«Փոքրիկ ողբերգություններ» շարքից


 

Մարտի 1-ին Մասիսի Նոր Խարբերդ ավանում տեղի ունեցածը, և մանավանդ, դրան հաջորդած զարգացումները ցնցել էին հարևանությամբ բնակվողներին:

Այդ օրը, կեսօրին մոտ, 40-ամյա կինը հարազատներին տեղեկացրել էր, որ իր 49-ամյա ամուսինը` Տիգրանը, տանը հանկարծամահ է եղել:

Մարտի 2-ին, դիահերձման ժամանակ, դատաբժիշկը դիակի պարանոցին կասկածելի հետքեր էր հայտնաբերել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ կինը ստիպված էր խոստովանել, որ այդ օրն առավոտյան ամուսնուն հայտնաբերել էր տանը կից անասնագոմում առաստաղից հաղորդալարով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած վիճակում:

Կինը իրավապահներին նաև հայտնել է, որ ամաչելով կատարվածից և այդ առթիվ տարաբնույթ խոսակցություններից` թաքցրել է ամուսնու ինքնասպան լինելու փաստը:

Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում, երիտասարդ մարդն ի՞նչ հոգեվիճակում է եղել, ինչո՞ւ է ընտրել կյանքին վերջ տալու այդ եղանակը, ո՞վ է նրան դրդել ինքնասպանության, և արդյո՞ք անկեղծ ու համոզիչ է կնոջ խոստովանությունը:

Այս հարցերի պատասխանը կտա ընթացող նախաքննությունը, որի արդյունքների մասին առաջիկայում կտեղեկացնենք ընթերցողներին: