Միշտ ժպտացեք ու ժպիտ պարգևեք, սիրելի´ կանայք 


 

Նշանավոր ալպինիստը որոշում է մարտի 8-ին մի նոր բարձունք հաղթահարել` որպես տոնական նվեր կնոջը: Բայց երբ հասնում է լեռնագագաթ` կինն արդեն այնտեղ էր:

Նա մի քանի ժամ առաջ էր տեղ հասել` ամուսնուն առաջինը շնորհավորելու:

***

- Թանկագինս, քեզ ի՞նչ նվիրեմ մարտի 8-ին,- հարցնում է ամուսինը:

- Օ˜, ես դեռ չեմ մտածել,- հուզված սեթևեթում է կինը:

- Մի հուզվիր, ես մեկ տարի կսպասեմ:

***

Հանդիպում են երկու ընկերուհի:

- Ինչո՞ւ ես այդքան չարացած,- հարցնում է մեկը:

- Պատկերացնո՞ւմ ես, վաղը մարտի 8-ն է, իսկ երեկ ամուսինս լքեց ինձ: Այսօր աշխատավարձ չեն տվել, պարգևավճարից են զրկել: Էս ամենը քիչ էր` երեկոյան էլ մի շուն հարձակվեց: Փախա-մտա մի մութ մուտք: Էնտեղ էլ մի տղամարդ ինձ քարշ տալով սեղմեց պատին: Մտածեցի` երկրպագո՞ւ է…

- Ե՞վ…

- Ի՞նչ «և»: Էդ սրիկան ժպտաց ու ականջիս շշնջաց` «Ես ձեր թեկնածուն եմ. պիտի իմ օգտին քվեարկես»:

***

Մարտի 8-ին ամուսիններից դժգոհ երեք ընկերուհի որոշում են իրար հետ նշել տոնը: Ոչ մի սրճարանում, բարում ու ռեստորանում ազատ տեղ չգտնելով, նրանք գնում են գերեզմանատուն, ու իրենց հետ տարած կոնյակով մի լավ հարբում են: Ուշ երեկոյան շիրիմներից հավաքում են ծաղիկներն ու տուն գնում:

Առավոտյան նրանց ամուսինները պատմում են միմյանց.

- Կինս սիրեկան ունի. երեկ երեկոյան ռեստորան էր հրավիրել, մի լա˜վ հարբեցրել ու մի գեղեցիկ ծաղկեփունջ էր նվիրել:

- Իմ կնոջն էլ էին ծաղիկներ նվիրել, բայց նվիրողը կամ աղքատ է, կամ` անճաշակ. խղճուկ փունջ էր, մի քիչ էլ` թոռոմած:

- Իսկ իմ կնոջը ծաղկեպսակ էին նվիրել, վրան գրած` «Գործընկերների կողմից»:

***

- Ա˜խ, ի˜նչ հրաշալի երազ եմ տեսել: Ինչ-որ մեկը Մարտի 8-ի առթիվ ինձ ադամանդյա մատանի էր նվիրել: Չգիտե՞ս, թե դա ինչ է նշանակում,- առավոտյան ամուսնուն ասում է կինը:

Ամուսինը համբուրում է նրան, շնորհավորում և ասում է.

- Սպասիր` երեկոյան կիմանաս:

Երեկոյան նա մի գեղեցիկ տուփ է նվիրում կնոջը: Կինն անհամբեր բացում է տուփը և տեսնում մի Երազահան: