Զինվորից` շեյխ 


 

33 տարի առաջ Աֆղանստանում կորած խորհրդային զինվորին ողջ և առողջ գտել են Գերատ գավառում, որտեղ և ապրել է 1980 թվականից ի վեր:

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքի բնակիչ Բահրեդտին Հակիմովը հիմա Շեյխ Աբդուլա է դարձել:

Խորհրդային զորքերի կազմում ծառայելով աֆղանական Գերատ քաղաքի մերձակայքում, 1980 թ. Հակիմովը ծանր վիրավորվել է: Տեղի բնակիչները խնամել են նրան, իսկ հետո նրա խնամքը ստանձնել է տոհմապետը, ով կարողանում էր բուժել խոտաբույսերով: Այդ հմտություններին հիմա տիրապետում է Աբդուլա Շեյխը (հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

Հակիմովն ամուսնացած է եղել, սակայն կինը վախճանվել է` ժառանգներ չթողնելով: Նախկին զինծառայողը հիմա կիսաքոչվոր կյանք է վարում: Նա փաստաթղթեր չունի և դժվարությամբ է հասկանում ռուսերեն: Սակայն իրեն գտած ԱՊՀ ներկայացուցիչներին մի կերպ խոստովանել է, որ շատ կցանկանար հանդիպել հարազատներին` եթե նրանք կամենան:

Աֆղանստանում անհետ կորած խորհրդային 264 զինվորների կեսը ՌԴ քաղաքացիներ են: Նրանց որոնողական աշխատանքներով զբաղվող կոմիտեին հաջողվել է կենդանի գտնել 29-ին. 22-ը վերադարձել են հայրենիք, 7-ը նախընտրել են մնալ Աֆղանստանում: Արտաշիրիմում կատարելով` հայտնաբերվել է հուղարկավորված 15 զինծառայողների աճյունները, որոնցից 5-ը տեղափոխվել է Ռուսաստան:

Փաստորեն` դեռևս խորհրդային տարիներից սովետական քաղաքացիները ձգտել են արտասահման մեկնել: Այս զինվորների պարագայում` նույնիսկ պատերազմող Աֆղանստանը նախընտրելի է եղել իրենց հայրենիքից...