Ո՞վ կվարձակալի բուրգերը


 

Ծայրահեղ վիճակում հայտնված եգիպտական տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու նպատակով իշխանությունները որոշել են վարձակալության տալ երկրի խորհրդանիշ բուրգերն ու ճարտարապետական մյուս հուշարձանները (տեղեկացրել է «Ալ Արաբիա»-ն): Այսինքն` լեգենդար Սֆինքը, Գիզայի բուրգերը, Լուքսորի և Կարնակեի ճարտարապետական համալիրները, Աբու-Սիմբելում գտնվող Ռամզես 2-րդ փարավոնի տաճարը ժամանակավորապես կդադարեն Եգիպտոսի սեփականությունը լինել: Տնտեսագետներն էլ հաշվարկել են, որ այդ կերպ իշխանությունները կարող են 200 միլիարդ դոլար վաստակել:

Հին Եգիպտոսի բուրգերն 3-5 տարով արտասահմանյան խոշորագույն կազմակերպություններին տրամադրելով, իշխանությունները ծրագրում են մի քանի հարյուր միլիարդ ձեռք բերել: Շատերին զարմացրել է, որ իշխանավորների մեծ մասը դրական է վերաբերվում այդ ծրագրին: Այդ առնչությամբ վճռորոշ կլինի Հնությունների գործերով բարձրագույն խորհրդի կարծիքը (տեղեկացրել է «Վեստին»):

Որոշումը կարծես թե վերջնական է, սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, թե զբոսաշրջային ընկերություններն ինչպես են տնօրինելու այդ բուրգերը: Արդյո՞ք միայն էքսկուրսիայի տոմսեր վաճառելով և ոչ թե դրանցում խնջույքներ կազմակերպելով ու հյուրանոցային կառույցներ ստեղծելով: