ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ


 

Արցախյան շարժման 25-րդ տարեդարձին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարտավարության լսարանն անվանակոչվեց եզդիների ազգային հերոս Ջհանգիր Աղայի անունով: Միջոցառումն ուշարժան էր իր խորհրդանշականությամբ: Այն ևս մեկ առհավատչյա էր հայ և եզդի ժողովուրդների անխախտ բարեկամության: Սա նաև ժամանակակից հայ սերնդին նախնյաց, հայրենասիրական ոգով դաստիարակելու միջոց է:

Պատահական չէր, որ նույն լսարանում բացվեց Ջհանգիր Աղայի պնձաձույլ կիսանդրին, որի հեղինակը հայ շնորհալի քանդակագործ Յուրի Մինասյանն է, հովանավորը` Ջնդի Ամարյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Նարինե Գուլյանը, ՀՀ ազգային փոքրամասնությունների և կրոնի վարչության պետ Վարդան Ասծատրյանը, ռեֆերենտներ Շուշան Սարատիկյանը, Բաքր Սադունյանը, լրագրողներ, զինվորականներ, մտավորականներ, հոգևորականներ, ազատամարտիկներ:

Բացման հանդիսավոր արարողության ավարտից հետո նախարար Ս. Օհանյանն ընդգծեց, որ հերոսի աննկուն կյանքը ոգևորել է նաև ՀՀ-ի եզդի երիտասարդներին, որոնցից 36-ն Արցախյան հերոսամարտերում իրենց կյանքը զոհաբերեցին, նրանցից երեքը` Իսմայիլ Շարոյանը, Գագիկ Հաջոյանը և  Թեմուր Զեյդինովը հանգչում են Եռաբլուրում` իրենց հայ հերոս ընկերների կողքին:

Շեշտելով, որ եզդիների ավանդը Հայաստանի առաջին և երրորդ հանրապետության կայացման գործում մեծ է եղել, Սեյրան Օհանյանը կարևորեց հայ և եզդի ժողովուրդ ների բարեկամությունը: Պատմությունը վկայում է, որ եզդիները  դժվար պահերին հայերի կողքին են կանգնել և սատարել:

ՈՐԱՎԱՐ Անդրանիկի և Ջհանգիր Աղայի առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեռ 1904 թվականին Վանի նահանգի Հազարան գյուղում, և մինչև իրենց կյանքի ավարտը նրանք մնացել են հավատարիմ ընկերներ: Անդրանիկը քավորն է եղել Ջհանգիր Աղայի հարսանիքի: Վերջինս էլ ետ չի մնացել իր զինակից ընկերոջից` հայրենասեր ընկերներով եզդիական առաջին ջոկատն է ստեղծել և 1904 թվականից Անդրանիկի հետ թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր են մղել Սասունում, Տարոնում և Վասպուրակա նում:

Նշենք, որ Ջհանգիր Աղան մասնակցել է Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերին եզդիներից կազմված 1500 հեծյալ ջոկատով: Նրա սխրանքների շնորհիվ կասեցվել է թուրք հրոսակների առաջխաղացումը Սարդարապատից դեպի Երևան: 1969 թվականին Հ. Գ. Թուրշյանը «Սարդարապատի հերոսամարտը» (էջ 138) գրքում գրել է. «1918 թվականին Մոլայաբայազետ գյուղի մոտ առաջինը մարտի է դուրս եկել աշխարհազորայինների և Ջհանգիր Աղայի գլխավորած եզդիների ջոկատը»:

Ծատուր Աղայանը նույնպես անդրադարձել է հերոսին. «Արագածի լանջերին ապրող` Վանի վիլայեթից այստեղ գաղթած Ջհանգիր Աղայի եզդի զինվորները, Կարսից եկած և տեղացի եզդիները միավորվեցին հայերի հետ: Ճեմարանավարտ Ուսուբ բեյի գլխավորությամբ արագորեն կազմակերպվել է բավականին լավ զինված մի ջոկատ: Աղայի մարտական խումբը, որ կազմված էր 1500 հեծյալներից, ակտիվորեն մասնակցել է Բաշ-Ապարանի մարտերին: Համալրելով իր գունդը, 300 հեծյալներով Եղվարդից Բաշ-Ապարան եկավ գնդապետ Զալինյանը»:

Հայոց սպարապետ, հայտնի զորավար, 1877-78 թվականներին ռուս-թուրքական և 1904-05 թվականներին ռուս-ճապոնական պատերազմներին խիզախությամբ փայլող, Ղարաքիլիսայի, Դիլմայի ճակատամարտերում ռազմական ճկունություն ցուցադրած, հաղթանակներ ձեռք բերած գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը ճակատամարտից հետո Ջհանգիր Աղայի մասին ասել է. «Նրա անունը պարտադիր պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև հայ նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»:

Հայ ժողովուրդը մեծարում է իր լավագույն բարեկամին, ինչի վկայությունը 2004 թվականի հուլիսի 29-ին, Երևանի Նոր Նորք համայնքի Նանսենի անվան զբոսայգում նրա հուշարձանի բացումն էր: Հայ ժողովրդի մեծ բարեկամի կիսանդրին տուֆ քարից կերտել են նաև Արտիկ և Անդրանիկ Քոչարյան եղբայրները: Հայ-եզդիական բարեկամությունը երկար ճանապարհ է անցել, այն ուսուցողական է բոլոր ազգերի համար, քանի որ ցեղասպանություն տեսած ժողովուրդն Արևելյան Հայաստանում սիրով ու նվիրումով սատարեց եզդի ժողովրդին, որպես նույն ճակատագրի արժանացած ազգի:

Խնկելի է հիշատակը բոլոր հերոս զինվորների, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին` հանուն այսօրվա խաղաղ ու ապահով կյանքի:

Օ. ՄԱԴԱԹՅԱՆ

(Քանդակագործ Յուրի Մինասյանը ծնվել է 1942 թվականին Թբիլիսիում: 1959-1963 թվականներին ուսանել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում: Յուրի Մինասյանի հայտնի գործերից են Մհեր Մկրտչյանին նվիրված հուշարձանը Գյումրիում, հուշարձաններ Մոսկվայի աստղացուցարանում, Ուջանում, Արագածում, Դոխսում, Երևանի Մարգարյանի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախասրահում: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների: Նրա աշխատանքները ցուցադրվել են Մինսկում, Մոսկվայում, Կրասնոդարում, Գերմանիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում: Ջհանգիր Աղայի պնձաձույլ կիսանդրին քանդակագործի լավագույն աշխատանքներից մեկն է):