ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ


 

Հայաստանում որոշ ուժեր ու գործիչներ անհամբերությամբ էին սպասում Պուտինի ընտրությանը` նրա հետ կապելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա ընթացքը: Արդեն այս օրերին հատկապես հայաստանյան վերլուծաբաններն այն միտքն են հայտնում, որ էական շրջադարձեր չեն գրանցվելու, Ռուսաստանը շարունակելու է իր քաղաքականությունը տարածաշրջանում, բնականաբար, առաջ մղելով սեփական շահերը: Այդ շահերը հատկապես հիմա բազմանիստ են դառնում, որովհետև առկա է իրանական խնդիրը, որն ամեն րոպե կարող է ճակատագրական ընթացք ունենալ, կարող է անգամ վտանգ սպառնալ աշխարհակարգին:

Հայաստանի հանդեպ Պուտինն ունենալու է այն վերաբերմունքը, ինչն ուներ իր նախագահության, ապա վարչապետության շրջանում: Միայն այստեղ կարող է մեկ այլ զարգացում արձանագրվել: Մեդվեդևը վարում էր ընդգծված պրոադրբեջանական քաղաքականություն` սիրաշահելով ալիևյան կլանին ու հենց Ալիևին, որը մի կողմից մղվելով դեպի Իսրայել ու Թուրքիա, մյուս կողմից չէր կամենում հեռանալ Ռուսաստանից: Սա ադրբեջանական դիվանագիտության լավագույն արտահայտությունն էր: Նախագահ Սերժ Սարգսյանն աստիճանաբար հեռացավ կոմպլիմենտարիզմից և արտաքին քաղաքականության շառավիղն առավելագույնս ուղղորդեց դեպի Արևմուտք` այսպիսով ճանապարհ բացելով դեպի եվրաինտեգրում: Հենց սա կարող է անհանգստացնել Պուտինին և ստիպել ջանքեր գործադրել` Հայաստանին դեպի իրեն վերադարձնելու համար: Սակայն արդեն իսկ ուրվագծվող նոր խորհրդարանի պատկերը հուշում է, որ ԱԺ-ում իշխող դիրք են ունենալու ազգային և արևմտյան կողմնորոշումները գերակա համարող ուժերը: Այս դեպքում արդեն ոչ թե Հայաստանն է ջանք գործադրելու Ռուսաստանում փնտրելու իր շահերը, այլ Ռուսաստանն է մտահոգվելու, որպեսզի պահպանվեն հարաբերությունները…

Ոմանց այն պնդումները, թե Պուտինի վերադարձով առավել իրական կդառնա Ռոբերտ Քոչարյանի հայտնությունը բուռն քաղաքական գործունեության մեջ` իրատեսական չէ: Իրատեսական չէ այն առումով, որ Պուտինը չի կարող փոխել հայաստանյան տրամադրությունները և թելադրել իր կամքը: Ռուսաստանն, իհարկե, կարող է «ականներ տեղադրել» Հայաստանում, ինչպես վարվել է հետխորհրդային մի շարք երկրներում: Սակայն Հայաստանում դրա համար «բարենպաստ» պայմաններ չկան:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ