Առաքինության  ուխտին անդրուժ 


 

Արթուր ՄԵՍՉՅԱՆԸ միանգամից ու յուրովի մտավ մեր երաժշտական իրականություն, մեր գիտակցության մեջ: Հեռավոր 60-ականներին, երբ իրական ու ճշմարիտ զարթոնք էր ապրում երկիրը, Արթուրը եկավ որպես հայտնություն, բերեց երգի մի նոր տեսակ` ընդվզող, միաժամանակ` զգացմունքային ու տաք: Ժամանակի համար նորություն էր այն կերպարը, որը հաստատվեց ու ձևավորվեց` մեզ նույնպես կապելով արևմտյան երգարվեստի նոր ոճին:

Աշխարհում սկսվել էր «Բիթլզների» ժամանակաշրջանը, շատերի սրտերն էին գերում լիվերպուլցի երիտասարդները, ովքեր իսկական հեղափոխություն բերեցին փոփ երաժշտության ասպարեզում: Հայաստանում էլ ծնունդ առավ Արթուր Մեսչյանի ժամանակը, որի սկիզբը դրվեց «Ո՞ւր էիր Աստված» երգով: Սա նորություն էր, սա ավերում էր ժամանակակից երգի մասին պատկերացումները, ստեղծում բալլադային մոտեցումներ: Հայաստանում մի ողջ սերունդ փոթորկվեց, մի ողջ սերունդ հասկացավ, որ երգը նաև դառնում է ուրույն բողոքի արտահայտություն, մարդու և աշխարհի միջև ձևավորված հակասությունների դրսևորում: Այս երգին հաջորդեցին նորերը:

Շուտով նաև ձևավորվեց «Առաքյալներ» նվագերգական համույթը, որը գործեց որպես պոլիտեխնիկական ինստիտուտի երիտասարդական կոլեկտիվ: «Առաքյալներ» անունը հիմնովին արդարացնում էր գեղարվեստական այն նպատակադրումները, որոնք ընկած էին Արթուր Մեսչյանի և նրա ընկերների ստեղծած երաժշտության հիմքում: Արդեն 1970-ականներին «Առաքյալները» մեծ ընդունելության արժանացավ, երիտասարդությունը սկսեց ապրել այն բռնկումներն ու պոռթկումները, որոնք հաստատում էին երևանյան այս երիտասարդները, որոնք, իհարկե, չկարողացան հասնել լիվերպուլյան պատանիներին, որովհետև այլ էին պայմանները: Խորհրդային գրաքննությունը մահակի նման կախված էր արվեստում նոր դրսևորումների վրա, ամեն մի ընդվզում դիտվում էր որպես իշխանություններին վարկաբեկող իրողություն: Արգելեցին, փորձեցին ճզմել «Առաքյալների» ելույթները, սակայն անհնար էր մարդկանց գիտակցությունից հանել Արթուր Մեսչյանի անունը:

Առաջիններից մեկը` «Ավանգարդ» թերթը գրեց Արթուր Մեսչյանի մասին: Կոմերիտմիության կենտկոմում միտումնաբար լռեցին` կարծես չտեսնելու տալով: Այստեղ գիտեին, որ Արթուր Մեսչյանը դարձել է երիտասարդների սրտերի տիրակալը, իրենով ձևավորել մի ողջ գեղարվեստական մթնոլորտ: Մի քանի տարի շարունակ տարբեր բեմերից հնչեցին Արթուր Մեսչյանի երգերը, որոնք նաև դարձան երիտասարդական հավաքների յուրօրինակ խորհրդանիշերը:

Ինքը` երգիչ-երգաստեղծը, մասնագիտությամբ ճարտարապետ է, ուստի երգը նրա համար ինքնարտահայտման միջոց ու կերպ էր, իսկ գլխավոր զբաղմունքը ճարտարապետական նախագծերի ստեղծումն էր: Հրաշալի գիտենալով մեր ժողովրդի պատմությունը, Արթուր Մեսչյանը հայացք հառեց ազգային դասական ճարտարապետությանը, վերականգնեց շատ ավանդույթներ: Նրա համար ճարտարապետությունը նույնպես երգ էր, հոգու ստեղծագործություն:

Բայց եկավ ժամանակ, երբ նա հեռացավ Հայաստանից: Նրան շատերն այլախոհ էին կարծում, չնայած ճշմարիտ զգացողություններ արտահայտելը բնավ էլ այլախոհություն չէր: Այդպես էին որակում բոլոր նրանց, ովքեր գնում էին դեպի ազատությունը, ովքեր փորձում էին ընդլայնել անհատի հուզաշխարհը, այնտեղից դուրս բերել այն անհանգիստ-պրկուն տրամադրությունները, որոնք դարի ծնունդն էին: Անհանգիստ ու տագնապներով լի դարի, ատոմային ռումբ փորձարկած դարի...…

Արթուր Մեսչյանը հայտնվեց Լոս-Անջելեսում, ուր արդեն նա ունեցավ մեծ հաջողություններ: Նրա ստեղծած նոր նվագերգական համույթը թողարկեց չորս սկավառակ, համերգներ տեղի ունեցան ամերիկյան բազմաթիվ քաղաքներում: Հետո` նորից Հայաստան: Հայ մարդն ուր էլ գնա` վերադառնում է իր ակունքներին, իր սկզբին: Արթուր Մեսչյանն էլ վերադարձավ և ձեռնամուխ եղավ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր շենքի նախագծմանը: Սա հոյաշեն մի կառույց է, որը հիշեցնում է մեր միջնադարյան վանքերը, տանում դեպի Նարեկացու և Շնորհալու աշխարհ, դեպի մագաղաթների մեջ պահված խոսուն լռություն: Այս կառույցը կարծես մեսչյանական երգի շարունակությունն էր` բազմաշերտ ու բազմաստեղն...… Ճարտարապետը արժանացավ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, սակայն մեծագույն պարգևն ինքն իրեն էր արել` ստեղծելով նոր երգաշարեր, Մատենադարանի շենքը դարձնելով մեր գոյության ճանապարհին ստեղծված մեծագույն գեղարվեստական հանգրվաններից մեկը:

Արթուր Մեսչյանի կենսագրությունը տեղադրված է համացանցում: Դա մանրամասն շարադրանք է, որը ներկայացնում է նրա գործունեության ամեն մի շրջանն ու ոլորտը: Սակայն Արթուր Մեսչյանի անձը կաղապարներ չի ընդունում, չի հաշտվում սոսկ պաշտոնական թվարկումների հետ: Ազատ երգը ազատ թռիչք ու ազատ սավառնում է պահանջում: Առանձնակի վերաբերմունք է պահանջում:…

Հոդվածը տպագրելուց առաջ զանգահարեցի իրեն, հիշեցրեցի, որ հատկապես երիտասարդական «Ավանգարդն» է առաջինն անդրադարձել նրա համերգներին, առաջին հարցազրույցը տպագրել:

- «Ավանգարդն» իսկապես ավանգարդում էր` միշտ առաջինն ու համարձակը: Շատ բան արգելվում էր, իսկ ահա «Ավանգարդը չէր վախենում: Շնորհակալ եմ... Խորապես զգացված: Միշտ հիշում եմ:

Իսկ մենք շնորհակալ ենք նրան` առաքինության ուխտը երբևէ չդրժելու համար: