերում արդեն Անկախ Հայաստանի բանկերում ու «քցող» հիմնադրամներում բնակչությունից կողոպտված գումարների վերադարձման մասին որևէ հիշատակություն չկա: Ի սեր ճշմարտության, պիտի նկատել, որ այդպիսի բան չկա նաև մյուս թեկնածուների ծրագրերում: Փոխարենը կան ամեն տեսակի վարդագույն խոստումներ` Հայաստանը ժողովրդավարական «դրախտ» դարձնելու, ինչ-որ անհասկանալի ֆունկցիաներով «տնտեսական պառլամենտ» ստեղծելու, հարևանների հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու (կարծես թե այդ բարելավումը միայն մեզնից է կախված) և հազար ու մի այլ բաների մասին: Ներողամիտ պիտի լինել, դրանք էլ պոպուլիզմի կամ միամիտ ընտրողներին մոլորության մեջ գցելու ոլորտին են պատկանում: Նույնիսկ ագրեսիվ քարոզչությունը, սրան-նրան դատի տալու, կասկածելի մասնավորեցումների դեպքերը հետաքննելու և ժողովրդից այդ կերպ հափշտակված գումարները իբրև թե ժողովրդին վերադարձնելու և համանման այլ մեծադղորդ հայտարարությունները նույնպես պոպուլիզմի դրսևորում չե՞ն: Ծիծաղելի է, իհարկե, երբ իր ժամանակ մի քանի վաուչերով ահռելի գործարաններ շնորհած նախկին Նախագահն է նման «վերանայումների» խոստում տալիս: Ակնհայտ է, որ այդ «վերանայումները» իր կառավարման տարիներին չեն հասնելու: Նա «շրջահայեցորեն» արդեն հոգացե¯լ է «կասկածելի սեփականաշնորհումների» ցուցակները կազմելու մասին… Ինչպե՞ս կարող է ժողովրդավարության հետ որևէ առնչություն ունենալ…դեռ 2000 տարի առաջ Հին Հռոմում, Սուլլայի դիկտատուրայի օրերից լավ հայտնի այդ կարգի «պրոսկրուպ ցիաների» հրապարակումը: Դրանք «սև ցուցակներ» էին, որոնցում հայտնվածները առանց դատ ու դատաստանի ենթակա էին մահապատժի, իսկ նրանց ունեցվածքը` բռնագրավման: Սուլլայից 2 հազար տարի հետո այդպիսի «սև ցուցակներ», ավա՜ղ, հրապարակվում են նաև…Երևանի Ազատության հրապարակի նախընտրական հանրահավաքներում: Ինձ համար սարսափելի չէ այդպիսի ցուցակների հրապարակումը£ Ինքնըստինքյան հասկանալի է, որ դրանք հրապարակողները, նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում, չեն կարող իրենց իսկ կազմած այդ «պրոսկրուպցիաներում» հայտնվածների նկատմամբ արյունոտ հաշվեհարդարների մղձավանջն իրականություն դարձնել: Սարսափելի է այլ բան` հասարակության, մանավանդ հանրահավաքավորների որոշակի մասի կողմից նման խայտառակ, արյունածարավ հայտարարություններին հավանությամբ վերաբերելը… Քաղաքական սոցիոլոգիայում կա «ամբոխի հոգեբանություն», «ամբոխային տրամաբանություն» հասկացությունը: Դա ոչ մի ընդհանուր բան չունի ամբոխից դուրս գտնվող մարդու հոգեբանության, մարդկային առողջ տրամաբանության հետ: Ամբոխի մեջ հայտնված մարդը, կամա-ակամա, ենթարկվում է զանգվածային փսիխոզի ազդեցությանը, ունակ է դառնում այնպիսի անզուսպ արտահայտությունների ու արարքների, որոնց վրա ինքն էլ հետագայում անկեղծորեն զարմանում է: Այդպիսի անցանկալի դրսևորումներ, ըստ իս, քարոզարշավի ընթացքում առավել ցայտունորեն զգացվեցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի քաղաքական վարքագծում: Ով-ով, բայց Նախագահի թեկնածուները բարոյական իրավունք չունեն զանգվածներին առաջնորդելու փորձեր ձեռնարկել, եթե անտեղյակ են այդ գիտությանը կամ այնքան անպատասխանատու են, որ հաշվի չեն առնում մի տարրական հանգամանք` «ամբոխային տրամաբանության» վրա քաղաքական ձեռնածություններ անելը պարզապես կործանարար է երկրի ու ժողովրդի համար: Դա ուղիղ գծով կարող է տանել անկառավարելի, խուլիգանական վայրագ գործողություններով ուղեկցվող քաղաքացիական անհնազանդության զանգվածային ցույցերի` իշխանութ յուններին հարկադրելով դիմելու կոշտ հակազդեցության: Այդ վտանգը կար և կա: Եվ, ի պատիվ իրենց` դա առաջին հերթին հասկացել ու հասարակությանը զգաստության կոչով դիմել են ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Նախագահի թեկնածուներ, գործող Վարչապետ Սերժ Սարգսյանն ու «Ազգային Միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը: Վերջինս անցյալ շաբաթ նույնիսկ այնքան տագնապած էր, որ լրագրողների հետ շաբաթ օրվա հանդիպման ժամանակ, մի կողմ թողնելով իր նախընտրական «Արարման ծրագիրը», խոսում էր հասարակության մեջ ատելության էներգիայի հետագա ավելացման հնարավոր աղետալի հետևանքների մասին: Արտաշես Գեղամյանը նույնիսկ ենթադրում էր, թե որոշակի ուժեր դա հատուկ նպատակով են անում. կանխազգալով իրենց պարտությունն առաջիկա ընտրություններում` ուզում են երկիրը հրել դեպի քաղաքացիական պատերազմի հորձանուտ: Միգուցե Արտաշես Գեղամյանի տագնապը չափազանցված է, սակայն չի կարելի չնկատել, որ դա ազնիվ տագնապ է: Գործող իշխանություններն այդպիսի տագնապ չեն արտահայտում, ինչը, թերևս, պայմանավորված է ցանկացած սադրանքի զորեղ հակահարված տալու նրանց ինքնավստահությամբ: Բայց ինչո՞ւ այդքան սրել իրադրությունը: Ինչո՞ւ չչափավորել հասարակական օրգանիզմի մեջ ներարկվող ատելության թույնի քանակը: Երբ այդ թույնը ծորում է շարքային մարդու շուրթերից` մի բան է, իսկ երբ դա ոչ թե ծորում, այլ ուղղակի ժայթքում է Նախագահի թեկանածուի կամ նրան սատարող ուժերի ներկայացուցիչների շուրթերից` դա միանգամայն ուրիշ բան է: Անցյալ շաբաթ Նախագահի թեկնածուներից մեկի` Վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական 2 շտաբների վրա ուղղված կրակոցների առայժմ անհայտ հեղինակները, Թալինում կայացած հանրահավաքում այլախոհ ազատամարտիկին ծեծի ենթարկողները, եթե նույնիսկ չեն էլ ուղղորդվել որոշակի այլ շտաբից, միևնույն է` դարձել են Վարչապետի հանդեպ մեթոդաբար, օրավուր թանձրացող ատելության քարոզի զոհերը: Իսկ ատելությունը վատ խորհրդատու է, նա քաղաքական պոպուլիզմի դժխեմ դուստրն է` ընդունակ երկպառակության խնձոր նետելու պետության ու հասարակության միջև: Տուրք չտա°նք հոգի ամայացնող ու սրտեր քարացնող այդ հրեշին…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ